Գվիդոնից մինչև Նիկոլ, կամ ինչու է մահացու վտանգավոր արևմտամետությունը
30 տարվա ընթացքում Հայաստանում նախագահներ ու վարչապետներ են փոխվել, սակայն Հայաստանի եվրոինտեգրման կուրսը մնացել է անփոփոխ:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայաստանի պատմական հարաբերությունները Արևմուտքի հետ երկար պատմություն ունեն։ Դժբախտաբար, հայ արևմտամետությունը սկսվել է Գվիդոնից շատ վաղուց և կշարունակվի նաեւ Նիկոլից հետո: Եղել են պատմական ժամանակներ, երբ Հայաստանը հանդես է եկել Արևմուտքի դեմ և եղել են պատմական ժամանակներ, երբ Հայաստանը հանդես է եկել Արևմուտքի հետ: Եթե վերլուծենք պատմական ժամանակաշրջանները, երբ Հայաստանը հանդես էր գալիս Արևմուտքի հետ, ապա պարզ է դառնում, որ արևմտամետ քաղաքականությունն ավելի շատ վնաս է պատճառել, քան Արևմուտքիդեմ պայքարի ժամանակ: Պատմական օրինակներից ու փորձից ելնելով՝ կարելի է հստակ ասել, որ Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի բացասական եւ թշնամական քաղաքականությունը պատմական օրինաչափություն է դարձել :
Տարբեր պատմական ժամանակաշրջաններում, Արևմուտքը տարբեր քաղաքական շահեր է ունեցել Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Հայկական լեռնաշխարհում, սակայն պատմականորեն այնպես է ստացվել, որ լինի Հայաստանը Արևմուտքի բարեկամը թե թշնամին, միեվնույն է Արևմուտքը վարել է հակահայկական քաղաքականություն։ Բանն այն է, որ Արևմուտքի քաղաքական շահերն ու Հայաստանի քաղաքական շահերը տարբեր են եղել և մինչ օրս տարբեր են մնում: Հայաստանի այն իշխող ուժերը, որոնք որոշակի նպատակներից ելնելով Արևմուտքի շահերը ներկայացնում են որպես Հայաստանի շահեր, կարճ ժամանակահատվածում հարցականի տակ են դնում Հայաստանի գոյությունը։
Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում, "Արևմուտք" բառի տակ ընդունել են տարբեր ժողովուրդներ ու պետություններ: Կային ժամանակներ, երբ Արեւմուտքը ներկայացնում էին և գերակշռում էին հույները, հռոմեացիները, բյուզանդացիները։ Հետո եկավ ֆրանսիացիների, գերմանացիների, իսպանացիների, պորտուգալացիների, հոլանդացիների, շվեդների, Հռոմի պապի, դանիացիների և այլն, գերիշխանության շրջանը: Իսկ բազմաթիվ հաղթանակներից հետո, որտեղ Անգլիան պատերազմ էր մղում Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Դանիայի դեմ, Մեծ Բրիտանիան վերածվեց Արևմտյան աշխարհի առաջատար երկրի: Արդեն 20-րդ դարում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ֆինանսական եւ ռազմական հզորությունների հիման վրա արեւմտյան աշխարհում ձեւավորվել է նոր առաջատար ուժ, որն ընդունված է անվանել անգլո-սաքսոնական համաշխարհային ուժ: ԱՄՆ-ի ռազմական, ֆինանսական հզորության գերիշխանության շնորհիվ Արեւմտյան աշխարհը կառավարվում է ԱՄՆ-ից: Արևմուտքն այս պատմական շրջանում միասնական է դարձել և գտնվում է ԱՄՆ-ի կառավարման ներքո։ Արդեն չկան այն եվրոպական երկրները ու առաջնորդները, ինչպիսին Շառլ դե Գոլն էր, որոնք կհամարձակվեն ԱՄՆ-ից տարբերվող քաղաքականություն վարել: Գրեթե բոլոր եվրոպական եւ ոչ միայն եվրոպական երկրները գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Այդ թվում և՝ Թուրքիան: Թուրքիան Արեւմուտքի անբաժանելի մասն է:
Այսպիսով, հնագույն պատմական ժամանակաշրջանում կարելի է տեսնել, թե ինչպես է Արևմուտքը զավթողական, ավերիչ և թալանչիական պատերազմներ վարում Հայաստանի դեմ: Հռոմեական կայսրության կողոպտիչ եւ նվաճող արշավները, Բյուզանդական կայսրության ցեղասպանական քաղաքականությունը հայերի վերաբնակեցման, ձուլման եւ ոչնչացման վերաբերյալ եւ այլն: Եւ ահա մի քանի պարզ պատմական օրինակներ, ինչ ողբերգական հետևանքներ բերեցին Հայաստանի իշխող շրջանակների ակնհայտ արևմտամետությունը, ստրկամտությունը և Արևմուտքի առաջ խոնարհումը։
Կիլիկիայի թագավոր Հեթում II-ը (1289-1301), ապաշնորհ մի թագակիր, որը իր թագավորության 11տարվա և խնամակալության 5 տարվա ընթացքում հինգ անգամ հրաժարվեց երկրի կառավարումից և երեք անգամ վանք մտավ որպես կաթոլիկ հոգևորական: Նա ամբողջությամբ հարեց կաթոլիկությանը և փորձեց երկրի թագավորության արտաքին և ներքին քաղաքականությունը ենթարկել Արեւմուտքի շահերին: Դա առաջ բերեց երկրում ներքին խլրտումներ և գահակալական կռիվներ, որից օգտվեցին արտաքին թշնամիները և հարձակումներ գործեցին Կիլիկիայի վրա:
Հեթում II-ը 1301 թվականին պաշտոնապես հրաժարվեց գահից և այն հանձնեց իր եղբորորդի Լեւոն IV-ին (1301-1307), բայց այդ անչափահաս թագավորի խնամակալության և խորհրդատուի պարտականություններն ու իրավունքները իր վրա վերցրեց, այլ կերպ ասած, շարունակեց կառավարել երկիրը: Այդ ժամանակ եգիպտական մամլուկների կողմից Կիլիկիայի համար ստեղծված վտանգը ավելի մեծացավ: Նրանք մի քանի անգամ հարձակվեցին թագավորության վրա եւ մեծ տագնապ առաջացրին երկրում: Մոնղոլների օգնությունն այլևս հուսալի չեր: Հեթում II-ը և հայոց կաթողիկոս Գրիգոր Անավարզեցին, որոնք իրենց լատինոմոլությունը վաղուց էին դրսևորել, սկսել են օգնություն խնդրել Հռոմի պապից եւ եվրոպական իշխանություններից: Իսկ պապը պահանջում էր, որ հայկական եկեղեցին ընդունի կաթոլիկ եկեղեցու ծիսակատարությունը ու սկզբունքները, այսինքն, ենթարկվի իրեն: Այդ կապակցությամբ 1307 թվականին Սիսում հրավիրվեց ժողով և քննարկվեց կաթոլիկ եկեղեցու հետ միանալու հարցը: Հեթումի և Լևոնի ճնշման ներքո ժողովականները ստիպված եղան համաձայնել եկեղեցու միացմանը կաթոլիկ եկեղեցուն և ենթարկվել Հռոմի պապին։ Սակայն այդ որոշումը չկատարվեց, որովհետև հայ բնակչությունը եւ հոգեւորականների մեծ մասը դեմ էին դրան: Այդ պատճառով երկրում առաջացան իրար դեմ պայքարող խմբավորումներ, և խախտվեց երկրի քաղաքական միասնություն:
Կիլիկիայի հարևան սելջուկյան և արաբական իշխանություններն այդ որոշումը դիտեցին որպես խաչակիրներին նորից Արևելք բերելու փորձ, և հայկական թագավորության հանդեպ նրանց թշնամական վերաբերմունքն ավելի ուժեղացավ: Նրանց դրդմամբ Կիլիկիայում որպես օգնական ուժ գտնվող մոնղոլական ջոկատի հրամանատար Փիլարղունը, որն արդեն մահմեդականություն էր ընդունել, Սսի ժողովից ութ ամիս հետո, 1307 թվականի հյուրասիրության պատրվակով իր մոտ է հրավիրում Հեթումին և Լևոն IV-ին, կազմակերպում նրանց սպանությունը:
