top of page

Գարեգին Նժդեհ. Առասպել և իրականություն - մաս 2

Հետազոտող և պատմաբան Աշոտ Աբգարյանը կարևոր աշխատանք կատարեց քաղաքական և զինվորական գործիչի կյանքի և գործունեության մասին, որու վիճելի գործողությունները նրան դարձնում են սիրված կամ ատելի հայության համար: Նա կռվել է թուրքերի դեմ, բայց նաև դիմել է նրանց "բարեկամության ու եղբայրության" կոչով, ընդդեմ բոլշևիկների: Նա կռվել է խորհրդային իշխանության դեմ, բայց ձերբակալվելուց հետո անդադար հավաստիացնում էր խորհուրդների և անձամբ "մեծ Ստալինի" նկատմամբ իր "անկեղծ բարեկամության" մասին: Եղել է դաշնակցության անդամ, որի հետ գժտվելուց հետո այսպես գրեց. "Հիմա արդեն Դաշնակցությունը մեռնող երևույթ է... Նա պետք է չքվի": Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայության անցավ հիտլերյան նացիստների մոտ: Հետագայում ձերբակալվել է, իր ծառայություններն է առաջարկել նաև խորհրդային պետանվտանգության մարմիններին: Հատուկ հանձնաժողովի կողմից դատապարտվել է Զանգեզուրում հակախորհրդային գործունեության և գերմանական նացիստներին ծառայելու մեղադրանքով:

Աշոտ Աբգարյան, Հայաստան


1948 –ի հունիսին Դևեջյանը դատապարտվում է 20 տարվա ազատազրկման: Նժդեհի հետ գտնվել է նույն բանտախցում: 1955-ին վաղաժամկետ ազատ է արձակվել և մեկնել է Արգենտինա:


«Հարգելիս (արդեն շարունակում է Հովհաննես Դևեջյանը-Ա.Ա.), հայրենասերները դիմում են հայրենասերին բացառապես հայրենասիրական գործով: Մենք կարծում ենք, որ պետք է համախմբել արտասահմանի հայությանը խաղաղության համար պայքարում, ընդդեմ պատերազմի: Հենց այդպիսի վարքագիծ է մեզնից պահանջում մեր ոչ այնքան հեռավոր արյունոտ անցյալը, երբ հայ ժողովրդի կեսը զոհ գնաց թուրքական յաթաղանին: Խաղաղության համար պայքարում կարելի է մի շարք քայլեր իրականացնել: Մասնավորապես, Եվրոպայի հայ մտավորականությունը կարող է դիմել եվրոպական բոլոր ակադեմիաներին, Հայաստանում պահվող տասնյակ հազարավոր ձեռագիր մատյանները փրկելու համար, որոնց համամարդկային արժեքը հայտնի է գիտական շրջանակներին: Ոչ պակաս, թերևս, շատ ավելի կարևոր է պատերազմի ժամանակ արտասահմանի հայության ցուցաբերելիք վարքագիծը Հայաստանի նկատմամբ, երբ անպատասխանատու տարրերը իրենց արարքներով կարող են դժբախտություններ պատճառել հայ ժողովրդին, եթե ոչ ոք նրանց չսանձահարի: Շատ չծավալվենք: Հատկապես կարևոր է, որ դու և քեզ նման հայրենասերները այժմվանից արդեն սկսեք ակտիվորեն աջակցել հայրենիքին, մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները բոլշևիկների հետ, քանի որ հայրենիքը կանգնած է մեծագույն վտանգի առջև: Առիթից օգտվելով, ուզում եմ հայտնել, որ մեզ՝ որպես քաղաքական հակառակորդների, ովքեր չէին հավատում այն ամենին, ինչ ասվում էր ներկայիս Հայաստանի մասին խորհրդային մամուլի, կինոյի կամ ռադիոյի միջոցով, հնարավորություն տրվեց, կալանավորյալ լինելով հանդերձ, սեփական աչքերով տեսնելու Երևանը: Այն, ինչ մենք տեսանք, աննախադեպ է և տեսնողի մեջ հարգանք ու հիացմունք է առաջացնում հայ ժողովրդի հանդեպ, նրա շինարարական հանճարի ու ստեղծագործ աշխատանքի համար: Ժողովուրդ, որը խորհրդային իշխանության պայմաններում հնարավորություն ստացավ դրսևորելու իր ունակությունները: Այս ամենը, իհարկե, անհնարին կլիներ առանց ռուս մեծ ժողովրդի եղբայրական օգնության և առանց մեր երկրում գոյություն ունեցող քաղաքական անվտանգության: Եթե սրան էլ ավելացնենք, որ միայն ռուս ժողովուրդը կարող է ցանկանալ հայ ժողովրդի համախմբումը միասնական Հայաստանում, ապա պարզ կդառնա, թե ինչու ամեն մի հայ վտանգի պահին պետք է լինի իր հայրենիքի հետ: Գտնվելով անազատության մեջ, մենք խորապես մխիթարված կլինենք, եթե ստանանք քո հավաստիացումն այն մասին, որ կկատարես պարտքդ Հայաստանի հանդեպ որպես հայ և որպես հայրենասեր: Ընդգծում ենք մեր այս նամակի գաղտնիությունը և խնդրում ենք նույն մարդու միջոցով հայտնես մեզ քո վերաբերմունքի մասին:

12 մարտի 1953 թ. ք. Երևան, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Դևեջյան:» (2)


Ինչպես արդեն ասվել է, մեզ անհայտ պատճառով նամակը այդպես էլ չի ուղարկվել հասցեատիրոջը: Ստալինի մահից ընդամենը մի քանի օր էր անցել, բոլորին, այդ թվում երկրի քաղաքական ղեկավարությանը համակել էր անորոշության զգացողությունն ու մոտալուտ փոփոխությունների սպասումը: Այս պայմաններում պետական անվտանգության մարմինները շատ ավելի լուրջ անելիքներ ունեին, քան Նժդեհի միջոցով դաշնակցության հետ գործարքի մեջ մտնելու ծրագիրը: Ամենայն հավանականությամբ, այդ հարցը նոր իրավիճակում կորցրել էր իր կարևորությունը: Սակայն, այս նամակը հետաքրքիր է որպես պատմական փաստաթուղթ, որը ցույց է տալիս նրա հեղինակների անուղղելի պարզունակությունը կամ պարզունակ խորամանկությունը: Կողմերի ցանկությունները, իհարկե, տարբեր էին: Խորհրդային ՊԱԿ-ը իր նպատակը չէր թաքցնում՝ Նժդեհի օգնությամբ շահավետ գործարք առաջարկել Դաշնակցությանը, համոզել նրան դադարեցնել հակախորհրդային քարոզչությունը և Արևմուտքի հետ շարունակ ուժգնացող լարվածության պայմաններում, կուսակցությունը կողմնորոշել դեպի խորհրդային իշխանության հետ համագործակցության ուղին: Վրացյանին գրած նամակի գլխավոր գաղափարը հենց դա էր. «Ոչ պակաս, թերևս, շատ ավելի կարևոր է...արտասահմանի հայության ցուցաբերելիք վարքագիծը Հայաստանի նկատմամբ, երբ անպատասխանատու տարրերը իրենց արարքներով կարող են դժբախտություններ պատճառել հայ ժողովրդին... Հատկապես կարևոր է, որ դու և քեզ նման հայրենասերները այժմվանից արդեն սկսեք ակտիվորեն աջակցել հայրենիքին, մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները բոլշևիկների հետ, քանի որ հայրենիքը կանգնած է մեծագույն վտանգի առջև»:


Նժդեհի խորհրդով այս ծրագրին մասնակից դարձրին նաև Դևեջյանին, որպես Սիմոն Վրացյանի համար ավելի վստահելի ու հավատ ներշնչող անձնավորության, քան Նժդեհն էր, նկատի ունենալով Վրացյանի և դաշնակցության սառն ու փշոտ վերաբերմունքը Նժդեհի նկատմամբ:


Հիմա մի փոքր հետ գնանք, հասկանալու համար այդ վերաբերմունքի ակունքները, որ գալիս էին դեռ 1921-ից: Հայաստանի Հանրապետության երբեմնի ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանը պատմում է. «...Դաշնակցականները, փախչելով Երևանից, իրենց հետ տարել էին Հայաստանի պետական բանկի և գանձարանի դրամները, ոսկիները և արտասահմանյան վալյուտան: Թե նահանջի ճանապարհին և թե Զանգեզուրում ոչ մի օգնության չգալով խուճապի մատնված անգիտակից ժողովրդին և զինվորությանը, նրանք ըստ իրենց քմահաճույքի վատնել և վատնում են պետական ստացվածքը: Ինչպես երկրի ներսում, այնպես էլ այստեղ՝ Թավրիզում այս առթիվ առաջացել էր մի անասելի զայրույթ...»: (3)


Այդ «անասելի զայրութը» համակել էր նաև Նժդեհին ու նրա զինվորներին: Արտակարգ հանձնաժողովի տեղեկագրում կարդում ենք. «Վրացյանի հեռանալուց մի քանի օր առաջ կառավարության անդամ Դևեջյանը կարողացավ շահել Նժդեհի վստահությունը... Նժդեհը ցույց տվեց նրան իր բոլոր փաստաթղթերը..., որոնք ապացուցում էին Վրացյանի և մյուս նախարարների հանցավոր արարքներն ու չարաշահումները: Դևեջյանը սրա մասին հայտնեց Վրացյանին և նրա հետ միասին էլ հեռացավ: Նժդեհը խաբված դուրս եկավ՝ չնայած Դևեջյանի խոստումներին, Վրացյանը նրան իր հետ չտարավ, և, որ կարևորն է, նա մնաց առանց գոյության միջոցների... Այս ամենը Նժդեհին տրամադրեց Վրացյանի, կառավարության և կենտրոնական բյուրոյի դեմ: Նժդեհը նրանց անվանում էր սրիկաներ ու ստորներ, մտերիմների հետ զրույցների ժամանակ և ասում էր, որ կուզենար դաշնակցությունը տեսնել վերջնականապես ոչնչացված: Նա չէր թաքցնում, որ եթե Խորհրդային Հայաստանը սոցիալիստական խոսք տա, որ իրեն չի հալածի, ինքը կցանկանար վերադառնալ Հայաստան և ապրել Էջմիածնում: Բայց է՛լ ավելի շատ նա ուզում էր Վրացյանի հետևից գնալ արտասահման և թույլ չտալ, որ նա ցեխ շպրտի իր վրա...»: (4)


