Ինչո՞ւ չի ստեղծվում երկբեւեռ կամ բազմաբեւեռ քաղաքական աշխարհ
- Redacción NOR SEVAN
- 16 jun
- 2 Min. de lectura
Կապիտալիստական երկիրը չի կարող պայքարել համաշխարհային կապիտալիստական համակարգի դեմ՝ Միևնույն ժամանակ մնալով հենց այդ համակարգում:

Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ
1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին սոցիալիստական հանրապետությունները մտան կապիտալիստական ճամբար, դրանով իսկ համաշխարհային քաղաքական համակարգը դարձավ միաբևեռ՝ կապիտալիստական, որտեղ գլխավոր հեգեմոնը դարձավ Միացյալ Նահանգներն իր արբանյակներով: Այս 34 տարիների ընթացքում անընդհատ խոսվում է երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհ ստեղծելու մասին, սակայն խոսակցություններից զադ, գործը չի գնում:
Իհարկե, համաշխարհային սոցիալիստական համակարգի ոչնչացումից հետո դեռ կան սոցիալիզմի կղզիներ (Կուբա, Հյուսիսային Կորեա, Վիետնամ), որոնք ոչ միայն կարողանում են հաջողությամբ զարգանալ սոցիալիզմի հիման վրա՝ թշնամական կապիտալիստական շրջապատում, այլև հակահարված են տալիս իմպերիալիստների բոլոր ոտնձգություններին և հարձակումներին: Բայց, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները և նրա արբանյակները, այս 34 տարիների ընթացքում, օգտվելով միաբևեռ աշխարհում իրենց դիրքից, հաջողությամբ իրականացնում են իրենց իմպերիալիստական-գլոբալիստական ծրագրերը համաշխարհային տիրապետության համար:
Եվ այստեղ խնդիր է առաջանում այն բանի հետ, որ համաշխարհային քաղաքականության մեջ փաստացի չի գտնվում որեւէ պետություն, կամ երկրների միություն, որոնք կարող էին ԱՄՆ-ին և նրա սաթելիտներին պահել քաղաքականության որոշակի զսպող շրջանակներում: Եվ այստեղ միանգամայն ակնհայտ է, որ միջազգային քաղաքականության մեջ այս վիճակի պատճառը կապիտալիզմն է: Չի կարող ամբողջի մի մասը պայքարել ամբողջի դեմ՝ մնալով ամբողջի շրջանակներում: Կապիտալիստական երկիրը չի կարող պայքարել համաշխարհային կապիտալիստական համակարգի դեմ՝ Միևնույն ժամանակ մնալով հենց այդ համակարգում:
Կապիտալիստական Ռուսաստանի և կապիտալիստական Արևմուտքի այսօրվա դիմակայությունը հենց այդպիսի բնույթ է կրում, թե ինչով կավարտվի այս դիմակայությունը, ցույց կտա ապագա ժամանակը, սակայն պետական հեղաշրջումը և հերթական Ելցինի ժամանումը բացառություն չեն զարգացման բոլոր հնարավոր տարբերակներից։ Ռուսաստանի քաղաքական իշխող դասը հիվանդ է արևմտամետության վիրուսով և բազմիցս դավաճանել է ինչպես իրեն, այնպես էլ իր դաշնակիցներին։ 15 տարի շարունակ Ռուսաստանի իշխող դասը՝ Պուտինի գլխավորությամբ, ինտեգրվել է Արևմուտքի հետ, իսկ այսօր նույն այդ անձինք պայքարում են նույն Արևմուտքի դեմ: Այստեղ ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ...
Ինչպես ցույց է տալիս քաղաքական փորձն ու կյանքը, իրատեսորեն կարող է գոյություն ունենալ միայն երկբևեռ քաղաքական համակարգ։ Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է, ինչը նշանակում է երկբևեռ համակարգ կարող է առաջանալ՝ հիմնվելով աշխարհի բաժանումը կապիտալիստական և սոցուիալիստական համաշխարհային համակարգերի, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ: Այսօր որևէ մեծ տերություն չի ձգտում սոցիալիզմի, դառնալ երկրորդ Խորհրդային Միությունը: Այդ իսկ պատճառով շարունակվելու է միաբևեռ կապիտալիստական աշխարհակարգը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
Ինչ վերաբերում է բազմաբեւեռ աշխարհի մասին խոսակցություններին, ապա դա կատարյալ զառանցանք է, քանի որ չեն կարող կապիտալիստական երկրները չենթարկվել միասնական կենտրոնին՝ Վաշինգտոնին։ Եվ ինչպես տեսնում ենք, Հնդկաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Թուրքիան առանձնապես չեն ձգտում դուրս գալ դոլարի վերահսկողությունից, այդ երկրների իշխող խավերին ձեռնտու է մնալ միաբևեռ աշխարհում։ Խոսքը կարող է լինել կապիտալիզմի շրջանակներում ուժային կենտրոնների ստեղծման մասին, բայց ոչ բազմաբեւեռ աշխարհի մասին:
Comments