Ի՞նչ են ցանկանում հայ կոմունիստները
Այսօրվա կործանարար վիճակի պատճառներն առաջացել են կապիտալիզմի հետևանքով, այն շուկայական տնտեսության, որը 33 տարի շարունակ ոչնչացնում է Հայաստանը:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայ կոմունիստները միակ քաղաքական ուժն են, որը հանդես է գալիս սոցիալիստական այլընտրանքով ներկայիս կապիտալիստական սոցիալ-տնտեսական համակարգին:
Սոցիալիզմը՝ որպես հասարակական-քաղաքական համակարգ, անցել է պատմության քննությունը և իրեն ցույց է տվել մարդկության պատմության մեջ լավագույն ձևով: Հայ ժողովուրդը ոչ կապիտալիզմի, ոչ ֆեոդալիզմի համակարգի օրոք, այլ միայն սոցիալիզմի օրոք կարողացավ ապրել մարդկային արժանապատիվ կյանքով և ունենալ տնտեսական զարգացած երկիր: Մեծ մասամբ նաև սոցիալիստական պետականության և կոմունիստների շնորհիվ է հայ ժողովրդին հաջողվել վերամիավորել իր պատմական տարածքների մի մասը:
Հայ կոմունիստները ցանկանում են կասեցնել քաղաքականության, տնտեսության, գյուղատնտեսության, գիտության, առողջապահության եւ այլն... այս անվերջանալի դեգրադացիան, պետականության անկումն ու նվաստացումը, ցեղասպան արտագաղթը, իշխող կապիտալիստների կողմից Հայաստանի շահերի ու տարածքի առևտուրը։ Այդ մասին ասվում է կուսակցության ծրագրում, -"Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր նպատակը եղել և մնում է հայ ժողովրդի գոյատևման ապահովումը, սոցիալական և ազգային ազատագրության, Հայկական հարցի արդարացի լուծման, պետականության հաստատման, սոցիալիստական շինարարության խնդիրների իրականացումը":
Այս ամենը բնական է և տրամաբանական, քանի որ հայրենասեր կոմունիստները միշտ ծառայել և առաջ են մղել Հայաստանի շահերը: Ի տարբերություն լիբերալ կուսակցությունների, որոնք միշտ անտեսել են Հայաստանի շահերը, և որպես մարմնավաճառ սպասարկել են Արևմուտքի շահերը:
Ցանկացած քաղաքական կուսակցություն կամ քաղաքական գործիչ, որը հանդես է գալիս կապիտալիզմի դրոշի ներքո, այսինքն՝ շուկայական տնտեսության օգտին, ի վիճակի չէ երկրին ելք տալ ստեղծված փակուղուց: Քանի որ այսօրվա կործանարար վիճակի պատճառներն առաջացել են կապիտալիզմի հետևանքով, այն շուկայական տնտեսության, որը 33 տարի շարունակ ոչնչացնում է Հայաստանը: Ժամանակակից պատմության ողջ զարգացումը, հատկապես Խորհրդային Միության փլուզումից ի վեր, հստակ ցույց տվեց, որ միայն սոցիալիզմը կարող է առաջնորդող աստղ լինել Հայաստանի համար, որ միայն սոցիալիստական Հայկական Հանրապետության ստեղծումը կլինի իմպերիալիզմի և կապիտալիզմի լծից դուրս գալու ճանապարհ: Հայ կոմունիստները հանդես են գալիս հենց այդ կարմիր դրոշի ներքո՝ սոցիալիզմի դրոշի ներքո։
Հայ կոմունիստները ցանկանում են, որ հասարակության պետական ղեկավարումը (դիկտատուրան) պատկանի ոչ թե կապիտալիստական փոքրամասնության դասին, այլ աշխատավորների դասի առաջադեմ մեծամասնությանը:
Հայ կոմունիստները քաջ գիտակցելով, որ ժամանակակից կապիտալիստական հասարակությունում, որը հիմնված է մասնավոր սեփականության տիրապետության և մարդու կողմից մարդու շահագործման վրա, չկա և չի կարող լինել շահերի ընդհանրություն ամբողջ ազգի մեջ, որը բաղկացած է անտագոնիստական դասերից, ուստի կոմունիստները հանդես են գալիս տնտեսության սոցիալիստական համակարգի և արտադրության միջոցների սոցիալիստական սեփականության օգտին։
Կապիտալիզմը բնակչության մեծամասնությունից խլեց նորմալ մարդկային կյանքի հնարավորությունը, մարդկանց դատապարտեց աղքատ գոյության: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի 2 միլիոնանոց բնակչությունից 700 հազար մարդ աղքատ է: Հայաստանի բնակչության մեծամասնությունը կարող է իրապես մարդկային կյանք ապահովել՝ միայն արմատապես փոխելով իր կեցության պայմանները։ Բայց դրա համար անհրաժեշտ է ոչնչացնել գոյություն ունեցող հասարակական համակարգը՝ կապիտալիզմը:
Opmerkingen