top of page

Գարեգին Նժդեհ. Առասպել և իրականություն - մաս 3

Հետազոտող և պատմաբան Աշոտ Աբգարյանը կարևոր աշխատանք կատարեց քաղաքական և զինվորական գործիչի կյանքի և գործունեության մասին, որու վիճելի գործողությունները նրան դարձնում են սիրված կամ ատելի հայության համար: Նա կռվել է թուրքերի դեմ, բայց նաև դիմել է նրանց "բարեկամության ու եղբայրության" կոչով, ընդդեմ բոլշևիկների: Նա կռվել է խորհրդային իշխանության դեմ, բայց ձերբակալվելուց հետո անդադար հավաստիացնում էր խորհուրդների և անձամբ "մեծ Ստալինի" նկատմամբ իր "անկեղծ բարեկամության" մասին: Եղել է դաշնակցության անդամ, որի հետ գժտվելուց հետո այսպես գրեց. "Հիմա արդեն Դաշնակցությունը մեռնող երևույթ է... Նա պետք է չքվի": Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայության անցավ հիտլերյան նացիստների մոտ: Հետագայում ձերբակալվել է, իր ծառայություններն է առաջարկել նաև խորհրդային պետանվտանգության մարմիններին: Հատուկ հանձնաժողովի կողմից դատապարտվել է Զանգեզուրում հակախորհրդային գործունեության և գերմանական նացիստներին ծառայելու մեղադրանքով:

Աշոտ Աբգարյան, Հայաստան


Նժդեհը երբեք շատ թե քիչ հաստատուն համոզմունքներ ու սկզբունքներ չի ունեցել, ոչ քաղաքական, ոչ կրոնական և ոչ էլ բարոյական: Նա միշտ և բոլոր պարագաներում գործել է ըստ հանգամանքների և պատեհության, գործել է այնպես, ինչպես տվյալ իրավիճակում կարծել է իրեն շահեկան, միմիայն իրեն: Բայցև մեզ հայտնի հայ քաղաքական ու պատմական դեմքերից ոչ ոք այնքան շռայլորեն չի բանեցրել իր անդադրում գրիչը հենց գաղափարին, սկզբունքայնությանը, ինքնազոհողությանն ու բարոյականությանը դիֆիրամբներ ձոնելու համար, որքան Նժդեհը, մի տեսակ կարծես թղթից ու գրչից վրեժ լուծելով իր մեջ այդ ամենի չգոյության համար:


ԵՎ դարձյալ դժվար թե գտնվի մեկ ուրիշը, որի մեջ անձի երկվությունը, խոսքի և գործի միջև անհաղթահարելի անդունդն այնքան ակնառու լինի, որքան Նժդեհի մեջ: Չի եղել որևէ գաղափար, որևէ արժեք, որևէ նպատակ, որին նա մինչև վերջ հավատարիմ մնացած լինի: Բայց ճոռոմաբանելու Նժդեհի անվիճելի տաղանդն ու բեմական պերճախոսությունը լիուլի փոխհատուցում են գաղափարի ու բովանդակության իսպառ բացակայությունը նրա հոդվածներում: Սա նկատել են դեռ նրա ժամանակակիցները, նկատել են, ծիծաղել ու ծաղրել են: Բայց հենց այդ իմաստազուրկ, անճաշակության հասնող վերամբարձ ոճն ու շքեղ լեզուն է, որ գրավում ու հմայում է նրա դյուրահավատ երկրպագուներին:


Բնականաբար, նրա ընթերցողներից բոլորը չէ, որ խորամուխ են լինում բովանդակության մեջ, նրանց այդ հոդվածներում խելքահան են անում «մեծ իմաստասերի» անսպասելի և հարուստ ու սրամիտ բառակազմություններն ու աֆորիզմները: Նժդեհի հակասություններն ու բախումները Դաշնակցության շեֆերի հետ երբեք էլ չեն եղել «սկզբունքային ու գաղափարական հողի վրա», ինչպես ինքն է փորձում համոզել: Դրանց հիմքում միշտ եղել են «միակ առաջնորդը» լինելու նժդեհյան անհագուրդ հավակնություններն ու պաթոլոգիական փառատենչությունը: Սակայն, նեղն ընկած ժամանակ «Խուստուփի արծիվը» թեթև սրտով կարողանում էր մոռանալ ամեն տեսակ «սկզբունքային տարաձայնությունները», առանց խորն ու տեսանելի ապրումների կարողանում էր փառասիրությունը զոհաբերել նպատակահարմարությանը, կարողանում էր իր «ասպետական վեհությունից» իջնել մեղավոր երկրի վրա, հարմարվել նոր իրավիճակին, հաճոյանում էր, դառնում լպրծուն, հեզ ու խոնարհ, հուսալով ու սպասելով ճակատագրի հերթական բարեհաճությանը:


Այդպիսին էր նա Զանգեզուրում, երբ բարեկամության հորդորներ էր հղում թուրքերին, այդպիսին էր նա, երբ կրկին վերադարձավ Դաշնակցության սնուցող գիրկը, այդպիսին էր նա բանտում, երբ խորհրդային իշխանությանը «ուշացած սիրո խոստովանություն» էր անում. «Ցեղակրոնի համար ռուս մեծ ժողովուրդը հայության միակ բնական դաշնակիցն է: Նրա համար գոյություն չունեն հայաստաններ, այլ կա Հայաստան: Եթե Հայաստանն այսօր խորհրդային է, դա նշանակում է, որ պատմական զարգացման օրենքների համաձայն, այն միայն այդպիսին կարող էր լինել...» (11), կամ, «...Թուրքերը, որոնք երազում են բոլոր թուրքական ցեղերը տեսնել իրենց տանիքի տակ, չեն կարող երբևէ լինել Խորհրդային Միության հետ, նույն այդ պատճառով հայ ժողովուրդը չի կարող ապրել պետականության պայմաններում առանց հզորագույն բարեկամի՝ ռուս ժողովրդի» (12):


Իսկ ի՞նչ եղավ Դաշնակցությունը. «Հիմա արդեն Դաշնակցությունը մեռնող երևույթ է... Նա պետք է չքվի»: Ինչպես ասվեց, Դաշնակցության և Նժդեհի միջով «սև կատուն» ավելի վաղ էր անցել: Բանը հասավ նրան, որ Նժդեհը կանգնեց կուսակցության դատական ատյանի առաջ: Ներկայացնենք Նժդեհի հարցաքննության առավել պերճախոս դրվագները:


Նժդեհը կուսակցական ատյանին հայտնում է, որ իր դեմ խարդավանքներ հրահրողը Եփրեմ Սարգսյանն է, որը իրեն թալանել է. պատմում է, որ Զանգեզուր մեկնելուց առաջ ինքը իր սուրը և վալյուտան թողել է Ե. Սարգսյանի մոտ: Հետագայում Ե. Սարգսյանը հրաժարվում է վերադարձնել Նժդեհի իրերը և դրամը, պատճառաբանելով, թե դրանք իբր բոլշևիկները բռնագրավել են: Բայց Նժդեհը, ինչպես ինքն է ասում, բացահայտել է, որ իրականում Ե. Սարգսյանը Նժդեհի փողն ու իրերը թաքցրել է իրենց գյուղում: Ինչևէ, ներկուսակցական բախումների, նաև «Լեռնահայաստանի անկումը արագացնելու» մեղադրանքով Նժդեհը 1921-ի սեպտեմբերին հեռացվում կուսակցությունից (շատ չանցած վերականգնվում է, բայց 1938-ին հեռացվում է վերջնականապես՝ «պառակտողական գործունեություն» մեղադրանքով):


Հարց /Հ./ -Ձեր կարգադրությամբ ռուս մեծամասնական (բոլշևիկ-Ա.Ա.) բանտարկյալներ սպանվե՞լ են և առհասարակ սպանությունները ձե՞ր հրահանգով են տեղի ունեցել, թե՞ այլ ճանապարհով:


Նժդեհ /Ն./ -Այդ բանտարկյալների մեջ ռուսներ չեն եղել... Ես ռուս ոչ մեկ զինվորի չեմ կարգադրել սպանել: Ինչ վերաբերում է այն խնդրին, թե ու՞մ կարգադրությամբ են սպանություններ կատարվել, պիտի ասեմ հետևյալը, որ կազմված կար առանձին ռազմադաշտային դատարան, որի նախագահն էր իմ շտաբի պետ Ռուբեն Նարինյանը, քննիչն էր Արտաշես Պարոնյանը (Յապոն-Ա.Ա.) և երկու հոգի տեղի հասարակությունից: Բոլոր սպանությունները կատարված են այդ դատարանի վճռով: ՈՉ ՄԻԱՅՆ ՈՐԵՎԷ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ ՉԵՄ ՏՎԱԾ, այլև առհասարակ դատական գործերին ամենևին չեմ մասնակցած... (քաղվածք Նժդեհի հրամանից, 7 մայիսի 1921թ. «Գողթանի զորամասի պետին. ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ բժ(իշկ) Գարեգին Սարգսյանին, նախկին վարատար Շիգանյանին և Ջանկուլյանին: Զորավար Նժդեհ13» - Ա.Ա.):


Հ. -Գորիսում ձեր կարգադրությամբ սպանվե՞լ է մի ռուս դատավոր իր ընտանիքով:


Ն. -Ռուս դատավորի և ընտանիքի սպանությունը կատարվել է ժողովրդի ձեռքով, որպես հետևանք այն բանի, որ խորհրդային իշխանության օրոք նա քաղաքական վատ դեր էր կատարել...


Հ. -Որքա՞ն հարմար էր,որ Դուք ձեր շտաբի պետին դատական մարմնի նախագահ էիք կարգել:


Ն. -Ժողովրդի ներկայացուցիչներն էին ընտրել նրան...


Հ. -Հաջի Մարկոսին և իր որդուն ճանաչու՞մ եք:


Ն. -Ոչ:


Հ. -Նա ղամարլվեցի է, նրա որդին մեծամասնական է եղել և հակառակ ընկերների միջամտության, Դուք երկուսին էլ սպանել եք տվել:


Ն. -Ես ոչ ճանաչում եմ, ոչ էլ տեղեկություն ունեմ այդ մասին: Չեմ պնդում, կարող է պատահել, որ առանց իմ և դատարանի գիտության սպանած լինեն, որովհետև խառը ժամանակ էր...


Հ. -Նոր Բայազետն ինչու՞ եք թողել:


Ն. -Ես Նոր Բայազետի տերը չէի, որ թողնեի, նա ընկնում էր Արարատյան իշխանության սահմաններում...


Մինչև իմ գնալս Աղաբեկն իրեն Բայազետի շրջանի դիկտատոր էր հայտարարել... իրեն շարունակ քեֆերի և հարբեցողության տված Աղաբեկը հարկավոր ուշադրություն չի դարձրել ռազմական ուժերի կազմակերպման և թշնամու հետապնդմանը... պարտք եմ համարում շեշտել, որ Աղաբեկի մղած կռիվը կազմակերպված հակամեծամասնական կռիվ չէր, այլ՝ թայֆայական, 200 միլիոն ռուբլու խնդիր կար (փողը մեծամասնականներից էր խլված) և քաղաքը թողնելու վճռի վրա ճակատագրորեն ազդել է այդ, քանի որ քաղաքը թողնելով ավելի հեշտ էր յուրացնել այդ փողերը...


Հ. -Նոր Բայազետից վերադառնալիս Դուք ասա՞ծ եք, թե՝ Նոր Բայազետներ շատ կծնվեն, Նժդեհներ՝ չեն ծնվի այլևս:


Ն. -Դա կատարյալ սուտ է:


Հ. -Նոր Բայազետի կռվին՝ իբր մերոնք թշնամուն են թողել չորս թնդանոթ,Դուք ներկա եղե՞լ եք:


Ն. -Ոչ, ես գնացել եմ այդ դեպքերից հետո:


Հ. -Կան վկայություններ, որ Դուք Նոր Բայազետի կռվին չեք մասնակցել:


Ն. -Ձի ենք նստել գնացել... երբ տեղ ենք հասնում, տեսնում ենք, որ սարսափելի խուճապով ամենքը փախչում են, շնորհիվ իմ քսանհինգ ձիավորների ու Մեսրոպի հնարավոր եղավ գնդացիրներն ազատել:


Հ. -Վեդիի ուղղությամբ չէի՞ք կարող կապ հաստատել մերոնց հետ:


Ն. -Յապոնը, որպես ճակատի պետ քանիցս տված հրամանները փոխանակ ի կատար ածելու՝ զբաղված էր իր ոչխարների պատմությամբ...


Հ. -Յապոնին ինչու՞ ուրիշով չէիք փոխարինում:


Ն. -Ուրիշ մարդ չկար և ոչ ոք էլ արժանավոր թեկնածու չի մատնանշել...


Հ. -Դուք 11 ձիերով ձեր իրերը և ձեր ծանոթ ու մոտիկ բարեկամներին ուզեցել եք փոխադրել Արաքսը պետական հաշվով և առանց հերթի, և ձեր անունից այդպիսի պահանջ դրել եք Տեր-Հակոբյանին և նա մերժել է ձեզ:


Ն. -Ոչ, ես երեք վերստ հեռու եմ եղել:


Հ. -Տիգրան Սազանդարյանի՝ առանց հերթի ու պետական հաշվով ձեր անունով անցկացնելիք երեք բեռ իրերի մասին տեղեկություն ունե՞ք:


Ն. -Այո, այդ իրերը Տաթևի հնություններն են եղել (մեզ հայտնի չէ, թե ի՞նչ հնություններ են եղել դրանք, արդյոք գույքագրվե՞լ է, արձանագրություն կազմվե՞լ է և դրանց հետ ի՞նչ է եղել հետագայում-Ա.Ա.):


Հ. -Գասպար Խաչատրյանը ձեր տված թղթերի հիման վրա գնացել և խնդրել է Տեր-Հակոբյանին, որ իրեն հերթից դուրս թույլ տա գետն անցնելու:


Ն. -Նա Լեռնահայաստանի կառավարության և իմ ներկայացուցիչն էր, և որպես այդպիսին ուներ պաշտոնական թուղթ, իսկ Հակոբ Տեր-Հակոբյանին նա դիմե՞լ է, թե ոչ հերթից դուրս գետն անցնելու՝ չգիտեմ:


Հ. -Ինչու՞ եք երկու թնդանոթ և երկու գնդացիր հանձնել Ամիր Արշադին (պարսկահպատակ ադրբեջանցի գեներալ-Ա.Ա.):


Ն. -ԵՍ ԹՆԴԱՆՈԹՆԵՐ ԵՎ ԳՆԴԱՑԻՐՆԵՐ ՉԵՄ ՏՎԵԼ, Լեռնահայաստանի կառավարությունն է տվել... (Նժդեհի նամակը Ս. Վրացյանին. Սիր[ելի] Սիմոն! ԱՄԻՐ ԱՐՇԱԴԸ ԹՆԴԱՆՈԹ ԵՎ ԵՐԿՈՒ ԳՆԴԱՑԻՐԸ ԽՆԴՐԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ: ՎԵՐՋԻՆԻՍ ԽՆԴՐԱՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ, որովհետեւ նրա հաջողությունը, թե պարտությունը մերը պետք է համարել: Ամիրը հանուն մեր Երկրի եւ Գործի պետք է ուժեղ լինի Ատրպատականում: Կխնդրեի այդ բանը միշտ ի նկատի ունենալ: 1921, 21 հուն[իս] Բարեւներով Նժդեհ»14-Ա.Ա.):


Հ. -Երևանի նահանջից հետո, երբ զորամասերն ու գաղթականությունը հասնում են Դարալագյազի սահմաններին, դիրքերում Յապոնի սահմանապահ զորամասերի փոխարեն հանդիպում են թուրքերի, ինչո՞վ եք բացատրում այս:


Ն. -Դա Կուռոյի մեղքի հետևանք է: Նա փոխանակ գաղթականության հետևից ռազմական պատրաստությամբ գալու՝ ամենից առաջ էր ընկել...


Հ. -Ձեզ մեղադրում են, որ... Դարալագյազ՝ Կուռոյի զորամասերին փամփուշտ չեք հասցրել, այնինչ նա ձեզ էր ենթարկվում և Դուք պարտավոր էիք նրա զորամասերն այդ տեսակետից բավարարել:


Ն. -Նախևառաջ Կուռոն այդ ժամանակ ինձ չէր ենթարկվում, երկրորդ՝ այդ խնդրով Կուռոն պետք է դիմեր իմ արևմտյան ճակատի հրամանատար Յապոնին:


Հ. -Ձեզ մեղադրում են, որ Երևանից եկած սպաներին... նույնիսկ սրանցից հիվանդներին, վիրավորներին ու զորամասերին ձեր կարգադրությամբ զինաթափել, թալանել ու վիրավորել են...


Ն. -Դուք ցույց տվեք գեթ մի թուղթ, որով ես նման կարգադրություն եմ արել:


Հ. -Խմբապետ Սմբատը (Մախլուտո-Ա.Ա.) նույնպես այդ առթիվ գանգատվել է:


Ն. -...Զինաթափ անելու հրամանը տվել են Ռուբենը, Կուռոն և Յապոնը՝ առանց իմ գիտության...


Հ. -Բազարչայի տեղահանության հարցը ո՞վ է վճռել:


Ն. -ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ: («Նժդեհի հրամանը տեղահանության մասին»: Խիստ գաղտնի եւ կարեւոր, Լեռնահայաստանի սպարապետի օգնական Կուռոյին, պատճեն՝ Յապոնին, 23 ապրիլի 1921թ. Գորիս. «Արևմտյան ճակատի թիկունքի հրամանատարը՝ Պարոնյանը տեղեկացնում է, որ մալականները սկսել են մեկ-մեկ, երբեմն խմբերով փախչել դեպի Նախիջևան և այլուր... Մալականները կարող են թռուցիկ խմբեր կազմակերպել և գիշերները խլրտել մեր գորամասերի թիկունքում և թևերում, բացի այն, որ կարող են միանալ թշնամուն և լրտեսել... ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ 48 ժամվա ընթացքում տեղահանել մալականներին Բազարչայ և Բորիսովկա գյուղերից: Տեղահանությունը կազմակերպել այս ձեւով 1. Նախ ձերբակալել բոլոր տղամարդկանց 18-45 տարեկանը և ուժեղ հսկողությւսն տակ ուղարկել Տաթև: 2. Կանանց, երեխաներին ու ծերերին տալ 4 օրվա հաց և ուժեղ հսկողության տակ, առանց րոպեն կորցնելու, ուղարկել Գորիս: 3. Ամբողջ վալյուտային ապրանքը արժույթը, ոսկին, խալիները, խաս ապրանքը, դրամը եւ այլն պետականացնել: 4. Ամբողջ տավարը (կթան, ձի, ջորի) պետականացնել, դնելով բոլորի վրա կլեյմո եւ 3/4-ը ուղարկել Տաթև, իսկ մի քառորդը թողնել բանակի համար: 5. Տնային ապրանքը, որը կարելի է փոխարինել ցորեն-գարիով, նույնպես պետականացնել, իսկ ավելորդ իրերը մի մասը հավաքել ու ամբարել մի տեղ, իսկ մնացածը տալ գաղթականներին: 6. Ցորենը, գարին, կորեկը, հաճարը, կարտոֆիլը պետականացնել, հավաքելով մի քանի ամբարներում: 7. Թաքստոցների տեղն ասելու համար պահել մի քանի հոգի ծերեր և երեխաներ: 8. Տեղահանությունը կատարել առանց աղմուկի և կազմակերպված ձևով: 9. Թալանչիներին գնդակահարել: 10. Գործի անցնել գրությունս ստանալուն պես եւ խորապես գիտակցել, որ այդ արվում է հանուն մեր երկրի ինքնապաշտպանության: Սպարապետ Նժդեհ» (15)-Ա.Ա.):


Հ. -Ձեզ մեղադրում են այն բանի մեջ, որ աչառու վերաբերմունք եք ցույց տվել ձեր պարետների և վաշտապետների նկատմամբ, օրինակ Արմենակ Պարոնյանի և Մուշեղ Բաղրյանի նկատմամբ: Վերջինս՝ որպես թալանչի և դատի տրված է եղել... իսկ Դուք ներել եք նրան:


Ն. -Մուշեղ Բաղրյանն իրոք զեղծումներ էր կատարել: Ես հրահանգել եմ, որ Կուռոն մի հանձնաժողով հրավիրի և նրա զեղծումները քննի: Կուռոն իր 3 սպաներից հանձնաժողով է նշանակում... Այդ հանձնաժողովի անդամները քանի որ անմիջական մասնակցություն էին ունեցել Բաղրյանի արած թալանին՝ շատ մեղմ վճիռ էին կայացրել... խիստ դժգոհ մնացի և կարգադրեցի Բաղրյանին ուղարկել Գորիս և գործը նորից վերաքննել... ես եմ Բաղրյանին դատի տվել և ոչ Կուռոն:


Հ. -Ղափանում արտասանած ձեր ճառերում Դուք ասե՞լ եք, թե «ես փաշա չեմ, ես կառավարություն չեմ, ես Երևանի զինվորությունը չեմ, որ փախչեմ,ես Նժդեհն եմ»:


Ն. -Ղափանի ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու համար ես ասել եմ. կառավարությունը գնաց, զինվորներն էլ կարող են գնալ, բայց մենք պիտի կռվենք: Ուրիշ ոչինչ ասած չեմ իմ ճառում:


Հ. -Ձեզ մեղադրում են, որ կռիվներին անձամբ ներկա լինելուց, մասնակցելուց և ռազմական գործողությունները վարելուց խուսափել եք:


Ն. -Նախևառաջ, որևէ կռիվ այս վերջին աղետի ժամանակ տեղի չի ունեցել, իսկ ամենալուրջ համարված ճակատներում ես ունեի Կուռոյին՝ որպես իմ օգնականի և Յապոնին՝ որպես ճակատապետի: Ես զբաղված էի կենտրոնի ուժերի հավաքումով և բոլոր ճակատների գործողությունները վարելով, այդ պատճառով էլ ճակատ չէի գնում:


Հ. -Երկրի ու ժողովրդի շահերի տեսակետից ի՞նչ անհրաժեշտություն էր ներկայացնում ձեր սպարապետ օծվելը:


Ն. -Այդ ժողովրդին պետք է հարցնել, քանի որ ժողովրդի ցանկությամբ է տեղի ունեցել օծումը:


Հ. -Երևանի կառավարությունից ու կուսակցությունից ստացած գումարների հաշիվը ցարդ ինչու՞ չեք ներկայացրել:


Ն. -ՀՅԴ Բյուրոյի...1920թ նոյեմբերի 3-ի գրությամբ ինձ ուղարկված է դրամ՝ իմ անձնական կարիքները բավարարելու համար, որի մի մասը ծախսված է, մյուս մասը մնում է, հաշվետվությունը կներկայացնեմ... Կարգադրել եմ, այդ դրամներն ուր հարկն է՝ շուտով կհանձնվեն:


Հ. -Ասացեք խնդրեմ, 80 գլուխ տավար Լեռնահայաստանից բերե՞լ եք Մուժումբար:


Ն. -Երկու ֆերմաների տավարը բերել է Սմբատ Եղիազարյանը, մինչև Մուժումբար: Այդ տավարից մոտավորապես 15-20 հատ նվեր են տվել ֆալաշիներին ու խաներին: Մնացածը՝ մոտ 90 հատ կառավարությունն իր մարդկանցով փոխադրել է Մուժումբար: Այդ տավարի վերահսկիչ էր նշանակված կառավարության կողմից Արմենակ Պարոնյանն իր զինվորներով: Մի քանի օր անց Արմենակ Պարոնյանն այդ տավարներից մի քանի հատ ծախում է, իսկ մնացածը թողնում է Մուժումբարում, իր զինվորների հսկողության տակ... Ես ոչ մի կապ չեմ ունեցել այդ տավարի հետ, այժմ էլ չգիտեմ, թե ինչ է արված այդ տավարը: (16)


1925թ. Նժդեհը նորից խնդրում է իրեն վերականգնել կուսակցության մեջ, այս ժամանակ նա դեռ բավականաչափ ճանաչում և ազդեցություն չուներ սփյուռքում, թերևս, ապրուստի պայմաններն էլ սուղ էին: Դաշնակցության համար դա ծանր շրջան էր, կուսակցությունը բարոյալքված էր, վարկաբեկված ու ներքին գզվռտոցներից պառակտված: Այդ տարիներին սփյուռքում տիրող մթնոլորտի մասին է գրում Զապել Եսայանը. «...Լոզանի կոնֆերանսի խայտառակությունը վերջին հարվածը տվավ անոնց, որոնք դեռ խաբուսիկ հավաստիացումներով կրնային հանրային կարծիքը տատամսումի մեջ պահել... Այլևս մարդ չիկա, բացի իրենց լաքեներեն, որ հավատա իրենց խոսքերուն, զանազան հերոսներու զեկուցումները կը լսվին հեգնական ակնարկություններով, Վրացյաններու, Ռուբեններու և Խատիսյաններու ջանքերը գոնե որոշ կարգի երիտասարդության համախոհությունը ունենալու, անցան ապարդյուն: Բայց այս տրամադրությունները ցրիվ են, անորոշ և անկապակից և շնորհիվ այն բանին, որ դժգոհությունները չեն բանաձևվիր, մյուսները կը համարեն ինքզինքնին ազատ հաշվի չառնելու դժգոհությունները»: (17)


