Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը
Հայաստանի տնտեսությունը կառավարում է Արևմուտքը, իր քաղաքական լիբերալ խամաճիկների և միջազգային ֆինանսական կառույցների միջոցով։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականության իրականացման միջոցներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված միջազգային ֆինանսական կազմակերպությունների գործունեությունն է։ Խոսքն առաջին հերթին Համաշխարհային Բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի մասին է։
ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գործունեությունն իր մասնաճյուղերով ի սկզբանե կրել է վառ արտահայտված քաղաքական բնույթ։ ԱՄՆ-ն այդ ֆինանսական կառույցներն օգտագործում է այլ երկրներին ստրկացնելու իր քաղաքականությունը քողարկելու համար:
1944-ի հուլիսին Բրետոն Վուդսում կայացած դրամավարկային և ֆինանսական համաժողովում ընդունված որոշումները հիմք հանդիսացան նոր կապիտալիստական քաղաքական և ֆինանսական կարգի, որտեղ հիմնական դերը պատկանում է Միացյալ Նահանգներին: Որքան էլ լիբերալ քարոզչությունը փորձի ԱՄՀ-ն ու Համաշխարհային բանկը ներկայացնել որպես միջազգային համագործակցության, զարգացող երկրներին օգնություն ցույց տվող մարմին և այլ, իրականում երկարամյա պրակտիկան ցույց է տալիս, որ ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը հնազանդ գործիքներ են ԱՄՆ-ի ձեռքում: ԱՄՀ-ի օգնությամբ ԱՄՆ-ը հնարավորություն ստացավ ուղղակիորեն ազդել անդամ երկրների արժույթների փոխարժեքի վրա:
Բրետոն Վուդսի համաժողովի համաձայնագրում նախատեսվում էր, որ յուրաքանչյուր երկրի արժույթի փոխարժեքը պետք է արտահայտվի ոսկով կամ ԱՄՆ դոլարով, ընդ որում՝ ԱՄՆ-ի համար շահավետ պայմաններով։ Երկիրը կարող է փոխել փոխարժեքը միայն ԱՄՀ-ի համաձայնությամբ: Այլ կերպ ասած, առանց ԱՄՆ համաձայնության, յուրաքանչյուր կապիտալիստական երկիր ազատ չէ այս հարցը լուծել, եթե երկրի կապիտալիստական կառավարությունը որոշի օգտագործել իր ինքնիշխան իրավունքը և ինքնուրույն փոխել արժույթի փոխարժեքը, ապա նա այլևս վարկեր չի ստանա և կարող է նույնիսկ հեռացվել ԱՄՀ-ից:
Պատրանք կա, որ ԱՄՀ-ից վարկ ստացած երկիրն ինքն է որոշում, թե որտեղ և ինչպես ծախսել գումարը։ Սակայն իրականում ոչ թե երկիրն է որոշում վարկն իր հայեցողությամբ օգտագործելու հարցը, այլ նրանք, ովքեր այդ բանկերի տերերն են, այսինքն՝ Արևմտյան ֆինանսաարդյունաբերական խմբերը։ Հենց նրանք են որոշում այն հարցը, թե ցանկացած երկրի տնտեսության որ ոլորտներն են պետք զարգացնել և որոնք՝ ոչ։ ԱՄՆ բանկային ներկայացուցիչներն այդ հարցերը լուծում են՝ հաշվի առնելով ոչ թե համապատասխան երկրի շահերը, այլ այն, թե արդյոք այս կամ այն վարկը համապատասխանում է Արևմուտքի շահերին, թե ոչ։ Այս կամ այն երկրին վարկ տրամադրելու հարցը լուծվում է ոչ թե կախված այս կամ այն երկրի վարկի կարիքավորության աստիճանից, այլ կախված նրանից, թե կոնկրետ ինչպես են խոշոր մենաշնորհները նպատակահարմար գտնում օգտագործել այդ ֆինանսական կենտրոնների մոտ գտնվող միջոցները։ Հիմնական չափանիշը, որով նրանք առաջնորդվում են, այն է, թե որքանով է այս կամ այն երկրին վարկ տրամադրելը համապատասխանում տվյալ երկիրը ստրկացնելու, շահույթ ստանալու, նրա ռեսուրսները կամ տարածքը օգտագործելու իրենց ծրագրերին։ Վարկերի տրամադրման վերլուծությունը և դրանց աշխարհագրական բաշխումը ցույց են տալիս, որ երկրներին վարկեր են տրամադրվում հիմնականում հաշվի առնելով ԱՄՆ-ի խոշոր մենաշնորհների քաղաքական և ֆինանսական շահերը:
ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը վարկեր են տրամադրում հիմնականում այն պետություններին, որոնց կառավարությունները վարում են Արևմուտքի շահերին համապատասխան ներքին և արտաքին քաղաքականություն։ Եթե ինչ-որ կառավարություն սկսում է ինքնուրույն արտաքին ու ներքին քաղաքականություն վարել, ապա դա պատճառ է դառնում տվյալ երկրին վարկեր չտրամադրել։
Հայաստանի եւ ԱՄՆ-ի (Արևմուտքի) միջեւ ձեւավորված փոխհարաբերությունների բնույթը հասկանալու համար, բավական է մեջբերել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998 թթ.) մի քանի մեջբերումներ.
