22 de nov de 2022

Հայաստանի Կոմունիստական Կուսակցության հայտարարությունը

"...հայկական հողի համար, հայ զինվորից բացի, թափվել է միայն ռուս զինվորի արյունը"։

Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է ծանր սոցիալ-քաղաքական ճգնաժամի մեջ։ Հիմա մեր հետ տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ 1920թ․։ Կրկին ԱՄՆ-ն ու արևմուտքը հայ ժողովրդին օգտագործում են որպես մանրադրամ, իրենց շահերին ծառայեցնելու համար։ Գեղեցիկ հայտարարություններով ու խոստումներով մանիպուլացնում են մեր ժողովրդին՝ գեներացնելով հակառուսական տրամադրություններ։

ԱՄՆ-ն ու կոլեկտիվ արևմուտքը փորձում են Հայաստանում իրագործել ուկրաինական սցենարը, մեր ժողովրդին կրկին միայնակ թողնելով Թուրքիայի հետ դեմ հանդիման։ Չկա կովկասյան, ասիական, մերձավորարևելյան մի երկիր, որտեղ մուտք է գործել ՆԱՏՕ-ն և այնտեղ հաստատվել է խաղաղություն։

Մեր միակ իրական և պատմական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որքան էլ այսօր շատերը փորձում են հակառակը ներկայացնել։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ մնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին՝ հավատարիմ է մնում իր ապագային։

Մենք խորապես շնորհակալ ենք բոլոր այն պետություններին, ովքեր փորձում են օգտակար լինել հայ ազգին, բայց պետք է հստակորեն արձանագրենք, որ հայկական հողի համար, հայ զինվորից բացի, թափվել է միայն ռուս զինվորի արյունը։ Արևելյան Հայաստանն այսօր գոյություն ունի ի շնորհիվ Ռուսաստանի։

Բոլոր այն մոլորյալներն, ովքեր այսօր պնդում են, որ ՀԱՊԿ-ին հարկավոր է փոխարինել ՆԱՏՕ-ով՝ տառապում են պատմական կարճատեսությամբ։ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկայացված է ի դեմս Թուրքիայի։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, հանդիսանալով հայ-ռուսական բարեկամության հիմնասյուներից մեկը՝ վճռականորեն հայտարարում է, որ ինչպես միշտ, այնպես էլ հիմա, հավատարիմ է մնալու հայ-ռուսական դարավոր բարեկամությանն ու եղբայրությանը։

ՀԿԿ Կենտկոմ

ք․ Երևան, 22 Նոյեմբեր 2022