Մի ամոթալի փաստի մասին
Տեղի ունեցած է Թեհերանի հայկական համայնքի պատգամավորական ժողովի ընտրությունների ժամանակ: Թեհերանում գործող դաշնակցականները, նույնիսկ 21-րդ դարում, չեն հասկացել, որ բռնությամբ, խարդախությամբ, կեղծիքով հնարավոր չէ ապահովել հայության միասնությունը։
Պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյան, Պատմական գիտությունների դոկտոր
Մի քանի օր առաջ իմ ընկերներից մեկն ուղարկել էր Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի ելույթի տեսագրությունը։ Այդ ելույթից պարզվում է, որ Եվրոպայի հայերի համագումարը չի ենթարկվում որևէ քաղաքական կուսակցության կամ քաղաքական ուժի, չի գտնվում դրանցից որևէ մեկի ազդեցության ներքո։ Դա, իհարկե, դրական երևույթ է և կարևոր՝ սփյուռքի միասնության գործում։
Կարո Հակոբայնի ելույթում հայտնվում է նաև 2023 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած Թեհերանի հայկական համայնքի պատգամավորական ժողովի ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկին Դաշնակցության կողմից ծեծի ենթարկելու մասին։
Կարո Հակոբյանը հայտնում է, որ ծեծի ենթարկված պատգամավորը Դաշնակցության անդամ չէ և վայելում է հայկական խոշոր թաղամասերից մեկի բնակչության մեծամասնության հարգանքը և ընտրվել է պատգամավորական ժողովի անդամ։
Կարո Հակոբյանն ելույթում հայտնում է այն մասին, որ Թեհերանի Հայոց եկեղեցու առաջնորդը հայկական համայնքի միասնության ջատագովը լինելու փոխարեն պաշտպանում է դաշնակացականների գործունեությանը։ Այս կապակցությամբ հետաքրքիր է իմանալ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի վերաբերմունքի մասին։
Մենք ապրում ենք 21-րդ դարում։ Այս դարը իր հետ բերել է բազմաթիվ մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար երկրագնդի երկներից ու ժողովուրդներից պահանջվում են մեծ ջանքեր։
Այդ մարտահրավերները մեծապես ազդելու են նաև սփյուռքի հայության ապագա ճակատագրի վրա։
Ուստի, հայապահպանման համար ստեղծված դժվարությունները հաղթահարելու կարևոր միջոցը մնում է սփյուռքի հայության միասնության ապահովումը։
Թեհերանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Դաշնակցության վարքագիծը չի համապատասխանում սփյուռքի հայության միասնության շահերին։ Թեհերանում տեղի ունեցած փաստը վկայում է, որ դաշնակցությունը շարունակում է գործել հին, բայց դատապարտված ոճով։
Անհրաժեշտ է այդ կապակցությամբ նշել մի քանի փաստ․
1- 1881 թվականին Խաչատուր Կերեքցյանը Էրզրումում ստեղծել էր հայ ազատագրական շարժման առաջին կազմակերպությունը՝ «Պաշտպան հայրենյաց»-ը, որի նպատակն էր Արևմտյան Հայաստանն ազատագրել թուրքական բռնակալությունից։ 1882 թվականին կազմակերպության գոյությունը բացահայտվում է․ Խաչատուր Կերեքցյանը դատապարտվում է բանտարկության։ 1886 թվականին Կերեքցյանը ազատվել է և վերադարձել Էրզրում՝ փորձելով շարունակել իր գործունեությունը։ Նոր ստեղծված Դաշնակցության անդամները Խաչատուր Կերեքցյանին պահանջել են գործել դաշնակցության անունից։ Սակայն Կերեքցյանը մերժել է այդ առաջարկությունը, քանի որ չէր ընդունում Դաշնակցության գաղափարախոսությունը։ Էրզրումի դաշնակցականները 1891 թվականի սեպտեմբերին սպանել են Խաչատուր Կերեքցյանին։
Խաչատուր Կերեքցյանը Դաշնակցության ահաբեկչան գործունեության առաջին զոհը դարձավ։
