28 de nov de 2020

Նամակ Արժանթինահայ Մշակութային Միութեան Խորհրդային Հայաստանի 100 ամեակի կապակցությամբ

Մեծ ուրախութեամբ ստացանք Հայաստանէն հետեւեալ նամակը, Սփյուռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախկին փոխնախագահ՝ ընկ. Ռոմեն Կոզմոյանի կողմէ:

Արգենտինահայ մշակութային միության բարեկամներ,

Ահա եկավ այն օրը, երբ ես Ձեզ կարող եմ դիմել ոչ միայն որպես գաղափարակից, այլև ավագ ընկեր։

Սիրելիներ, ճիշտ հարյուր տարի առաջ մեր տառապյալ Հայրենիքը երկունքի ցավերի մեջ էր, ինչպես կասեր Նաիրի Զարյանը «կանգնած էր նա՝ իմ ժողովուրդը մութ վիհի եզերքին, իր հանճարի հազարամյա մարգարիտները ձեռքին…»

Հարյուր տարի առաջ էր, որ մեր երկիրը հառնեց մոխիրներից և անասելի առասպելական դժվարությունների գնով կայացավ, որպես պետություն, ունեցավ դրոշ, զինանշան, օրհներգ ու ապահովություն։ Մեր երկրի դարավոր պատմության նոր էջեր սկսեցին գրվել 70 տարի շարունակ, Հայաստանը դարձավ Սովետական մեծ ու հզոր երկրի գոհարներից մեկը։

Ճեղքվեցին լեռներ, երկաթուղիներն ու մայրուղիները ցանց կազմած սնեցին գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, իսկ ուսումը, գիտությունը և արվեստը դարձան Հայաստանի մակնիշ։ Գտեք աշխարհի քարտեզի վրա այնպիսի մի փոքր երկիր, ուր պատրաստվել են մոտ 50-ի հասնող տիեզերագնացներ, ուր իրագործվել են տիեզերագիտության հանճարեղ գաղափարներ։

Բարեկամներ, մեր երկիրը 70 տարի ապրել է իր ոսկեդարը, որին ժողովուրդը հասել է մեծագույն զոհաբերություններով, հատկապես մարդկային կորուստներով, որոնք հիմնականում, եղել են գաղափարախոսության որոշ շեղումների հետևանքով։

Եկեք այսօր շնորհավորենք Սովետական Հայաստանի ծննդյան հարյուրամյակը, բարի խոսքով հիշենք այն կերտողներին։

Շնորհավորում եմ բոլորիդ, սեղմում Ձեր ազնիվ ձեռքը, ապրում այն հույսով, որ նորից կհանդիպենք Հայաստանում, նույն ոգևորությամբ ու կարոտով, ինչպես անցյալում։

Ինձ են միանում Ձեր գործունեության արգասիք՝ «Գայանե»ի բազմահազար երկրպագուները՝ Երևանում, Վանաձորում (Թեժ Լեռ) Ստեփանավանում, Վայոց Ձորում։

Սիրով՝

Ռոմեն Կոզմոյան

28.11.2020.