-Կարող եմ Ձեզ շնորհավորել. Հայաստանն ընդունվել է Արժույթի Միջազգային Հիմնադրամ: Ի՞ նչ հեռանկարներ են բացվում հանրապետության համար: ("Իզվեստիա" թերթի լրագրող Ա.Լուգովսկայա)
-Դա հենց այն ճեղքումն է, որի մասին ես խոսում էի: Մեզանում արդեն աշխատում է ԱՄՀ-ի փորձագետների մի մեծ խումբ, և մենք հույս ունենք, որ այն շուտով մեզ կներկայացնի մեր ֆինանսների, բանկային համակարգի վերակազմավորման հստակ ծրագիր: Բնականաբար, մենք վարկեր ենք ակնկալում: Բացի այդ, աշխատում ենք նաև ազգային տարադրամի ստեղծման վրա, որը "դրամ" է կոչվելու: (Լևոն Տեր-Պետրոսյան հարցազրույց "Իզվեստիա" թերթին 1992թ. փետրվարի 1-ին)
-Անցած ժամանակահատվածում մշակվեցին հանրապետության տնտեսության կայունացմանն ու հետագա զարգացմանը նպաստող մի շարք տեխնիկական ծրագրեր, որոնց իրականացման նպատակով Եվրոհամայնքի կողմից արդեն իսկ հատկացվել է մոտ 12 մլն էքյու: Ընթացիկ տարում տեխնիկական օգնության ծրագիր է կազմվել նաև Համաշխարհային Բանկի կողմից՝ կառուցվածքային վերափոխումների և կարավարման էապես նոր համակարգի ձևավորման համար: Գումարը կազմում է ավելի քան 14 մլն էքյու, և ըստ ծրագրի երեք հիմնական ուղղվածություն պետք է ունենա՝ պետական սեկտորի կառավարում, ֆինանսական համակարգի բարեփոխում, սեփականաշնորհման խրախուսում: 1992 թ. Հայաստանին ցույց տրված տեխնիկական օգնության արդյունավետ ձևերից մեկը եղել է հայ մասնագետների վերապատրաստումը: 1992 թվականին Վիեննայում Արժույթի Միջազգային Հիմնադրամի, Համաշխարհային Բանկի, Եվրոպական համագործակցության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Միջազգային կարգավորման բանկի կողմից ստեղծվել է մասնագետների վերապատրաստման ինստիտուտ, որտեղ վերապատրաստման դասընթացներ են անցել և անցնելու են ՀՀ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներ: (Տարեկան հաղորդում Գերագույն Խորհրդի նստաշրջանում 16 դեկտեմբերի 1992թ.)
-Կարծում եմ, ամենևին հարկ չկա հանգամանորեն անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային Արժույթի Հիմնադրամի կողմից համատեղ մշակված սոցիալ-տնտեսական ծրագրին... Ծրագրի գործադրումից անցել է ընդամենը մեկուկես ամիս, և Հայաստանի կենտրոնական բանկն արդեն ստացել է Միջազգային Արժույթի Հիմնադրամի հատկացրած վարկը՝ ուղղված ազգային դրամի կայունացման նպատակին, իսկ երեկ դուք հաստատեցիք միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված եւս երեք վարկ, որոնք ներդրվելու են հանրապետության ոռոգման եւ էներգետիկ համակարգերի վերանորոգման եւ "Զվարթնոց" օդանավակայանի բեռնահամալիրի կառուցման ծրագրերում: (Տարեկան հաղորդում Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում, 18 հունվարի, 1995թ.)