Իսկ խորամանկ ու հեռատես Վրացյանը հասկանում էր, որ առանց այդ փողերի ինքը՝ պարտված մի փախստական, որի նմանները բոլորից արհամարհված թափառում էին աշխարհով մեկ, այլևս չի կարող ոտքի կանգնել, չի կարող պահպանել կուսակցությունը և իր ուժը կուսակցության ու սփյուռքի մեջ: Այդ փողն ու ոսկին էին, որ Դաշնակցության վարձու «հայրենասերների» խայտառակված, սոված ու տկլոր զանգվածները կապում էին Վրացյանի հետ և դարձնում նրա հլու հնազանդ կամակատարները: Այն ժամանակների մասին Նժդեհը բանտում այսպես է գրել. «1921թ, Զանգեզուրը թողնելու հաջորդ օրը, Արաքսի պարսկական ափին ես «անտակտություն» թույլ տվեցի, պատժելով երկու դաշնակ նախարարների՝ Հակոբ Տեր-Հակոբյանին և Եփրեմ Սարգսյանին, ովքեր նաև Գերագույն մարմնի անդամ էին: Այդ միջադեպից մի քանի օր անց ես նամակ ստացա Ս. Վրացյանից, նա գրում էր. "Դու թո՛ղ քո այդ անդրանիկական բաները: Անդրանիկն էլ էր իրեն այդպես պահում, ինչպես դու, իսկ հիմա անօգնական թափառում է Եվրոպայում: Կուսակցությունը որոշակի հուսեր է կապել քեզ հետ: Լսող եղիր հին ընկերներիդ, իսկ եթե ոչ՝ վատ կլինի քեզ համար: Ես գիտեմ միայն, որ մարդիկ մեծ դժվարությամբ են բարձրանում, շատ տարիների ընթացքում, բայց խորտակվում են մի ակնթարթում": Այս նամակը ստանալու օրը ես խորապես ափսոսացի, որ մտրակելու փոխարեն չեմ գնդակահարել Դաշնակցության Գերագույն մարմնի այդ երկու անդամներին: Նույն օրն իսկ ես ինձ զգացի Դաշնակցությունից հեռացած ու կտրված... Իր քաղաքական կուրսը Դաշնակցությունը չէր պայմանավորում բացառապես հայ ժողովրդի դրությամբ: Հանցավոր անփութությամբ Դաշնակցությունը արհամարհում էր մեր ժողովրդին սպառնացող վտանգները... Նրա անդամներից շատերը համոզված էին, որ Հայաստանի ցուցադրական անկախության գաղափարը կարող է դառնալ նրա գերեզմանափորը: Նրանք դա գիտեն, բայց մինչև այժմ ինքնանպատակ կուսակցականությունը և կուսակցական էգոիզմը թույլ չի տալիս Դաշնակցության ղեկավարներին խելամիտ հարաբերություններ հաստատել խորհրդային իշխանության հետ... Դաշնակցությունը այժմ կանգնած է երկընտրանքի առջև, թե ում հետ նա պետք է լինի՝ թուրքերի հետ, կամ ռուս մեծ ժողովրդի հետ: Նա դավաճան կլինի, եթե վճռականորեն չպատասխանի. Ռուսների հետ ընդդեմ թուրքերի: Հենց այսպիսի քաղաքական կողմնորոշում է պահանջում մեզնից թե՛ մեր ազգային ու մարդկային արժանապատվությունը և թե հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը ապահովելու շահերը... Հիմա արդեն Դաշնակցությունը մեռնող երևույթ է: Նրա գոյությունը այսուհետև պետք չէ, անօգուտ է ու անտրամաբանական: Նա հակասության մեջ է հայտնվել ներկա դարաշրջանի հետ: Նա պետք է չքվի: Այս գիտակցությամբ էր, որ ես հեռացա Դաշնակցությունից»: (5)


Մենք չենք մեկնաբանի Դաշնակցության մասին Նժդեհի դատողություններն ու «հին ընկերներին» ներկայացրած մեղադրանքները, դրանք շատ առումներով արդարացի են ու տեղին: Բայց արդարացի չէ, որ Նժդեհը անմեղսունակ ձևանալով փորձում է այդ ամենին մի տեսակ «դիտորդական անաչառ գնահատականի» երանգ տալ, կարծես այդ ամենի հետ ինքը երբևէ կապ չի ունեցել, կարծես ինքը բաժին չի ունեցել այդ սխալների ու մեղքերի մեջ: Նժդեհի հոդվածների ու գրառումների մեջ մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել «հայրենասեր ասպետի» թեկուզև ուշացած դատապարտման խոսքը, կամ գոնե վերաբերմունքը Ալեքսանդրապոլի՝ Հայաստանը թուրքերի ոտքի տակի փալասը դարձնող պայմանագրի մասին: Ավելին, նա խանդավառությամբ ողջունեց արյունաքամ երկրին նոր աղետ պատճառած «փրկության կոմիտեի» փետրվարյան հանցագործությունը, որը կատարվեց ոչ առանց Նժդեհի եռանդուն օժանդակության և որը պակաս ուրախություն չէր պատճառել նաև թուրքերին: Իսկ ահա Երևանը թուրքերին հանձնելու Վրացյանի խայտառակ փորձի մասին՝ ոչ մի խոսք: Բոլոր այս իրադարձությունների ժամանակ նա ակտիվ նամակագրական կապ է ունեցել Սիմոն Վրացյանի հետ, եղել է նրա համախոհն ու աջակիցը: Նորից կարդանք. «Դաշնակցությունը այժմ կանգնած է երկընտրանքի առջև, թե ում հետ նա պետք է լինի՝ թուրքերի հետ, կամ, ռուս մեծ ժողովրդի հետ: Նա դավաճան կլինի, եթե վճռականորեն չպատասխանի. Ռուսների հետ՝ ընդդեմ թուրքերի», սա Նժդեհն է գրում և նա իրավացի է, բայց մի՞թե այդ երկընտրանքը նոր էր, միայն «այժմ» ու հանկարծակի առաջացած: Այդ երկընտրանքը չկա՞ր արդյոք, երբ Հայաստանը դարձավ խորհրդային:


Մինչ այդ Նժդեհի վարքագիծը դեռ կարելի էր հասկանալ և նույնիսկ գովեստի ու հավանության արժանացնել նրա համառությունը Զանգեզուրում, բայց հետո... Մի՞թե Նժդեհը նրանց հետ չէր, ովքեր Ալեքսանդրապոլում և դրանից հետո էլ այդ երկընտրանքին հակառակ պատասխանը տվեցին՝ «թուրքերի հետ՝ ընդդեմ ռուսների», այդ ամեն տեսակ վրացյանների և ռուբենների հետ, նրանց «փրկության կոմիտեի» հետ... Այս մասին է, որ նա խոհեմաբար «մոռանում» է: Կարդանք Դաշնակցությանը ձոնած նժդեհյան ներբողները, երբ կուսակցությունը դեռ պետք էր նրան իբրև քաղաքական հենարան սփյուռքում և իբրև ֆինանսական աջակցության կարևոր աղբյուր. «...խորապես կցավեմ այն բոլորի համար որոնք ինձ հետ, իմ կողքին, Դաշնակցության դրոշի տակ չեն այսօր...Խորապես կզգամ, թե իմ երջանկությունը ճիշտ այնտեղ է, որ ես կաշխատակցեմ Դաշնակցությանը...» (6): Կամ, այս մեկը. «...Դեռ իր լինելիության մէջ է Դաշնակցությունը: Նա դեռ չի՛ ասել իր վերջին խոսքը: Ահա՛ թե ինչու եմ ասում՝ օրհնիր ճակատագիրդ, որ Հայ ես ծնած, բայց որպեսզի օտար ափերի վրա Հայ մնաս, եղի՛ր Դաշնակցական» (7), «... չի կարելի հակադաշնակցական լինել առանց դավաճան լինելու...» (8): Եվս մեկը. «...Չէ կարելի հակադաշնակցական դառնալ, առանց ուրացող դառնալու...» (9), «...ամեն մեղանչում Դաշնակցության դեմ՝ մեղանչում է ցեղի դեմ...» (10):

(Շարունակելի 2)


Գրականության ցանկ

2. նույնը, 47с

3. Գրիգոր Ջաղեթյան. Դաշնակցական շեֆերի հաշվետվությունը, «Ռանջբար Իրանի», № 17, 12 փետրվար 1922թ,Թեհրան:Մոտիկ անցյալից,Երևան,1967, էջ 16

4. Ваче Овсепян Гарегин Нжде и КГБ.19с

5. նույնը, 258-261 с.

6. Գարեգին Նժդեհ Հատընտիր, «Ամարաս » Երեւան, 2006թ.էջ157 :

7. նույնը, էջ 178

8. նույնը, էջ 193

9. նույնը, էջ 232

10. նույնը, էջ 233




SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page