Հայ ժողովրդին ոչ մի լավ բան չի բերել նաև Լևոն V-ի (1320-1342) արևմտամետ քաղաքականությունը: Արքունիքում լատինական տարրերի ազդեցության ուժեղացումը հեշտացրեց Լևոն V-ի արևմտամետ քաղաքականության իրագործումը: Նա 1331 թվականին, խախտելով Կահիրեի 1323 թվականի հաշտության պայմանները, առանձին նամակով դիմում է ֆրանսիական Ֆիլիպ թագավորին եւ Հռոմի պապին, հատուկ դեսպանություն է ուղարկում Եվրոպա, նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդրանքով: Ուղարկված դեսպանությունները դրական արդյունքի չհասան։ Հռոմի պապն ու եվրոպական պետությունները հայկական արքունիքին դատարկ խոստումներ տալուց այն կողմը չանցան: Եվ եթե պապը 30 հազար ոսկի խոստացավ Լևոն V-ին, ապա այն պայմանով, որ այդ գումարը հայոց թագավորը կստանա այն դեպքում, երբ հայերը ընդունեն կաթոլիկություն:
Արքունիքի արևմտամետքաղաքականության դրդապատճառներից մեկն էլ այն էր, որ նա մեծ չափով շահագրգռված էր արտաքին եւ ներքին առեւտրի զարգացմամբ, որովհետեւ դա պետությանը խոշոր եկամուտ էր բերում։ Իսկ այդ առևտրի մեծ մասն իրականացվում էր Արևմուտքի հետ: Լևոն V-ի վարած քաղաքականությունը ավելի ուժեղացրեց ներքին պառակտումը, սրեց արևմտամետ քաղաքականության կողմնակիցների -ունիթորների եւ հակաունիթորների պայքարը, բորբոքեց եգիպտական սուլթանության թշնամանքը Կիլիկիայի հայկական թագավորության նկատմամբ: Այս ամենի արդյունքը պատերազմն էր, որին հաջորդեց Կիլիկիայի հայկական թագավորության հերթական պարտությունը:
Թագավորության համար այդպիսի ծանր կացության ժամանակ, 1342 թվականին, երիտասարդ հասակում հանկարծամահ եղավ Լևոն V-ը, առանց ժառանգ թողնելու: Լևոն V-ի մահից հետո թագավորական գահը Հեթումյան դինաստիայից անցնում է ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյաններին, որոնք մոր կողմից ազգակից էին Հեթումյաններին, իսկ հոր կողմից Կիպրոսի թագավորական տանը: Սկզբում գահը անցավ Լևոն V-ի հորաքրոջ կրտսեր որդուն Ջիվան Լուսինյանին, բայց մեկ տարի անց նրան ստիպում են հրաժարվել գահից, այն հանձնում են նրա եղբորը, Գվիդոն Լուսինյանին: 1343 թվականին նրան օծում են Կիլիկիայի հայոց թագավոր Կոստանդին III անունով (1343-1344\5): Այդպիսով, Կիլիկիայում հաստատվեց Լուսինյանների դինաստիան:
Գվիդոն Լուսինյանին կամ Կոստանդին III-ը շարունակեց Լևոն V-ի արևմտամետ քաղաքականությունը: Դա գրգռեց նրա հակառակորդներին, որոնք 1344-1345 թվականներին կազմակերպեցին Կոստանդին III-ի սպանությունը:
Կիլիկիայի հայկական թագավորությունը պարտություն կրեց, որովհետեւ հայկական արքունիքը չկազմակերպեց եւ չմիավորեց երկրի ներքին ուժերը, հույսը դրեց եվրոպական պետությունների օգնության վրա, հավատաց Հռոմի պապի սին և խաբուսիկ խոստումներին, որոնք ոչինչ չտվեցին հայերին, բացի հարեւան իշխանությունների թշնամանքից: Արքունիքի վարած այդպիսի քաղաքականությունը երկրի ներսում առաջ բերեց երկպառակտություն, բորբոքեց պայքարը ունիթորների եւ հակաունիթորների միջեւ եւ անզոր դարձրեց երկիրը արտաքին նվաճողներին դիմադրելու գործում: Արևմտամետությունը խանգարեց թագավորության կառավարող շրջաններին Մերձավոր Արեւելքի պետությունների հետ խելացի ու հեռատես քաղաքականություն վարելու եւ երկրի համար խաղաղ զարգացման հնարավորություն ապահովելու գործում:
Դարեր անց, երբ աշխարհի քարտեզի վրա կրկին հայտնվեց հայոց պետականությունը, իշխող դասը հայ ժողովրդի ճակատագիրը կրկին կապեց Արևմուտքի հետ և հերթական անգամ պարտվեց: Խոսքը բուրժուական հանրապետության մասին է 1918-1920 թվականներին, որտեղ իշխում էին Արևմուտքի գործակալները՝ դաշնակցականները։ Դաշնակցականները մոլի արևմտամետներն էին, նրանք հույս ունեին Անտանտի երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա և Անգլիա) օգնությամբ կառուցել կապիտալիստական պետություն և լուծել տարածքային վեճերը հօգուտ Հայաստանի։ Ընդ որում, լիովին անտեսելով Խորհրդային Ռուսաստանի աճող դերը, եւ այն օգնությունը, որ նա առաջարկում էր Հայաստանին: Սակայն Արևմուտքի պլանները Հայաստանի նկատմամբ ինչպես միշտ թշնամական էին։ Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքային վեճերում Արևմուտքը միանշանակ սատարել է Ադրբեջանին։ Հայ-վրացական պատերազմում Հայաստանի ռազմական հաղթանակը Անգլիան վերածեց Հայաստանի դիվանագիտական պարտության։ Սեւրի պայմանագիրը եւ հայ-թուրքական Վիլսոնի գծած սահմանը մնացին թղթի վրա եւ այդպես էլ չիրականացան: Բացի այդ, Արևմուտքը կազմակերպեց 1920-ի հայ-թուրքական պատերազմը՝ հույս ունենալով այն վերածել ապագա ռուս-թուրքական պատերազմի: 1920թ. հայ-թուրքական պատերազմում կրած պարտության արդյունքում, դաշնակցականները գրեթե առանց մարտերի հայկական տարածքները հանձնեցին թուրքերին, այդ թվում՝ Կարսը, Արդահանը, Արարատ լեռը, Նախիջևանը, Ալեքսանդրապոլը և այդ ամենը ամրագրեցին իրավական պայմանագրով՝ ստորագրելով Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը:
Միայն կոմունիստների շնորհիվ հաջողվեց տապալել Արևմուտքի գործակալների՝ դաշնակցականների իշխանությունը։ Դրանով իսկ փրկել հայ ժողովրդին լիակատար ոչնչացումից և պահպանել պետականությունը:
70 տարի անց, պատմությունը կրկին կրկնվեց: Հայաստանում իշխանության եկան Արեւմուտքի նոր գործակալները: Հայաստանի իշխող "Հայոց Համազգային Շարժում" (ՀՀՇ) կուսակցությունը՝ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որոնք որոշեցին կրկնել դաշնակցականների ընդհատված ճանապարհը եւ նորից սկսել Հայաստանը ինտեգրել արեւմտյան աշխարհին: Այսինքն՝ Հայաստանը վերածել Արևմուտքի կիսագաղութի:
30 տարվա ընթացքում Հայաստանում նախագահներ ու վարչապետներ են փոխվել, սակայն Հայաստանի եվրոինտեգրման կուրսը մնացել է անփոփոխ: Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է 1995թ.: Իսկ արդեն 2001 թվականին Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ, դրանով Հայաստանը համաձայնել է իր վրա վերցնել Արևմուտքի մի շարք պարտավորություններ, որպեսզի նախապատրաստի պայմանները Հայաստանի անդամակցությունը Եվրամիության կազմում։ Եվրոպայի խորհրդի քարտուղարության եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական "աջակցությամբ" բարեփոխվել են ՀՀ համապատասխան օրենքները, այդ թվում՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները: Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է Եվրոպայի խորհրդի 66 կոնվենցիաներ:
Արցախի հարցի կարգավորման գործում արևմտամետությունը ևս իր բացասական դերն է ունեցել։ Եթե նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հստակ ընդունում էր Արևմուտքի պայմանները, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում և համաձայն էր դրան, ապա նախագահներ Ռ.Քոչարյանն ու Ս. Սարգսյանը որոշակի պատրանքներ ունեին, որ կարելի է հաջողությամբ եվրոինտեգրվել, բայց միևնույն ժամանակ դեմ հանդես գալ Արևմտյան պատկերացումներին արցախյան հարցում։ Այսպես ասած՝ համոզել Արևմուտքին, կամ համաձայնության գալ, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմից դուրս։ Չստացվեց, քանի որ չի կարելի միաժամանակ լինել Արևմուտքի վերահսկողության տակ և դեմ գնալ Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերին։ Արևմուտքի աջակցությամբ 2018 թվականին Հայաստանում պետական հեղաշրջման քողի տակ տեղի ունեցավ կրկեսային ներկայացում, որի արդյունքում վարչապետ նշանակվեց Փաշինյանը, ով փայլուն կատարեց Արևմուտքի աշխարհաքաղաքական պահանջները, փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ և Արցախը հանձնեց Ադրբեջանին:
Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը չճանաչելը, Հայաստանի՝ Արևմուտքից կախվածության ամենացայտուն ցուցանիշն է։ Հայաստանում իշխող արևմտամետ ուժերը գերադասում էին եվրոինտեգրումը, արեւմտյան վարկերը քան Արցախը ու Հայաստանի շահերը:
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ դարից դար, հայկական քաղաքականության ներկայացուցիչների շրջանում մշտապես կարմիր գծով ընթանում է խոնարհումը և ստրկամտությունը Արևմուտքի առաջ: Հայկական պետական շահերի մշտական անտեսումը և Արևմտյան շահին ծառայելը։ Ամեն անգամ, երբ Հայաստանում իշխանության էին գալիս Արևմուտքի գործակալները, ամեն անգամ հայերը կորցնում էին պետական ինքնուրույնությունը, տեղի էին ունենում տարածքային նոր կորուստներ, նոր պատերազմներ, խաղաղ բնակչության ցեղասպանություն և այլն։ Հայկական արևմտամետությունը անբուժելի հիվանդություն է, վարակիչ վիրուս, ներս թափանցելով՝ մարդուն զրկում է առողջ բանականությունից:
Ինչպես ասում են, սխալվելը մարդկային է, հիմարություն է սխալ պնդելը: Ամեն անգամ Արեւմուտքի գործակալները համոզում են հայ ժողովրդին, որ կապելով իր ճակատագիրը՝ Արեւմուտքի հետ, կյանքը կլինի ավելի լավ, ավելի երջանիկ և անվտանգ: Ամեն անգամ հայ ժողովուրդը կրկնում է այդ սխալը, իր ճակատագիրը կապելով Արևմուտքի հետ և կանգնում է պետականության կորստի առաջ:
Comments