20 de ene de 2023

Լիբերալների ծուղակը վարչական տարածքային բաժանման ռեֆորմի մեջ

Հայաստանի իշխանավորները՝ Լևոն Տեր Պետրոսյանից մինչև հայատյաց Փաշինյան, հնազանդորեն հետևում են Արևմուտքի խորհուրդներին:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ

90-ականների սկզբին, երբ դնում էին կապիտալիստական Հայաստանի հիմքերը, կառավարող շրջանակները բավականին տարօրինակ որոշումներ էին կայացնում, որոնց իմաստը սկսում է պարզ դառնալ տարիներ անց: Նման տարօրինակ որոշումներից մեկը վարչատարածքային փոփոխությունն էր:

1995թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց "ՀՀ վարչատարածքային բաժանման մասին " օրենքը, որի համաձայն հանրապետության 37 վարչական շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր' Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Տավուշի: Մարզի կարգավիճակ ստացավ նաեւ մայրաքաղաք Երևանը:

Երկրի վարչատարածքային բաժանման փոփոխության հիմնական պատճառը կամ նպատակը, ինչպես դա բացատրվում էր իշխանությունների կողմից, եղել է տարածքային կառավարման համակարգի բարելավումը ու տեղական ինքնակառավարման զարգացումը:

Այսինքն ՝ հակակոմունիստական իշխանությունը Հայաստանում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պնդում էր, որ կոմունիստների կառուցած վարչատարածքային բաժանումը՝ 37 շրջաններով, վատն է, ուստի պետք է այն փոխարինել: Բայց անհասկանալի է, թե ինչու՞ հայ լիբերալները հրաժարվեցին ինչ-որ նոր վարչատարածքային բաժանում ստեղծել եւ դրա փոխարեն որոշեցին պատճենել 20-ական թվականներին նույն կոմունիստների ստեղծած վարչատարածքային բաժանմումը՝ 8 շրջաններով, արհեստականորեն դրանց թիվը հասցնելով 11 մարզերի:

Սա նշանակում է, որ երկրի վարչական տարածքային բաժանման հարցը ներառում է քաղաքական և տնտեսական գործոններ: Հայաստանում իշխող լիբերալ ուժերը 90-ականներին երկիրը հանձնեցին Արևմուտքին, վարկերի դիմաց Երևանը համաձայնեց ընդունել Արևմուտքի պայմանները։ Արևմուտքն իր խորհրդականների և ֆինանսական ինստիտուտների միջոցով Հայաստանին առաջարկում էր կապիտալիստական աշխարհին ինտեգրվելու ճանապարհ՝ ապաինդուստրիացման տեսքով։ Դա նշանակում էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է այնպես անեին, որ փակեին բոլոր արդյունաբերական գործարանները, ինչը, ի վերջո, բնակչության մեծամասնությանը կբերի զանգվածային արտագաղթի։

Հետևաբար, խորհրդային վարչատարածքային բաժանումը 37 շրջաններով չէր համապատասխանում այդ ծրագրերին, քանի որ խորհրդային տնտեսությունն ուղղված էր զարգացմանը, այլ ոչ թե դեգրադացիայի: Սոցիալիստական Հայաստանի բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնի: Երբ Հայաստանը նոր էր սկսում իր սոցիալիստական զարգացման ուղին եւ բնակչությունը կազմում էր մոտավորապես 870 հազար, 8 մարզերը համապատասխանում էին այդ քաղաքական-տնտեսական պայմաններին:

Հայաստանի լիբերալները որոշեցին ընդունել 1926 թվականի Հայաստանի Խորհրդային վարչատարածքային բաժանումը, փոքր փոփոխություններով, որովհետեւ դա համապատասխանում էր այն ծրագրային նպատակներին, որոնք թելադրում էր Արեւմուտքը, Հայաստանի բնակչությունը դարձնել 1 միլիոն:

Հայաստանի իշխանավորները՝ Լևոն Տեր Պետրոսյանից մինչև հայատյաց Փաշինյան, հնազանդորեն հետևում են Արևմուտքի խորհուրդներին: Ազատականացման, օպտիմիզացման և այլ կարգախոսների ներքո Հայաստանի իշխանությունները նախկին շրջկենտրոնների բոլոր 37 քաղաքները վերածեցին "գյուղերի": Փակում են աշխատատեղերն ու մարդիկ ստիպված արտագաղթում են: Հայաստանում համատարած դեգրադացիայի գործընթացը շարունակվում է, հետաքրքիր է մինչև երբ: