top of page

Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

"Ես թույլ կտամ ինձ հիշել, թե ինչպես հասանք զինված հակամարտության դադարեցման պայմանավորվածությանը: Եվ այն ժամանակ էլ մենք բոլորս ելնում էինք նրանից, որ ամենագլխավորը` խաղաղություն հաստատելն ու զարգացման համար պայմաններ ապահովելն է", ընդգծեց նախագահ Պուտինը:


Սոչիում տեղի է ունեցել Հայաստան Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:


Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես Ղազախստանում ենք պայմանավորվել, այսօր հանդիպում ենք Սոչիում: Սոչին որպես հանդիպման վայր նույնպես ընտրվել էր Ձեր և նախագահ Ալիևի կողմից: Մենք նման ֆորմատով այստեղ ոչ մեկ անգամ ենք հանդիպել: Ներողություն եմ խնդրում աշնանային եղանակի համար, սակայն ոչինչ անել չես կարող: Գլխավորը դրանում չէ, գլխավորը, որպեսզի կա հանդիպման, խոսելու հնարավորություն:


Գործնականում մենք արդեն սկսել ենք այդ քննարկումը, երբ հանդիպեցինք Աստանայում, որպեսզի նման լուրջ և ձգձգված հարցի, նման խնդրով զբաղվենք: Դրա համար էլ իրականացնում ենք Ձեր նախաձեռնությունը:


Բոլորովին վերջերս Ձեր նախաձեռնությամբ հեռավար կերպով անցկացվեց ՀԱՊԿ պետությունների առաջնորդների նիստը: Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղաևաբաղի շուրջ: Այդ հակամարտությունը ձգձգվում է արդեն տասնամյակներ, դրա համար էլ պետք է ինչ-որ ժամանակ այն ավարտել, համաձայն եմ դրա հետ: Գիտեմ, որ Դուք ունեք քաղաքական կամք դրա համար, և մենք ամեն կերպ աջակցում ենք: Մենք Ձեզ հետ պետք է, իհարկե, հիմա, այնուհետև եռակողմ ֆորմատով գտնենք առանցքային պահերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել:


Ես թույլ կտամ ինձ հիշել, թե ինչպես հասանք զինված հակամարտության դադարեցման պայմանավորվածությանը: Եվ այն ժամանակ էլ մենք բոլորս ելնում էինք նրանից, որ ամենագլխավորը` խաղաղություն հաստատելն ու զարգացման համար պայմաններ ապահովելն է, այդ թվում` Հայաստանի տնտեսության զարգացման համար, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, նոր երթուղիների ստեղծումը, բոլոր հարցերը, որոնք կապված են տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի հետ, վերջնաարդյունքում դա այն է, ինչի համար մենք աշխատում ենք: Այդ ամենը ծրագրվում է մարդկանց շահերից ելնելով: Դրա համար մենք պետք է այսօր խոսենք այդ բոլոր հարցերի շուրջ, և հույս ունեմ, որ առաջ կշարժվենք:


Մենք մշտապես ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, ինչպես ասացի ՀԱՊԿ առաջնորդների հետ հանդիպմանը` հեռավոր ժամանակներից մինչ օրս: Դրա համար սա մեզ համար ամեն դեպքում յուրահատուկ իրավիճակ է: Հույս ունեմ, որ մենք այսօր կկարողանանք առաջ քայլեր կատարել կարգավորման ուղղությամբ: Ուրախ եմ Ձեզ տեսնել»:


Վարչապետ Նիկոլ Փաշինյան -«Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի:


Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի և այսօրվա եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար։ Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը ծավալուն է, բայց Ձեր թույլտվությամբ, բացման խոսքում ես կկենտրոնանամ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա։


Անցյալ շաբաթ «Վալդայ» բանավեճային ակումբում Դուք բարձրացրեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ ընդգծելով այս գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայկական կողմը։


Ձեր մասնակցությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են ռուսական կողմի՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը» նախագծով առաջարկված մոտեցումները։


Հուսով եմ, որ Դուք կաջակցեք այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության տեքստում այս փաստաթղթին հղվելու առաջարկը։ Հայաստանն առաջարկել է, սակայն մինչ այժմ մենք չունենք հաստատում, որ ռուսական կողմը սատարում է այս առաջարկին։ Ցանկանում եմ ընդգծել, որ դա որևէ կերպ չի հակասում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում այս տարվա հոկտեմբերի 6-ին։ Ի դեպ, պրահյան բանակցությունների ընթացքում ես ուղղորդվել եմ Ձեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,


Մեզ համար շատ կարևոր է ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ուր նրանք ներխուժել են այս տարվա մարտին։ Հակառակ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների՝ ադրբեջանական զորքերը դեռ դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում այս հարցը կլուծվի:


Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացին, ապա նախքան սահմանազատման աշխատանքների սկիզբը՝ մենք բազմիցս ընդգծել ենք, որ դրան պետք է նախորդի ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու մեխանիզմների ստեղծումը։ Ռուսաստանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ու աշխատանքը ինքնին կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։


Անկեղծ ասած, այն ժամանակ մենք չէինք կիսում այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի, այսինքն Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Չնայած դրան, այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ։ Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումն այս հարցում, ըստ որի` անհրաժեշտ է ադրբեջանական զորքերը դուրս բերել ելման դիրքեր 2021 թ-ի մայիսի 11-ի դրությամբ:


Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա Դուք գիտեք, որ Հայաստանը շատ շահագրգռված է դրանում։ Եվ մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ ընդունել՝ հիմնվելով 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Այս համատեքստում մենք հիմնվում ենք նաև Ձեր՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետի և 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Ձեր հեռուստաուղերձի վրա, որոնցում արտացոլված են մեր պայմանավորվածությունները։


Իսկ հարցի էությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ։


Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,


ցանկանում եմ ընդգծել Ադրբեջանում պահվող բոլոր Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձության հարցի կարևորությունը։ Չնայած այն հանգամանքին, որ մենք տասնյակ անգամներ քննարկել ենք այս հարցը, և հակառակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ հարցը մինչ օրս չի լուծվել։


Շնորհակալ եմ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության համար գործադրած ջանքերի համար»։


ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2022 թ.

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page