Լենինգրադյան փողոցի վերանվանումը՝ ապասովետական քաղաքականության շարունակությունն է
- Redacción NOR SEVAN
- hace 1 día
- 1 Min. de lectura
Այս ամենը նույն գաղափարական պատերազմի տարրեր են՝ ուղղված մեր պատմական հիշողության դեմ։

Լենինգրադյան փողոցի վերանվանման որոշումը պատահական քայլ չէ, այլ գիտակցված ապասովետացման քաղաքականության մի օղակ, որը սկսվեց դեռ 1991 թվականին, երբ Լենինի անունը կրող հրապարակից հեռացվեց Վլադիմիր Իլյիչի հուշարձանը։
Այդ ժամանակվանից քայլ առ քայլ հասարակական դաշտից ջնջվում է ամեն ինչ, ինչ կապ ունի խորհրդային շրջանի հետ՝ այն ժամանակների, երբ Հայաստանը հզոր, զարգացող և հարգված հանրապետություն էր։
Երեկ՝ հանում էին կարմիր աստղերն ու խորհրդային բարելիեֆները, այսօր՝անվանազրկում են փողոցներ, իսկ վաղը գուցե պարտավորեցնեն ապաշխարել հայրենական պատերազմի հաղթանակի համար՝ ազգի դավաճան պոլիցայների առաջ։
Վերջերս դպրոցական ծրագրերից հանվել են ԽՍՀՄ պատմությանը նվիրված բազմաթիվ թեմաներ, խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանները «վերակառուցման» պատրվակով անաղմուկ ոչնչացնում են, իսկ Հաղթանակի խորհրդանիշներին փորձում են ընդհանրապես չանդրադառնալ։
Այս ամենը նույն գաղափարական պատերազմի տարրեր են՝ ուղղված մեր պատմական հիշողության դեմ։
Եվ ահա հասել է հերթը նաև Լենինգրադյան փողոցին։ Այս անունը տրվել էր, խորհրդային ժողովուրդների քաջության և եղբայրության խորհրդանիշի՝ հերոս քաղաք Լենինգրադի պատվին։
Լենինգրադի պաշարման ժամանակ հազարավոր հայեր զոհվեցին, որոնք պաշտպանում էին քաղաքը ֆաշիզմից, իսկ հայ ժողովուրդը օգնություն էր ուղարկում՝ հաց, դեղամիջոցներ և արյուն։ Այդ անունը վերացնելով՝ իշխանությունները փաստորեն թքում են ընկած հերոսների գերեզմանների վրա։
Հավանաբար 2023-ին էլ ինչպես այսօր Հայաստանի հակասովետական էլեմենտները ցնծում էին․ չէ՞ որ Ստեփանակերտն էլ այլևս չի կրում մեծ բոլշևիկ Ստեփան Շահումյանի անունը։
Նրանց համար խորհրդային անունների ջնջումը տոն է, բայց մեզ համար՝ ցավ, քանի որ այդ անունների հետ վերանում է նաև արդարության, հավասարության և մարդկային եղբայրության հիշատակը։
Սա պարզապես վերանվանում չէ։ Սա հոգևոր օկուպացիայի շարունակություն է։
Փորձում են մեզ պարտադրել մոռացություն, բայց քանի դեռ մենք կենդանի ենք՝ հիշողությունը նույնպես կապրի։
Լենինգրադյան փողոցը կմնա հերոսության, հաստատակամության և այն իդեալների հավատարմության խորհրդանիշ, որոնց համար արյուն են հեղել մեր պապերը։













Comentarios