top of page

Գարեգին Նժդեհ. Առասպել և իրականություն - մաս 5

Հետազոտող և պատմաբան Աշոտ Աբգարյանը կարևոր աշխատանք կատարեց քաղաքական և զինվորական գործիչի կյանքի և գործունեության մասին, որու վիճելի գործողությունները նրան դարձնում են սիրված կամ ատելի հայության համար: Նա կռվել է թուրքերի դեմ, բայց նաև դիմել է նրանց "բարեկամության ու եղբայրության" կոչով, ընդդեմ բոլշևիկների: Նա կռվել է խորհրդային իշխանության դեմ, բայց ձերբակալվելուց հետո անդադար հավաստիացնում էր խորհուրդների և անձամբ "մեծ Ստալինի" նկատմամբ իր "անկեղծ բարեկամության" մասին: Եղել է դաշնակցության անդամ, որի հետ գժտվելուց հետո այսպես գրեց. "Հիմա արդեն Դաշնակցությունը մեռնող երևույթ է... Նա պետք է չքվի": Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայության անցավ հիտլերյան նացիստների մոտ: Հետագայում ձերբակալվել է, իր ծառայություններն է առաջարկել նաև խորհրդային պետանվտանգության մարմիններին: Հատուկ հանձնաժողովի կողմից դատապարտվել է Զանգեզուրում հակախորհրդային գործունեության և գերմանական նացիստներին ծառայելու մեղադրանքով:

Աշոտ Աբգարյան, Հայաստան


Կալանավոր Հովհաննես Դևեջյանի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք), 28 օգոստոս 1947թ թիվ 6. (33)

ՔՆՆԻՉ - Ի՞նչ է ձեզ հայտնի Նժդեհի՝ Գարեգին Տեր-Հարությունյանի մասին:


ԴԵՎԵՋՅԱՆ - Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը 60-ից անց է, ծնվել է Նախիջևանի ԻՍՍՀ-ի գյուղերից մեկում, հին դաշնակցական է, Բալկանյան պատերազմի ժամանակ՝ 1912– 1913թթ հայտնի խմբապետ Անդրանիկի հետ միասին կամավորական ջոկատ է գլխավորել, որը կռվել է թուրքերի դեմ: Առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասում ակտիվորեն մասնակցել է կամավորական ջոկատների ձևավորման գործին, թուրքերի դեմ կռվելու համար: Հայաստանում դաշնակցության իշխանության ժամանակ ուղարկվել է Զանգեզուր, տեղի ադրբեջանցիներին զսպելու և ապա կարմիր բանակի դեմ կռվելու համար, այստեղ նա իրեն սպարապետ հռչակեց: Զանգեզուրում կառավարություն ձևավորվեց, Նժդեհը դարձավ վարչապետ ինչպես նաև զինված ուժերի նախարար և արտաքին գործոց նախարար: Այդ կառավարության մեջ ես նշանակվել եմ լուսավորության և արդարադատության նախարար: Նժդեհը Զանգեզուրում գազանաբար սպանել էր կոմունիստներին, նրանց Տաթևի ժայռից կենդանի նետելով անդունդը: Այս մասին ես նախ տեղեկացա դաշնակցության ղեկավարներից, իսկ հետո Նժդեհը ինքն էլ ինձ հայտնեց դրա մասին, ասելով, թե վարվել է որպես պետական գործիչ, այլ ոչ որպես քրիստոնյա: Նժդեհի այս արարքը նույնիսկ քննարկվեց կուսակցական ատյանի կողմից, որը կայացել է Թավրիզում և որտեղ Նժդեհը մեղադրվում էր դաշնակցական զինվորական Ասլանյանի սպանության մեջ: Կուսակցական դատարանը Նժդեհին հեռացրեց կուսակցությունից: Թավրիզում Նժդեհը ապրում էր կիսագաղտնի, վախենում էր իր կողմից խաբված ժողովրդի դատաստանից: 1925-ին Նժդեհը վերականգնվեց կուսակցության մեջ... 1932-ին նա մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ դաշնակցության օգտին քարոզչություն անելու, միաժամանակ ստեղծել է այսպես կոչված «Ցեղակրոնների» խմբեր, որոնց մեջ մտնում էին երիտասարդ դաշնակցականները:


ՔՆՆԻՉ – Ի՞նչ եք հասկանում «Ցեղակրոն» ասելով:


ԴԵՎԵՋՅԱՆ - Ասել է թե՝ խոնարհվել ցեղին ու պահպանել նրա մաքրությունը, սա հավասարազոր է նացիզմ–հիտլերիզմին: Այսինքն, Նժդեհը իր «Ցեղակրոնով» ֆաշիզմ էր քարոզում հայ իրականության մեջ: 1936 թե 1937 թվին Նժդեհը երկրորդ անգամ հեռացվեց կուսակցությունից պառակտողական գործունեության համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհը ակտիվորեն համագործակցում էր գերմանացիների հետ: Նա ճառերով հաճախակի հանդես էր գալիս հայ ռազմագերիների առաջ, կոչ անելով զինված պայքար սկսել Խորհրդային Միության դեմ, ասելով, թե՝ «Գերմանիայի համար զոհվելը՝ նշանակում է զոհվել Հայաստանի համար»:


ՔՆՆԻՉ - Ասացեք, քանի՞ մարդ է սպանվել Տաթևի ժայռերից նրանց անդունդը նետելով:


ԴԵՎԵՋՅԱՆ - Սպանվածների ճշգրիտ թիվը ինձ հայտնի չէ, էսէռ Խոնդկարյան Արշամը Նժդեհի արարքից զայրացած, Թավրիզում ինձ հետ զրույցի ժամանակ ասաց. «Այդ սրիկան նույնիսկ կանանց չի խնայել»:


ՔՆՆԻՉ – Ինչպիսի՞ են եղել ձեր փոխհարաբերությունները Նժդեհի հետ:


ԴԵՎԵՋՅԱՆ – Ես նրա հետ երբեք մտերիմ չեմ եղել: Մեր փոխհարաբերությունները սկզբում նորմալ էին, ժամանակի հետ դրանք վատացան... Պատճառը, նախ, իմ ելույթն էր նրան կուսակցության մեջ վերականգնելու դեմ... հետո արդեն ես տեսա նրա խարդավանքները, չմտածված ու սադրիչ արարքները՝ օրինակ, 1931-32 թթ. նա մակեդոնացի ահաբեկիչների օգնությամբ ցանկանում էր ահաբեկչության ենթարկել մի քանի հակադաշնակցականների: Այդ ամենի պատճառով կուսակցության Կենտկոմի նիստերում ես հանդես էի գալիս նրա գործողությունների դեմ... Մեր հարաբերություններն այնքան էին վատացել, որ... մենք արդեն իրար հետ չէինք խոսում:


Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք) 2 սեպտեմբեր 1947թ թիվ 7. (34)


ՔՆՆԻՉ - Ձեր վերջնագրի մեջ Դուք գրել եք. «Թուրքերին և ռուսներին ես բավականությամբ եմ ոչնչացնում՝ ինչպես կռվի ժամանակ, այնպես էլ՝ կռվից դուրս»: Ասել եք. «Իմ վերաբերմունքը ռուս մարդու նկատմամբ ավելի մարդասիրական է եղել, քանզի չէի կարող տանել, որ կարմիրբանակայինի հետ անմարդկային վարվեն»: Ինչպես տեսնում եք, փաստաթղթերը վկայում են, որ Դուք անկեղծ չեք հետաքննության հետ: Հետաքննությունը պահանջում է, որ Դուք ճշմարտությունն ասեք Զանգեզուրում ձեր հրամանով կատարված սպանությունների մասին:


ՆԺԴԵՀ – Իմ բառերի հոգեբանությունը՝ «Թուրքերին և ռուսներին ես բավականությամբ եմ ոչնչացնում, ինչպես կռվի ժամանակ, այնպես էլ՝ կռվից դուրս», նրանում է, որ ցանկանալով կարմիր բանակի հետ ընդհարումներից խուսափել, փորձել եմ վախեցնելու միջոցով խուճապ առաջացնել Քուրդքենդ եկած դիվերսանտների մեջ, ես նրանց առաջարկել եմ հեռանալ:


ՔՆՆԻՉ – Իսկ քանի՞ մարդ է սպանվել ձեր հրամանով «կռվից դուրս»:


ՆԺԴԵՀ – Կռվից դուրս իմ հրամանով ոչ մի մարդ չի սպանվել:


ՔՆՆԻՉ – Ասացեք, ի՞նչ նպատակ է հետապնդել 1920-ի դեկտեմբերի 25-ին Տաթևում հրավիրված համազանգեզուրյան համագումարը, ի՞նչ որոշումներ են ընդունվել ևԴուք այնտեղ ի՞նչ դեր եք ունեցել:


ՆԺԴԵՀ – Այդ համագումարում ես որևէ դեր չեմ ունեցել, չնայած սպարապետ եմ ընտրվել: Համագումարը նպատակ է հետապնդել նորմալ վիճակ ստեղծել Զանգեզուրում և սպասել հարմար պահի Հայրենիք-Հայաստանին միանալու համար:


ՔՆՆԻՉ – Ո՞ր Հայաստանին պետք է միանար Զանգեզուրը:


ՆԺԴԵՀ – Խորհրդային Հայաստանին:


ՔՆՆԻՉ – Ոչ, դա այդպես չէ, համագումարի աշխատանքը ուղղված է եղել բացառապես խորհրդային իշխանության դեմ և նպատակ է ունեցել ուժեղացնել պայքարը կարմիր Հայաստանի դեմ:


ՆԺԴԵՀ – Ինքնավար կառավարության ամբողջ գործունեությունը մի նպատակ է ունեցել՝ որպեսզի հասկանան, թե ինչու է նա դեմ Զանգեզուրը Ադրբեջանին միացնելուն և որ ձգտում է միանալու իր հարազատ Խորհրդային Հայաստանին: Հենց դրա համար էլ բանակցություններ էր վարում Խորհրդային Հայաստանի կառավարության հետ:


ՔՆՆԻՉ - Դուք դա պնդու՞մ եք:


ՆԺԴԵՀ - Այո:


ՔՆՆԻՉ - Այդ դեպքում, ինչու՞ Դուք խռովություն բարձրացրիք և կռիվներ սկսեցիք կարմիր բանակի դեմ:


ՆԺԴԵՀ - Դաշնակների 1921-ի խռովությունը կազմակերպել էր Վրացյանի գլխավորած «Փրկության կոմիտեն»:


ՔՆՆԻՉ - Իսկ մի՞թե Դուք կապված չէիք և չէիք ենթարկվում «Փրկության կոմիտեին»:


ՆԺԴԵՀ - Ոչ, «Փրկության կոմիտեի» հետ ես որևէ առնչություն չեմ ունեցել: Վախեցած «հերոսը» այստեղ էլ է մոռացկոտ ձևանում, իսկ ժամանակին, այս դեպքերի մասին մեր անուղղելի պարծենկոտը գլուխն էր գովում. «Սյունիքը, թեև ինքը անհավասար կռվի մեջ, չէր կարող անտարբեր մնալ: Պետք էր աճապարել, պետք էր կանխել հայ մտավորականության «գլխովին ոչնչացումը» հետապնդող Աթարբեկյան կոչված հրեշին: Սյունիքը խորապես կգիտակցեր այն պատմական անելիքի մեծությունը, որ քաղաքական մոմենտը դրած էր իր առջև: Պետք էր աճապարել, պետք էր հետ մղել դեպի հայ մտավորականությունը երկարող մահաբեր բազուկը: Այդ նպատակով ահա՛ Երևանի համար դեպի Սյունիք փրկության մի դուռ բանալու նպատակով, իմ զորքերը գրավեցին Վայոց ձորը, իջան Նոր Բայազետ, իրենց վրա քաշեցին, զբաղեցրին բոլշևիկյան ուժերի մի մասը, և այսպիսով կարելիություն ընձեռեցին Երևանի ապստամբ ուժերին՝ բռնելու նահանջի ճամփան և քաշվելու Սյունիք (35):


Գործով վկա Արսեն Հոյլունցի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք )16 սեպտեմբերի 1947թ թիվ 8. (36)


ՔՆՆԻՉ - Ասացեք Դուք ճանաչու՞մ եք Նժդեհ-Գարեգին Տեր-Հարությունյանին:


ՀՈՅԼՈՒՆՑ - Այո, Գարեգին Նժդեհին ես ճանաչում եմ Զանգեզուրից: Նժդեհը գլխավորում էր դաշնակցական զինված ուժերը Ղափանի շրջանում:


ՔՆՆԻՉ - Ասացեք, ի՞նչ գործողությունների է դիմել Նժդեհը Զանգեզուրի հեղափոխական կոմունիստների դեմ:


ՀՈՅԼՈՒՆՑ - 1920-ի մայիսի 27-ին Խնձորեսկի ընդհատակյա կոմունիստական կազմակերպությունը ապստամբություն սկսեց դաշնակների դեմ: Այն ճնշվեց Դրոյի ու Նժդեհի գլխավորած զինված ուժերի կողմից: Նժդեհի հրամանով գնդակահարվեցին ակտիվ մասնակիցներ Իթիբարյան Իսկանդարն ու Ղարագյոզյան Մակիչը:


ՔՆՆԻՉ - Կատարվածի մասին Դուք որտեղի՞ց գիտեք և ո՞վ կարող է դա հաստատել:


ՀՈՅԼՈՒՆՑ - Ես ինքս ապստամբության ակտիվ մասնակից եմ եղել, ինձ գերի վերցրին: Գնդակահարության օրը ես կալանավորված էի դպրոցի մոտ գտնվող շինության մեջ: Պատուհանից ես տեսա, որ Իթիբարյանին ու Ղարագյոզյանին դուրս բերեցին այդ նույն շինությունից, որտեղ ես փակված էի: Հիշում եմ, որ Նժդեհը մոտեցավ զինվորներին, ինչ-որ բան ասաց, որից հետո գնդակահարությունը ի կտար ածվեց: Նրանց գնդակահարեցին հրապարակավ՝ Խնձորեսկի բնակչության աչքի առաջ: Զինվորները շրջապատել էին ժողովրդին, որպեսզի ոչ ոք չհեռանա, որ բոլորը տեսնեն գնդակահարությունը: Այս փաստը կարող են հաստատել Ջանունց Ավագը, Մարտիրոսյան Սերգեյը, Ասատրյան Մաթևոսը: 1920-ի դեկտեմբերին և 1921-ի հունվարին Նժդեհի հրամանով Խնձորեսկում գնդակահարվեցին վեց հայ կոմունիստներ՝ Բալոյան Հովհաննեսը, Մարտիրոսը (ազգանունը չեմ հիշում ), մի կին՝ Սոնա անունով և էլի ուրիշներ: Այդ վեց կոմունիստները հողին են հանձնվել գյուղի դպրոցի բակում: 1921-ի սկզբին Ղափանում Նժդեհի հրամանով գնդակահարվել են կուսակցության Զանգեզուրի գավառկոմիտեի նախագահ Սեյրին, Ղափանի կազմակերպության ղեկավար Բագրատ Հարությունյանը և մի քանի ուրիշ աչքի ընկնող կոմունիստներ: Այս փաստը կարող են հաստատել Մանուչարյան Գերասիմը, Պետրոսյան Մակիչը:


ՔՆՆԻՉ - Ի՞նչ է ձեզ հայտնի Տաթևում Նժդեհի կատարած գազանային սպանությունների մասին:


ՀՈՅԼՈՒՆՑ - 1920-ի վերջին և 1921-ի սկզբին Նժդեհի հրամանով գնդակահարել կամ կենդանի անդունդն են նետել 400-ից ավելի ռուս կարմիրբանակայինների, գյուղացիների ու հայ բանվորների: Զանգեզուրում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո ես նշանակվեցի կուսշրջկոմի Տաթևի տեղամասի քարտուղար: Տաթևում սպանվածների դիակները իմ ղեկավարությամբ դուրս են բերվել անդունդից և հողին են հանձնվել: Մոտավորապես 400 դիակ է եղել: Տաթևի դեպքերը կարող են հաստատել Խուրշուդյան Ասատուրը, Կարապետյան Սողոմոնը,Պարոնյան Ասատուրը,Ղարիբյան Ռուբենը և ուրիշներ:


ՔՆՆԻՉ – Որևէ բան ունե՞ք ավելացնելու:


ՀՈՅԼՈՒՆՑ - Նժդեհի չարագործությունների մասին ինչ որ գիտեի, ներկայացրի, միայն ավելացնեմ, որ Զանգեզուրի ժողովուրդը, թե բանվորները, թե գյուղացիները Նժդեհին համարում են հայ ժողովրդի դահիճը:


Գործով վկա Ավագ Ջանունցի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք) 17 սեպտեմբերի 1947թ թիվ 9. (37)

ՔՆՆԻՉ - Ասացեք, ի՞նչ է ձեզ հայտնի Զանգեզուրում Նժդեհի ծավալած հակախորհրդային գործունեության մասին:


ՋԱՆՈՒՆՑ - 1920-ի մայիսի 28-ին Խնձորեսկում ու մոտակա մի քանի գյուղերում խռովություն սկսվեց դաշնակների իշխանության դեմ, որը ճնշվեց Նժդեհի կողմից, ապստամբների մի մասը, այդ թվում նաև ես, թաքնվեցին անտառներում, իսկ մի մասին Նժդեհը ձերբակալեց: Ապստամբության ղեկավար Իթիբարյան Իսկանդարին և կոմունիստ Մակիչի հորը անձամբ Նժդեհն է գնդակահարել:


ՔՆՆԻՉ - Ո՞վ կարող է հաստատել Իթիբարյանի և Ղարագյոզյանի հոր գնդակահարության փաստը:


ՋԱՆՈՒՆՑ - Հոյլունց Արսենը և Ասատրյան Մաթևոսը, գնդակահարության օրը նրանք գտնվելիս են եղել Խնձորեսկում: 1921-ի հունվարի 6-ին Նժդեհի հրամանով հրապարակորեն գնդակահարվել են Հովհաննիսյան Ստեփանը, Թառյան Սոնան և Թևունց Թադևոսը... Բայց Նժդեհի ամենազազրելի չարագործությունն այն էր, որ նրա հրամանով Տաթևի անդունդն են նետել 263 ռուս կարմիրբանակայինի՝ մի մասին կենդանի, մի մասին էլ՝ գնդակահարելուց հետո: Սա կարող են հաստատել Թովմասյան Հարությունը, Խուրշուդյան Ասատուրը, Խուրշուդյան Արշակը: 1920-ի դեկտեմբերին Նժդեհի հրամանով Ղափանի՝ ջրով լցված խորը հանքահորերում խեղդել են շատ հեղափոխականների՝ հայերի և կարմիրբանակայինների: Այս փաստը ես անձամբ եմ ստուգել, լինելով Ղափանի միլպետը, կարող են հաստատել Մարտիրոսյան Արտաշեսը և Մարտիրոսյան Մարտիկը: 1920-ի նոյեմբերին Նժդեհը Գորիսում գերի էր վերցրել կուսակցության Գորիսի քաղկոմի քարտուղար Սեյրիին, որը Նժդեհի հետ էր սովորել: Մեկուկես ամիս բանտում պահելուց հետո Նժդեհը հրաման է տալիս իր օգնական Գերասիմ Աթաջանյանին՝ գնդակահարել Սեյրիին: Հրամանը անհապաղ կատարվում է: Այս փաստը կարող են հաստատել արդեն վերը հիշատակված Մարտիրոսյան Արտաշեսը և Մարտիրոսյան Մարտիկը: Սեյլիին ես եմ գտել տան նկուղում, որտեղ գնդակահարել էին:


Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք)18 սեպտեմբերի 1947թ. թիվ 10. (38)


ՔՆՆԻՉ - Դուք ճանաչու՞մ եք Սեյրիին:


ՆԺԴԵՀ - Այո, ես Սեյրիին ճանաչում եմ Թիֆլիսից, միասին խմբագրում էինք «Պատանի» գրական ալմանախը: Չգիտեմ թե ինչու, նա հայտնվել էր Զանգեզուրում: Խորհրդային զորքի նահանջից հետո ես մտա Գորիս: Բանտը դիտելու ժամանակ ես այնտեղ տեսա խորհրդային իշխանության կողմից կալանավորված մարդկանց, նրանց մեջ նաև Սեյրին էր: Իր կալանավորման մասին նա՛ ինձ պատմեց: Ասաց, որ ինքը պետք է աշխատանք տաներ իմ դեմ, բայց քանի որ մենք մտերիմներ էինք՝ նա հրաժարվել է կատարել առաջադրանքը, հենց դրա համար էլ կալանավորել են: Ես նրան ազատ արձակեցի, բնակվում էր Ղափանում, որտեղ իմ շտաբն էր: 1920 –ի ձմռանը Սեյրին սպանվում է, մի վարկածով նրան սպանել է դաշնակների ռազմական նախարար Ռուբեն Տեր–Մինասյանը, մեկ այլ վարկածով՝տեղի բնակիչներն են սպանել, փախուստի փորձ կատարելու ժամանակ:


ՔՆՆԻՉ - Դուք ճիշտ չեք ասում, Սեյրիին Դուք եք սպանել, իմանալով, որ նա կոմունիստ է:


ՆԺԴԵՀ - Ես պնդում եմ իմ ցուցմունքը:


ՔՆՆԻՉ - Եթե նա հրաժարվել էր հանդես գալ ձեր դեմ, ասել է թե՝դաշնակների դեմ, Տեր –Մինասյանը ինչու՞պետք է նրան սպաներ:


ՆԺԴԵՀ - Տեր-Մինասյանը չարությամբ էր լցված կոմունիստների հանդեպ... նա իմ դեմ էլ էր, քանի որ ես ապաստան էի տվել Սեյրիին:


ՔՆՆԻՉ - Ձեզ է ներկայացվում գործով վկա Ջանունց Ավագի ցուցմունքը, որով հայտնում է, որ Դուք գերի եք վերցրել... Սեյրիին և մեկուկես ամիս բանտում պահելուց հետո հրաման եք տվել ձեր օգնական Գերասիմ Աթաջանյանին՝գնդակահարել նրան, ինչն էլ կատարվել է:


ՆԺԴԵՀ - Ես դա ժխտում եմ:


ՔՆՆԻՉ - Ձեզ է ներկայացվում գործով վկա Հոյլունց Արսենի ցուցմունքը, նա հայտնում է, որ Գորիսում Դուք գնդակահարել եք Սեյրիին: Դուք դարձյա՞լ ժխտում եք, որ Սեյրիի սպանությունը կատարվել է ձեր հրամանով:


ՆԺԴԵՀ - Այո, ժխտում եմ:


ՔՆՆԻՉ - Հետաքննությունը ձեզ առաջարկում է ճշմարտությունն ասել:


ՆԺԴԵՀ - Ես պնդում եմ իմ ցուցմունքը:


Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք) 19 սեպտեմբերի 1947թ թիվ 11. (39)


ՔՆՆԻՉ - Հետաքննությունը տվյալներ ունի, որ 1920-ի վերջերին և 1921-ի սկզբներին ձեր հրամանով Տաթևի անդունդն են նետել հարյուրավոր մարդկանց՝ կոմունիստներ և կարմիրբանակայիններ, ի՞նչ կասեք այս մասին:


ՆԺԴԵՀ - Տաթևի վանքից անդունդը նետել են միայն երկու մարդու, նրանց այնտեղ էր բերել Վրացյանի գլխավորած «Փրկության կոմիտեն», որի հրամանով էլ հենց կատարվել է այդ սպանությունը:


ՔՆՆԻՉ - Ես ձեզ ներկայացնում եմ Հոյլունցի ցուցմունքը. «...Նժդեհի հրամանով գնդակահարել կամ կենդանի անդունդն են նետել 400-ից ավելի ռուս կարմիրբանակայինների, կոմունիստների, գյուղացիների և հայ բանվորների...»:


ՆԺԴԵՀ- Ես դա ժխտում եմ:


ՔՆՆԻՉ- Ես ձեզ ներկայացնում եմ գործով վկա Ջանունց Ավագի ցուցմունքը. «...Նժդեհի հրամանով Տաթևի անդունդն են նետել 263 ռուս կարմիրբանակայինների, մի մասին՝ կենդանի, մի մասին էլ գնդակահարելուց հետո»: Դուք դարձյա՞լ ժխտում եք:


ՆԺԴԵՀ - Այո, ժխտում եմ, վկաներ Հոյլունցի և Ջանունցի ցուցմունքները ճշմարիտ չեն: Ես կարծում եմ, հնարավոր է, որ վկա Հոյլունցը և Ջանունցը նկատի ունեն Զավալ փաշայի ջոկատի այն 200 թուրքերին, որոնց խորհրդային իշխանությունը օգտագործում էր մեր դեմ և որոնց գնդակահարել են ու նետել անդունդը:


ՔՆՆԻՉ - Նրանք թուրքեր չեն եղել, այլ կոմունիստներ և կարմիրբանակայիններ: Հետաքննությունը նորից պահանջում է ճշմարիտ ցուցմունքներ տալ:


ՆԺԴԵՀ - Ես պնդում եմ, որ սպանվածները թուրքեր էին, որոնք կարմիրբանակայինի համազգեստ էին հագել, երևի հենց այդ պատճառով էլ վկաներ Հոյլունցն ու Ջանունցը ենթադրել են, որ նրանք ռուս և հայ կարմիրբանակայիններ են եղել:


Գործով վկա Ասատուր Պարոնյանի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք) 22 սեպտեմբերի 1947թ թիվ 12. (40)


ՔՆՆԻՉ- Ասացեք, որտե՞ղ եք Դուք գտնվել 1920-1921-ի ժամանակահատվածում:


ՊԱՐՈՆՅԱՆ - Կարմիր բանակի բրիգադի կազմում ես ծառայում էի Լեռնային Ղարաբաղում, ինձ գերի վերցրեց խմբապետ Թևանի գլխավորած դաշնակցական զինված խմբավորումը: Դա կատարվել է 1920-ի նոյեմբերին կամ դեկտեմբերին: Ինձ ու ևս յոթ ռուս կարմիրբանակայինի տեղափոխեցին Գորիս, որտեղ բանտում մնացինք չորսուկես ամիս, իսկ ապա մեզ տարան Տաթևի վանք:


ՔՆՆԻՉ - Ի՞նչ է ձեզ հայտնի Տաթևում կոմունիստների և կարմիրբանակայինների սպանությունների մասին:


ՊԱՐՈՆՅԱՆ - Բանտում ինձ հետ նստած էր 23 մարդ, որոնցից 7-ը ռուս կարմիրբանակային էին, մնացածը հայեր էին: Նրանցից 15-ին գնդակահարեցին և անդունդը նետեցին, իսկ 8 հոգի, այդ թվում՝ ես ազատ արձակվեցին: Գնդակահարվածներից մի քանիսի անունը հիշում եմ, Սիսիանից՝ Ալեքսանը, Շինուհայրից՝ Կոստանդը, Իվան Մարգարյանը՝ Քարաշենից:


ՔՆՆԻՉ - Ու՞մ հրամանով նրանց գնդակահարեցին:


ՊԱՐՈՆՅԱՆ - Հրաման տվողը եղել է սպարապետը՝ Նժդեհը, իսկ գնդակահարությունների կատարումը անմիջականորեն ղեկավարում էր խմբապետ Քուրդ Եփրեմը:


ՔՆՆԻՉ – Տաթևում գնդակահարության էլ ի՞նչ փաստեր են ձեզ հայտնի:


ՊԱՐՈՆՅԱՆ – Երևանից նահանջելով դաշնակցականները իրենց հետ Տաթև բերեցին շուրջ 500 ձերբակալված կոմունիստների:Նրանց մտադիր էին գնդակահարել, բայց Ռուբեն փաշան (Ռուբեն Տեր–Մինասյան-Ա.Ա.) թույլ չտվեց կատարել Նժդեհի հրամանը: Այդ 500-ից գնդակահարվեց մոտ 40-ը:

ՔՆՆԻՉ - Ընդհանուր առմամբ, Տաթևում քանի՞ մարդ է սպանվել 1921-ին:


ՊԱՐՈՆՅԱՆ - Սպարապետ Նժդեհի հրամանով Տաթևում սպանվել է շուրջ 400 կոմունիստ և կարմիրբանակային:


ՔՆՆԻՉ - Մի գուցե նրանց մեջ թուրքեր է՞լ են եղել:


ՊԱՐՈՆՅԱՆ - Ոչ, այդ սպանվածների մեջ ոչ մի թուրք չի եղել:


(Շարունակելի 5)


33. նույնը, 20-25 с

34. նույնը, 225-227с

35. Գարեգին Նժդեհ.Հատընտիր,էջ 314

36. Ваче Овсепян Гарегин Нжде и КГБ 213-216 с

37. նույնը, 217-219 с

38. նույնը, 227-229 с

39. նույնը, 220-222 с

40. նույնը, 222-225 с


Comentários


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page