Ո՛չ պատերազմին, Ո՛չ իմպերիալիզմին
- 4 mar
- 2 Min. de lectura
Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հայտարարությունը Իրանի դեմ իրականացված ագրեսիայի կապակցությամբ:

ՀԿԿ Կենտրոնական կոմիտեն հայտնում է իր խորը վիշտ Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որոնք բազմաթիվ քաղաքացիական զոհերի պատճառ են դարձել։
Մեծ ցավով տեղեկացանք իրանցի աշակերտուհիների մահվան մասին։ Երեխաների սպանությունից առավել հանցավոր բան չի կարող լինել։ Մենք խստորեն դատապարտում ենք անմեղ երեխաների մահվան հանգեցնող ցանկացած գործողություն։ ՀԿԿ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, սիրելիներին և ողջ եղբայրական Իրանի ժողովրդին։ Մենք աջակցում ենք այս ողբերգական միջադեպերի արդար հետաքննության պահանջին։
Հետևելով Իրանում տեղի ունեցող զարգացումներին՝ մենք ստիպված ենք ևս մեկ անգամ ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա արբանյակների ապակառուցողական դերը։ Իրանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին ճնշման աճի և երկիրը անկայունացնելու փորձերի ֆոնին։ Մենք վերահաստատում ենք մեր կատեգորիկ անվստահությունը Միացյալ Նահանգների և նրա հանցակիցների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, մարդու իրավունքների քողի տակ, հետապնդում են զուտ եսասիրական աշխարհաքաղաքական նպատակներ՝ թուլացնել Իրանը որպես տարածաշրջանային տերություն և իրականացնել «գունավոր հեղափոխություն» ։ Ինչպես նախկինում զգուշացրել էինք, Հայաստանի իշխանությունների և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթուղթը բացահայտ հակաիրանական է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ուժերը փորձում շահագործել ցանկացած ողբերգություն՝ անհամաձայնություն և քաոս հրահրելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար բարեկամ երկրիր է և մեր ռազմավարական գործընկերը։ Մենք ունենք ընդհանուր սահման և բարիդրացիության դարավոր պատմություն։ Իրանում անկայունությունը անմիջական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության և տնտեսության համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չտրվել արտաքին սադրանքներին և զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է մեկնաբանվել որպես հակաիրանական արշավին մասնակցություն։ Այս դժվարին ժամանակներում մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք Իրանի ժողովրդի հետ։
ՀԿԿ-ն կոչ է անում միջազգային հանրությանը օբյեկտիվ գնահատական տալ ստեղծված իրավիճակին, կանխել Իրանի ներքին գործերին միջամտությունը և դադարեցնել քաղաքացիական անձանց կորուստները։ Մենք բարձրաձայն և միանշանակ հայտարարում ենք. պատերազմը պետք է ավարտվի։ Ցանկացած ռազմական հակամարտություն բերում է միայն մահ, ավերածություններ և հետագա տառապանքներ։ Անընդունելի է, որ արտաքին խաղացողները տարածաշրջանը մղեն մեծ պատերազմի շեմին։ Իրանի ժողովրդի արյունը չպետք է թափվի որևէ մեկի պահանջով։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ իրավիճակի սրացումից և բոլոր վեճերը լուծել բացառապես խաղաղ, դիվանագիտական միջոցներով։ Իրանին, Հայաստանին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին խաղաղություն է պետք։
Ո՛չ պատերազմին: Ո՛չ իմպերիալիզմին։
ՀԿԿ Կենտրոնական կոմիտե













Comentarios