Վերադարձածի արտացոլումները
Նախկին արգենտինաբնակ վանաձորցին Արգենտինայի և Հայաստանի մասին, սոցիալիստական հին ու նոր հիշողություններով:
Գայանե Հովսեփյան, Վանաձոր
Վանաձորցի 62-ամյա Արման Քարհանյանը մեկն է այն հազարավորներից, որոնք 90-ականներին, Սովետական Միության փլուզումից հետո ստիպված էին Հայաստանից արտագաղթել՝ իրենց ընտանիքի ապրուստը հոգալու նպատակով, քանի որ, ինչպես գիտենք, այդ տարիներին Հայաստանում սկսվեց մասսայական գործազրկություն, սեփականաշնորհման անվան տակ գործարանների թալան, էներգետիկ ճգնաժամ, հազարավոր աշխատատեղերի վերացում։
Երկար տարիներ Արգենտինայում ընտանիքով ապրելուց հետո հարկադրված է եղել կրկին վերադառնալ Հայաստան (առանց ընտանիքի), քանի որ Հայաստանում մնացած և արդեն խնամքի ենթակա ծնողների հանդեպ որդիական պարտք ուներ, և, միաժամանակ հայրենիքի կարոտն էր կանչում։ Ու արդեն 10 տարի է՝ Հայաստանում է։ Բայց ցանկություն ունի այցելել Արգենտինա՝ քանի որ այնտեղ գտնվող երեխաների կարոտն է խեղդում։ Մյուս կողմից էլ, հիասթափված է Հայաստանի ներկա վիճակից, որտեղ մխիթարական քիչ բան է տեսնում՝ նորմալ ապրելու համար։ Նկատի ունենալով, որ Արգենտինան այն երկրներից է, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագիր չի պահանջում այնտեղ մեկնելու համար, և նկատի ունենալով Արգենտինայում մեր ֆեյսբուքյան համախոհների ակտիվությունը, մեր սերնդակցին ու հայրենակցին խնդրեցինք պատմել իր հիշողություններն Արգենտինայի մասին։
«1997թ․Հայաստանից հեռանալուց հետո Արգենտինայում 4 տարի բնակվել ենք առանց փաստաթղթերի կարգավորման․ ոչ մի անգամ մեզ չեն նեղել, ոչ մի կարգի խտրականության չենք հանդիպել, այդ երկիրը չունի արտաքսելու օրենք», -երախտագիտության զգացմունքով է խոսում մեր զրուցակիցը՝ Արգենտինայի օրենսդրության մասին։ Չնայած Արգենտինան կապիտալիստական երկիր է (մեր զրուցակցի խոսքով "վայրի կապիտալիզմի" երկիր), բայց կան սոցիալիզմին բնորոշ գծեր։ Ջուրն այնտեղ համարվում է կենսագործունեության համար կարեվոր գործոն, ու սա բնական է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար, բայց, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ չեն կարող բնակչի ջուրն անջատել՝ պարտքի պատճառով։ «Բնակելի շենքերն ունեն իրենց կաթսայատները՝ ջեռուցման համար․ բացառությամբ շատ հին շենքերի» (ի տարբերություն Հայաստանի, որտեղ 90-ականների վերջերից արդեն սկսեցին բնակիչներին շահագրգռել, որպեսզի ջեռուցման մարտկոցները վաճառեն՝ որպես մետաղաջարդոն․ անուղղակիորեն հուշելով, որ ով՝ ինչպես ուզում է, ինչով ուզում է՝ թող իր բնակարանը ջեռուցի, պետությունը ձեռքերը լվանում է ջեռուցման համակարգից, եվ միայն հիմնարկ-ձեռնարկություններում է պահպանվում կենտրոնացված ջեռուցման համակարգը՝ կաթսայատների միջոցով։ Բնակչության անվճարունակ մասն անցավ վառելափայտի՝ երկրաշարժից հետո չամրացված ու վթարային դարձած բնակարաններում փայտ ջարդելով ու վառելով։-Գ․Հ․)։ Բնակելի շենքերի շքամուտքերը, ինչպես պատմեց մեր զրուցակիցը, Արգենտինայում մաքրում են հավաքարարները (այնպես, ինչպես սովետական տարիներին Հայաստանում, մինչդեռ անկախացումից հետո հավաքարարների հաստիքներն աստիճանաբար վերացան՝ նախկին ԲՇՏ-ների կազմում, ԲՇՏ-ներն էլ փոխարինվեցին մեծ թվով համատիրություններով, հաճախ՝ կեղծ ժողովներով ու թղթի վրա գրված արձանագրություններով ստեղծված։-Գ․Հ․)