2- 1890-ական թվականների սկզբին Տարոնում սկիզբ էր առել Ֆիդայական շարժումը՝արժանանալով հայ բնակչության համակրանքին։ Դաշնակցականները փորձում են ճնշում գործադրել Տարոնում ծավալված ազատագրական շարժման մասնակիցների վրա և նրանց համոզել, որ գործեն Դաշնակցության անունից։ Բայց ստացել են մերժում։ Այս մասին վկայել է Տարոնի ազատագրական շարժման ղեկավարներից Սարգիս Բդեյանը՝ իր հուշագրության մեջ գրելով նաև հետևյալը․ «Ո՞ւր էր Դաշնակցությունը, երբ մենք կռվում էին թուրք հրոսակաների դեմ»։
3- 1903 թվականին մի խումբ հնչակյան մարտիկներ մահափորձ են կատարել Կովկասի փոխարքա Գոլիցինի դեմ։ Հնչակյան մարտիկներից երկուսը զոհվում են, իսկ Մհեր Մանուկյանին՝ հաջողվում է անցնել Թավրիզ։ Այստեղ դաշնակները պահանջել են, որպեսզի Մհեր Մանուկյանը հայտարարի, թե Գոլիցինի դեմ մահափորձը կատարել են Դաշնակցության հրահանգով։ Երբ Մհեր Մանուկյանը հրաժարվել է, նրան դաժանաբար սպանել են։ Այս մասին 1906 թվականին հաղորդել է «Մշակ» թերթը։
4- 1907 թվականին մի խումբ դաշնակցականներ Համազասպի գլխավորությամբ մեկնել են Կրասնովոդսկ քաղաք, որ այստեղ աշխատող հայ բանվորներից գումար հավաքեն՝ Արևմտյան Հայաստանի ազատագրության համար զենք ձեռք բերելու նպատակով։ Գումարը հավաքելուց հետո Համազասպի խումբը ամբողջ գիշեր Կրասնովոդսկի պանդոկում քեֆի է նստել։ Այս իրողությունն առաջ է բերել հայ բանվորների դժգոհությունը։ Կատարվածի մասին Հայկ Մկրտչյանը նամակ է ուղարկել «Մշակ» թերթին, որը տպագրվել է։ Դրանից հետո Հայկ Մկրտչյանին սպանել են։ Ոստիկանական դեպարտամենտը քրեական գործ է հարուցել, բայց հանցագործները չեն բացահայտվել։
5- 1909 թվականի գարնանը թուրքական իշխանությունները կազմակերպել են Ադանա քաղաքում հայ բնակչության ջարդ։ Զոհվել է 30․000 մարդ։ Թուրքական պարլամենտում դաշնակցական պատգամավորները լռել են և այդ մասին չեն բողոքել։ Նկատի ունենալով դաշնակացական պատգամավորների լռությունը՝ «Բյուզանդիոն» թերթի խմբագիր Բյուզանդ Քեչյանը խմբագրական հոդվածում գրել է․ «Դաշնակցական պատգամավորները գիտեն,որ խոսելը արծաթ է, իսկ լռելը՝ ոսկի»։ Այս խոսքերի համար Կ․Պոլսի պատրիարքարանի բակում Բյուզանդ Քեչյանին դաշնակցականները ծեծի են ենթարկել։ Բյուզանդ Քեչյանը այն անձն է, որը, իր կյանքը վտանգի ենթարկելով, կարողացել է աքսորավայրերում փնտրել ու գտնել Կոմիտասին և գաղտնի տեղափոխել Կ․Պոլիս։ Որոշ ժամանակ Բյուզանդ Քեչյանը խնամել է Կոմիտասին և հետո տեղափոխել է Փարիզ՝ բուժվելու։
6- Հայրենասիրական գործունեության համար դաշնակցականները մշտապես հալածել են ամերիկահայերի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Ղևոնդ Դուրյանին։ Չկարողանալով Ղևոնդ Դուրյանին լռեցնել՝ դաշնակցականները1933 թվականի դեկտեմբերի 24-ին Նյու Յորքի Ս․ Խաչ եկեղեցում դաշունահարելով սպանել են նրան։
Բավարարվենք բերված փաստերով և ընդգծենք, որ Թեհերանում գործող դաշնակցականները, նույնիսկ 21-րդ դարում, չեն հասկացել, որ բռնությամբ, խարդախությամբ, կեղծիքով հնարավոր չէ ապահովել հայության միասնությունը։ Նրանք չեն հասկանում, որ հայության միասնությունը կարելի է ապահովել բացառապես արժանապատիվ գործողություններով և մաքուր խղճով։
Եվրոպայի հայերի համագումարի նախագահը, հավանաբար պահպանելով էթրիկայի նորմերը, չի նշել բնակչության մեծամասնության քվեն ստացած պատգամավորի անունը։ Բայց դա մեզ չի խանգարում այդ պատգամավորին ցանկանալ առողջություն և հաջողություններ՝ հայության միասնությունն ամրապնդելու և ժողովրդի շահերը պաշտպանելու գործում։
Comments