top of page

«Աշխարհիս երեսին ապրող ազգերից ամենախաղաղասերը»

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի հոդվածը Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական կապերի հաստատման 32 ամյակի և հայ-չինական հարաբերությունների մասին։



Խոսել և գրել Չինաստանի մասին առանց զարմանքի և հպարտության, պարզապես անհնար է։ Մենք զարմանում ենք Չինաստանի ձեռքբերումներով և հպարտանում, որովհետև այդ ձեռքբերումների առանցքային կազմակերպիչը մեր եղբայրական՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն է։


ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն ապացուցեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ժողովրդին, հաշվի առնելով նրանց կարիքներն ու հենվելով նրանց վրա, առաջնորդվելով կուսակցության մշակած ռազմավարությամբ, Չինաստանը ոչ միայն արագորեն զարգանում է տնտեսապես, այլև հանդիսանում է զարգացած գիտությունով, առողջապահությունով, մշակույթով սոցիալիստական պետություն։


Ինչպես վայել է Կոմունիստական կուսակցությանը՝ այն է հումանիզմը, փոխօգնությունը, սովորական մարդկանց մասին մտածելու անհրաժեշտությունը, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ նախագահ Սի Ծինփինի գլխավորությամբ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում զարգացող երկրներին օգնելու քաղաքականությունը։ Դրա վառ ապացույցներից են Երևանի ավտոբուսային պարկը, «Շտապ օգնություն» ծառայության մեքենաները, որոնց մեծ մասը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նվերն է մեր երկրին։ Խոսելով հումանիզմի վեհ գաղափարից, չենք կարող չնշել չինացի բժիշկների և գիտնականների անձնազոհությունը համավարակի տարիներին, երբ այդ մահաբեր չարիքի դեմ այդքան անհրաժեշտ պատվաստանյութը ստեղծվեց Չինաստանում և անվճար բաժանվեց կարիքավոր երկրներին։ Ինչպես ասում են, ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում, մինչ նույն ժամանակահատվածում արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ն շահույթ, նույնիսկ գերշահույթ էին ստանում պատվաստանյութի վաճառքից, Չինաստանի՝ հիրավի դեմոկրատական ղեկավարության հրամանով այն բաժանվում էր անվճար։


Հենց նախագահ Սի Ծինփինն էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76- րդ նստաշրջանում առաջ քաշեց «Գլոբալ զարգացման նախաձեռնությունը»՝ աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով։ Այս հմուտ ղեկավարի, Չինաստանի Կոմունիստական կուսակցության և չին ժողովրդի շնորհիվ է, որ այլևս չկա միաբևեռ աշխարհ։ Ի դեմս սոցիալիստական Չինաստանի, կա մի հզոր երկիր, որը պատրաստ է իր հաջողություններով ու ձեռքբերումներով կիսվել մյուս ժողովուրդների հետ։ Միայն Չինաստանի գոյության փաստն արդեն հույս է ներշնչում զարգացող երկրներին, որ հնարավոր է ազատվել կապիտալիստական լծից և կերտել իրական ժողովրդավարական երկիր, որը կծառայի սեփական ժողովրդին։ Զարգացման այս ուղին բռնելու համար հարկավոր է ընդամենը փոխառել չինական առանձնահատկություններով սոցիալիզմի գաղափարը, տեղայնացնել այն, խորապես ուսումնասիրել հիրավի իմաստուն առաջնորդ Սի Ծինփինի առաջարկած զարգացման մեթոդներն ու դրանց ուղիները։


Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իր զարգացման ուղին բռնեց 1949թ, երբ Չինական Մեծ Հեղափոխությունն արագացրեց այս հոգնած հողագնդի պտույտները։ Չինաստանի իմաստուն ղեկավարները, տեսնելով ԽՍՀՄ փլուզման դառը պատկերը, արեցին համապատասխան հետևություններ և թույլ չտվեցին, որ նույնը կրկնվի նաև Չինաստանում։


Ի՞նչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ մի բան, որը հետագայում պիտի կոչվեր «Չինական տնտեսական հրաշք» և դրա տրամաբանական շարունակությունը դառնար չինական առանձնահատկություններով սոցիալիզմի գաղափարը։


Օգտվելով տնտեսության զարգացման համաշխարհային փորձից՝ չինացիները երբեք չհրաժարվեցին սեփական ուժերի վրա հենվելու սկզբունքից և երբեք չդարձան Միջազգային արժութային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գերին։ Տնտեսական զարգացման կողմնորոշիչները դարձան համընդհանուր դրույթները՝ պլանային տնտեսությունից անցում կատարեցին դեպի շուկայական տնտեսություն, ընդլայնեցին տնտեսական ինքնուրույնությունը, ապահովեցին կոլեկտիվ ու անհատական մանր տնտեսությունների համատեղ զարգացումը, աստիճանաբար ծավալեցին շուկայական հարաբերությունները, վերանայեցին պլանավորման սկզբունքները, վերացրին աշխատավարձի աճի սահմանափակումները։


Չինաստանի Կոմկուսը ցույց տվեց, որ ժամանակին ուսումնասիրելով երկրի արտադրողական ուժերի զարգացման ընթացքը, կազմակերպել է սոցիալիզմի հիմնական սկզբունքներից բխող սոցիալիստական այնպիսի հարաբերություններ, որոնք նպաստավոր պայմաններ կստեղծեն երկրի զարգացման համար։ Ահա այստեղ է Չինաստանի նոր թռիչքը, որը զարմացրել է աշխարհին։


Ընթերցողներին շատ չծանրաբեռնելու համար, բերեմ ընդամենը մեկ օրինակ՝ Չինաստանի տնտեսական աճը բարեփոխումների տարիներին կազմել է տարեկան 6-10%, որը 3-4 անգամ գերազանցում է ԱՄՆ տնտեսական աճին։ Այս բարեփոխումների շնորհիվ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պաշտոնապես հաղթահարել է աղքատությունը։


Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, իր մեջ ամփոփելով չին ժողովրդի հազարամյա իմաստությունը, սերունդների հաջորդականությունն և հենց այդ հաջորդականության մեջ էլ անքակտելի միասնականությունը, այսօր աշխարհին առաջարկում է Չինական արդիականացման մոդելը, որից կարող են և պետք է օգտվեն մյուս պետություններն ու ժողովուրդները ևս։


Այս մասին 2022թ․ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարին հայտարարեց գլխավոր քարտուղար Սի Ծինփինը։ Չինական արդիականացման մեջ կարելի է առանձնացնել անկյունաքարային 9-ը դրույթներ, որոնք էլ պետք է հիմք ծառայեն ավելի արդար, ազնիվ, խաղաղասեր և բարեկեցիկ հասարակություն կառուցելու համար։


Եթե փորձենք հնարավորինս համառոտ ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Չինական արդիականացման սկզբունքը՝ կստանանք հետևյալ պատկերը, որ աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր պետություններն ու ազգերը կարող են տնօրինել իրենց ճակատագիրը՝ չենթարկվելով ԱՄՆ-ի, արևմուտքի, միջազգային հիմնադրամների ճնշումներին ու հալածանքներին։ Ժողովրդի կենսամակարդակը պետք է բարձրանա, դրան զուգահեռ նաև պետք է տեղի ունենա հոգևոր զարգացմում՝ հիմնված ազգային արժեքների և առանձնահատկությունների վրա։ Մարդն ու բնությունը պետք է գտնվեն ներդաշնակության մեջ, հետագա սերունդների գոյությունը ևս չվտանգելու համար։ Այս ամենի առանցքային կետերից մեկը նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության դրույթի իրականացումն է, որը կերաշխավորի զարգացման արդյունավետությունը։ Եվ ամենագայթակղիչն այն է, որ չկա պարտադրման սկզբունք։ Եթե ԱՄՆ-ն, արևմտյան երկրները հեգեմոն դիրքերի են հասել պատերազմների, ավերածությունների, թալանի, հաճախ նաև ամբողջական ժողովուրդներ վերացնելու շնորիվ, ապա Չինաստանը իր հզորությանը հասել է բացառապես իր իմաստության և աշխատասեր ժողովրդի շնորհիվ։ Չկա մի դեպք, մի պատմական փաստ, որտեղ հնարավոր կլինի մեղադրել Չինաստանին ագրեսիայի կամ անեքսիայի մեջ։


Հայաստանի Կոմունիստական կուսակությունը ամբողջովին հավակնում է Չինական արդիականացման մոդելը և պատրաստ է չխնայել ջանք ու եռանդ փոխառնելու Չինաստանի փորձը և բացահայտելու սեփական զարգացման ուղին, որովհետև այն ուղղված է բացառապես ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանն ու բարգավաճմանը։


Այս տարի լրանում է նաև մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 ամյակը։ «Աշխարհիս երեսին ապրող ազգերից ամենախաղաղասերը»,- ահա այսպես է նկարագրում չին ժողովրդին հայոց պատմահայր Մովսես Խորենացին։ Հայ-չինական հարաբերություններն ունեն դարերի ավանդույթ, երկու ժողովուրդները դեռ վաղնջական ժամանակներից հարաբերվել են միմյանց հետ, փոխադարձաբար ծանոթ եղել միմյանց մշակույթին։ Ահա թե ինչ է գրում միջնադարյան հայ գիտնական Անանիա Շիրակացին․«նրանց նախնիների հիմնական գաղափարն այն էր, որ մարդուն առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն և հանգստություն։ Հրաժարվելով պատերազմներից, չինացիներն այնպիսի ազդեցություն են ձեռք բերել, որը չունեն Եվրոպացիները։ Այն ժամանակ, երբ Չինաստանում երեխաները ծնվում են կայուն կյանքով ապրելու համար, Եվրոպայում երեխաները կարծես թե ծնվում են սրի տակ մեռնելու համար»։


Հայերը՝ լինելով Մետաքսի ճանապարհի հատման խաչմերուկում, հաստատել են առևտրական հարաբերություններ Չինաստանի հետ։ Հայաստանից արտահանվել են տարատեսակ հումք, ներկեր, հատկապես որդան կարմիր, իսկ Չինաստանից միևնույն ժամանակ ներկրվել են ճենապակի, մետաքս, գորգեր և այլ ապրանքներ։


Հայ-չինական մշակութային և քաղաքական կապերն ավելի ամրապնդվեցին խորհրդային տարիներին։ Մեր չին գործընկերների հիշողության մեջ հատկապես դաջված է հայ ժողովրդի պանծալի զավակ, մեծ հեղափոխական, կոմունիստ Անաստաս Միկոյանի անունը, ով 1949թ հունվարի 25-ից մինչև փետրվարի 8-ը, Մաո Ցզեդունի հրավերով և Իոսիֆ Ստալինի հանձնարարությամբ մեկնում է Չինաստան։ Միկոյանի ինքնաթիռը վայրէջք է կատարում Գոմինդանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, սակայն դա չի խանգարում նրան, որպեսզի վտանգելով իր կյանքը, պարտիզանների օգնությամբ հասնի գլխավոր շտաբ և մի շարք հանդիպումներ ունենա Մաո Ցզեդունի, Ճոու Էնլայի, Ճու Դենի և Չինաստանի կոմունիստական կուսակցության այլ ղեկավարների հետ։ Հենց այդ հանդիպումների ժամանակ են քննարկվել այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են ԽՍՀՄ կողմից Չինաստանին ցույց տրվելիք օգնությունը, Չինաստանի քաղաքական ապագա կառուցվածքը, մարքսիզմ-լենինիզմի տեսության ստեղծագործական զարգացումը և այլն։ Հենց խորհրդային տարիներին է չինարեն թարգմանվել և հրատարակվել «Հայկական ժողովրդական հեքիաթները», «Հայկական պատմվածքները», «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը և այլն։


Հայ ժողովուրդը միշտ խոր հարգանք և հետաքրքրություն է տածել չինական մշակույթի հանդեպ։ Դրա վառ ապացույցն է Հայաստանում տպագրվող և հաշված ժամերի ընթացքում գրախանութներից անհետացող «տասն հազար սերունդների առաջնորդ» Կոնֆուցիուսի երկերը։

Չինաստանի Ժողովրդական հանրապետությունն առաջիններից էր, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Այդ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացող բնույթ։ Հայաստանում 2009թ. բացվեց Կոնֆուցիուսի ինստիտուտը, 2018թ-ից գործում է «Հայ-չինական բարեկամության դպրոցը», որտեղ օրըստօրէ ավելանում են չինարեն լեզու սովորել ցանկացող երեխաների թիվը։ Պարբերաբար տեղի են ունենում երկկողմ մշակութային միջոցառումներ։ Չինաստանը առանցքային դեր է խաղում Հայաստանի տնտեսական կյանքում, իսկ առևտրի ծավալներն գնալով միմիայն աճում են։


Հաշվի առնելով այս դարավոր կապը, մենք էլ ավելի պարտավորված ենք զգում երկկողմ բարեկամական շփումների խորացման և չինական փորձը մեզ մոտ ներդնելու մեջ։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page