Սոցիալիստական ուժերն ընդգրկված են Արգենտինայի օրենսդիր մարմնում (ի տարբերություն այաստանի, որտեղ 2007 թվից սկսած՝ կոմունիստներն արդեն չկարողացան մտնել խորհրդարան)։
Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ Արգենտինայում հիմնավորվելիս սկզբնական շրջանում հայ համայնքն է աջակցել իր ընտանիքին, օգնել են երեխաներին ուսման տալու, իր համար աշխատանք և կացարան գտնելու հարցում։ Բայց, ինքն էլ, որպես արժանապատիվ հայ, իր լուման է ներդրել եկեղեցաշինության գործում, կամավոր-հասարակական հիմունքներով մասնակցել է եկեղեցու շինարարության աշխատանքներին։ Ի դեպ, ներկայումս էլ Վանաձորում է Արմանն ընդգրկված կամավոր-հասարակական աշխատանքներում, աշխատում է Միջազգային Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակում, հմուտ է և շինարարության, և խոհարարարական գործում, մտադիր է հիմնել բարեգործական ճաշարան։
Մեր զրուցակիցն ափսոսում է, որ այսօր Վանաձորւմ չկա ազատ, անկախ մամուլ, ու դրա համար հայաստանյան քաղաքական իրադարձություններին ինտեգրվում է մայրաքաղաքային՝ երևանյան թերթերով։ Երբ 2021թ․դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին քարոզչության շրջանակներում Արմանին հանձնեցինք "Հայաստանի կոմունիստ" թերթի նախընտրական համարը, զարմացավ և ուրախացավ, որ կոմունիստական գաղափարախոսությունը դեռ կա, կոմունիստներ կան։
«Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել կուսակցությանը» -պատրաստակամություն հայտնեց մեր զրուցակիցը։ Բայց ընդգծում է, որ ինքը սոցիալիստ է։ Ափսոսում է Սովետական միության փլուզման համար ու հուսով է, որ հայ-ռուսական բարեկամության ծրագրի շրջանակներում հնարավոր է ետ բերել և նախկին միությունը, և սոցիալիստական անցյալը։ «Բայց չէ՞ որ այսօրվա Ռուսաստանը կապիտալիստական է» -իմ այս դիտարկմանը հիշատակում է Պուտինի խոսքերը, որ միամտություն կլինի կարծել, որ Սովետական Միությունը նախկին տեսքով ետ կարելի է բերել։ Իսկ սոցիալիզմի վերածնունդը հնարավոր է համարում ոչ միայն Ռուսաստանի կոմունիստների, այլեվ՝ արեվմտյան սոցիալիստական ուժերի շնորհիվ։ Ողջունում է, որ ամբողջ աշխարհում հիմա սոցիալական ընդզվումների ալիքներ են՝ ընդդեմ կապիտալիզմի։ Եվ հուսով է, որ մի օր համաշխարհային սոցիալիզմի միջոցով սոցիալիզմը ետ կգա Հայաստանում։
Արման Քարհանյանը ափսոսում է, որ այսօր հազարավոր սփյուռքահայեր՝ չնայած մեծ ցանկություն ունեն ետ վերադառնալ, բայց Հայաստանում չկան նպաստավոր պայմաններ, որոնք կստիպեն արդեն տարիներ շարունակ դրսում հիմնավորված մարուն ետ վերադառնալ։ Գտնում է, որ Հայաստանի ռազմավարական կառույցները, որոնք մասնավորեցված են (թեպետ՝ ԱԺ 1995ին կառավարության որոշմամբ արգելվում էր վաճառել ռազմավարական նշանակության օբյեկտները, սակայն 1998-ից հետո, երբ երկրում իշխանափոխություն եղավ, այդ օբյեկտներն սկսեցին սեփականաշնորհվել-Գ․Հ․), պետությունը պետք է ետ գնի կամ առնվազն մասնաբաժին ունենա դրանց կառավարման մեջ։
Դժգոհ է Հայաստանի բանկային համակարգից, վարկերի բարձր տոկոսներից, հարկային դաշտից, եվ համոզված է, որ եթե գործարարներն աշխատեն օրինական դաշտում, կսնանկանանան, քանի որ հարկերը շատ բարձր են։ «Սկսնակ գործարարներին պետք է 1-2 տարի ազատեն հարկերից»,-գտնում է իմ զրուցակիցը։
------------------------------------------
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:
Comments