-Տնտեսական կայունացման գործում, անշուշտ, իր վճռական դերը խաղաց միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ մշակված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման 1995 թվականի համալիր ծրագիրը՝ ի չիկ դարձնելով նրա իրագործման հետ կապված բոլոր հոռետեսական գուշակությունները: (Հանրապետության նախագահի ամանորի շնորհավորական ուղերձը, 31 դեկտեմբերի 1995թ.)
-Կարո՞ղ եք արդյոք հաստատել, որ Հայաստանը տնտեսական վերելքի նշաններ է դրսևորում, և ինչո՞վ եք դա բացատրում:
-Այո, սկսած 1994 թվականից Հայաստանում դրսևորվել են տնտեսության կայունացման և զարգացման կայուն միտումներ: Երեք տարի անընդհատ ապահովվել է շուրջ 5-6 տոկոս տնտեսական աճ, սանձահարվել է ինֆլ յացիան, պահպանվել է դրամի կայուն կուրսը. հաղթահարվել է էներգետիկ ճգնաժամը: Դա հաջողվել է բացառապես հետևողական և տնտեսական բարեփոխումների իրականացման և Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի աջակցության շնորհիվ: (Հարցազրույց ֆրանսիական "Պոլիտիկ էենտերնասիոնալ" հանդեսին, գարուն 1997 թ.)
Այսպիսով, հստակ երևում է, որ Հայաստանը դարձրել են Արևմուտքի կիսագաղութը, որտեղ հիմնական ազդեցությունն ունի ԱՄՆ-ը, իր ֆինանսական կառույցների միջոցով։
Հայաստանի տնտեսությունը կառավարում է Արևմուտքը, իր քաղաքական լիբերալ խամաճիկների և միջազգային ֆինանսական կառույցների միջոցով։ Բնական է, որ նա, ով կառավարում է տնտեսությունը, նա է թելադրում իր կամքը, ինչպես ասում են՝ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում, դրա համար էլ ինչ արտաքին կամ ներքին քաղաքականություն պետք է ունենա Հայաստանը որոշում է Արևմուտքը: Դրա վառ օրինակն այն է, թե ինչպես Հայաստանը քայլ առ քայլ հրաժարվեց Արցախից:
Նախագահներ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի կառավարման հետագա շրջանը միայն ավելի խորացրեց Հայաստանի ֆինանսական կախվածությունը Արևմուտքից: 2018-ի հետագա բռնի պետական հեղաշրջումը և հայատյաց Փաշինյանին վարչապետ նշանակումը վերջնականապես ավարտեց Հայաստանի արևմտականացման դե ֆակտո գործընթացը: Հայաստանում Արևմուտքի քաղաքական խամաճիկները, Փաշինյանի գլխավորությամբ, հաջողությամբ առաջ են տանում Արևմուտքի շահերը, նրանք կարողացել են Արցախը հաջողությամբ հանձնել Ադրբեջանին իսկ հիմա զբաղված են Ռուսաստանին սևացնելով և ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու խնդրով, դրանից հետո կսկսվի արդեն ավարտվող փուլը՝ Հայաստանի դե յուրե անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրոպական Միությանը:
Այս ամբողջ քաղաքականությունն իրականացվում է հայ ժողովրդից թաքուն, ճիշտ այնպես, ինչպես նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության ստորագրումը: Հայաստանի պետական քարոզչությունն ամեն օր հանդես է գալիս ստի, ապատեղեկատվության և մանիպուլյացիաների անսահման հոսքերով: Բանը հասել է նրան, որ կառավարության անդամների պարբերական հանդիպումները ԱՄՀ-ի կամ Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ ժողովրդից գաղտնի տեղեկատվական բնույթ են կրում։ Տեղեկացվում է միայն, որ հանդիպել և քննարկել են մի շարք նախագծեր, բայց ինչ՞ նախագծերի մասին է խոսքը սա արդեն պետական գաղտնիք է:
Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս .Սարգսյանի, Ա. Սարգսյանի, Փաշինյանի՝ Հայաստանը արևմտականացնելու քաղաքականության մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, այսպիսին են կապիտալիստական աշխարհի կանոնները։ Եթե Հայաստանը կապիտալիստական երկիր է, ապա պետք է ենթարկվի ԱՄՆ-ին։ Դեռ չկա նման օրինակ, երբ երկիրը, լինելով կապիտալիստական, կհամարձակվի չենթարկվել ԱՄՆ-ին։ Հիշեցնեմ, որ կապիտալիստական Ռուսաստանի կառավարությունը, որն Ուկրաինայում պայքարում է կապիտալիստական Արևմուտքի դեմ, շարունակում է կատարել ԱՄՀ-ի բոլոր պահանջներն ու խորհուրդները։
Արևմուտքի կիսագաղութային ստրկությունից միակ ելքը կապիտալիզմից հրաժարվելն է: Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է: Հայաստանի կապիտալիստները հասարակությանը պարտադրում են այնպիսի գաղափար, որ Հայաստանը պետք է դառնա Իսպանիայի, Ֆրանսիայի պես երկիր, այսինքն՝ լինել ԱՄՆ-ի հնազանդ կիսագաղութը, և հանգիստ նստել տեղում, ժանգոտել, քանի որ պատմությունն ավարտված է: Բայց դա այդպես չէ, ինչպես ցույց է տալիս կյանքը, պատմությունը դեռ ավարտված չէ:
Կյանքը, քաղաքականությունը շարունակվում են և փոխվում, փոխվում են նաև պետությունների սահմանները: Հայաստանը չի կարող լինել ինչպես Ֆրանսիան կամ Իսպանիան, որովհետև դեռ Արարատ լեռը Հայաստանի կազմում չէ, որովհետև Արցախը, Նախիջևանը, Ջավախքը դեռ Հայաստանի կազմում չեն, որովհետև Կարսը, Մուշը, Վանը, Կարինը դեռ Հայաստանի կազմում չեն: Պատմական այնպես է ստացվել, որ Արևմուտքի և Հայաստանի շահերը հակադիր են։ Հայաստանը զարգացած տնտեսությամբ, մեծ տարածքով և մեծ բնակչությամբ միշտ խանգարել է Արևմուտքի ծրագրերին, դրա համար էլ նա միշտ ընդդիմացել է դրան: Արեւմուտքի ծրագրերը պարզ են, թուրքերի ձեռքերով պատերազմել Ռուսաստանի դեմ: Իսկ այդ ճանապարհին միշտ կանգնած է եղել Հայաստանը, որը խանգարել է Արեւմուտքի ծրագրերին:
Այդ իսկ պատճառով Արևմուտքն այդքան լավ է վերաբերվում Թուրքիային (ռազմական և տնտեսական աջակցություն, ներդրումներ, նոր աշխատատեղեր, Կիպրոսի, Սիրիայի, Իրաքի տարածքների օկուպացիայի վրա աչք փակելը, Ռուսաստանի հետ համագործակցությունը և այլն)։ Այդ իսկ պատճառով Արևմուտքն այդքան վատ է վերաբերվում Հայաստանին (մշտական կեղծ խոստումներ, տնտեսական աղքատություն, դեգրադացիա, ապաինդուստրիացում, արտագաղթ, ցեղասպանություն, տարածքների կորուստ և այլն):
Պատմական փորձը հուսախաբ չի անում, երբ Հայաստանը Արևմուտքի հետ էր, միշտ էլ տեղի են ունեցել ցեղասպանություններ և տարածքների կորուստներ։ Ելնելով դրանից՝ կարելի է պնդել, որ կապիտալիստական Հայաստանը, գտնվելով Արևմուտքի ազդեցության տակ, ենթարկվելու է նոր օկուպացիայի և ցեղասպանությունների: Պետք չէ պատրանքներ տածել և կապիտալիզմի վրա հույս դնել, թե Արևմուտքը կօգնի Հայաստանին, ինչպես օգնեց Ալբանիային Կոսովայում ։
Հետևաբար կապիտալիզմը չարիք է, միայն սոցիալիզմը հնարավորություն կտա ոտքի կանգնեցնել երկիրը, կառուցել այնպիսի տնտեսություն, որը կտա ուժեղ բանակ, բնակչության աճ, զարգացած բժշկություն, գիտություն և մշակույթ։ Ի վերջո, միայն սոցիալիզմի պայմաններում է հնարավոր Արարատ լեռան, Արցախի, Նախիջևանի, Ջավախքի, Կարսի, Վանի և այլոց վերադարձը:
Comments