Պետք էր շտապել օգտվել այդ «ցրիվ ու անորոշ տրամադրություններից», քանի դեռ սփյուռքը շփոթի մեջ էր: Այստեղ է ահա, որ Հայաստանից գողացած փողերն ու ոսկին գործի մեջ դրվեցին: Կամաց-կամաց Սիմոն Վրացյանն ու նրա լաքեյները իրենց ձեռքը վերցրին սփյուռքի ազգային հաստատությունները, դպրոցը, մամուլը: Նժդեհը նորից պետք եկավ Դաշնակցությանը և Դաշնակցությունն էլ պետք եկավ Նժդեհին, սփյուռքում իր տեղը գտնելու համար: Կուսակցական քարոզչամեքենան նրան վերստին բարձրացրեց, սփյուռքը մոլորեցնելու համար օգտագործելով նրա անունը իբրև խորհրդանիշ, իբրև աննկուն դաշնակցականի կերպար, ով հարազատ կուսակցության ղեկավար ձեռքի տակ անասելի մի քաջությամբ դիմադրել է անկախ հայրենիքի վերջին պատառը բոլշևիկ զավթիչներից փրկելու համար: Ինքը՝ Նժդեհն էլ հաճույքով խրախուսում էր իր «առասպելական քաջագործությունների» մասին լեգենդների տարածումը, չէր զլանում սփյուռքի մամուլում իր «անմահ սխրանքների» մասին հոդվածներ պատվիրելուց: Ավելի վաղ նա իր «հերոսական մաքառումի» պատմությունն արդեն թելադրել էր ռումինահայ Վարդան Գևորգյանին, որն էլ մի գիրք տպագրեց «Լեռնայաստանի հերոսամարտը» պերճախոս անունով: Կարծես թե, ինքն էլ արդեն սկսում էր հավատալ իր «բացառիկ անձի հատուկ պատմական առաքելությանը»:


Խորհրդային Հայաստանի կյանքից ու անցուդարձից անտեղյակ սփյուռքը սերնդափոխության ընթացքի մեջ էր, հենց այդ նոր սերնդի ուղեղը լվանալու և դեպի Դաշնակցություն քաշելու գործին էլ լծվեց Նժդեհը կուսակցության հետ միասին: Հենց այդ նպատակին պետք է ծառայեին, այսպես կոչված, «ցեղակրոն ուխտերը»: Բայց տարիներ էին անցել, ոչ առանց Դաշնակցության օգնության Նժդեհն արդեն հայտնի անուն էր դարձել, իսկ հաջող ամուսնությունը ոսկերիչ ձեռնարկատիրոջ դստեր հետ նաև նյութական անկախություն էր խոստանում: Հիմա արդեն Նժդեհը կարող էր չվախենալ, որ Վրացյանը իրեն ևս «Անդրանիկի նման անօգնական ու թափառական կթողնի»: Թող նորից վտարեն կուսակցությունից, կամ, ինքը կհեռանա: Դա կլինի հետո՝ 1938-ին...


Զանգեզուրը Նժդեհին սովորեցրել էր լինել «միակը, անառարկելին ու անփոխարինելին»: Նա նորից անզսպելի ցանկություն զգաց «տեր ու առաջնորդ» դառնալու: Ճիշտ է, դրա համար ինչ-որ մի նոր «գաղափարախոսական» խայծ պետք էր մոգոնել, Դաշնակցությունից տարբերվելու և թերուս երիտասարդությանը հրապուրելու համար, բայց դա մեր «ասպետին» չէր վախեցնում, նա ճառ ասել կարողանում էր... Այսպես ստեղծվեց «Ցեղակրոնը», որը միայն իրենը պետք է լիներ և իրենից անբաժանելի: Սփյուռքը նոր «հերոս» էր ուզում և ահա նա՝ Խուստուփի արծիվը, Զանգեզուրի փրկիչը, թուրքերի ահուսարսափը, անկախ հայրենիքի անպարտելի սպարապետը: Բայց սեփական հնարավորություններն ու հռետորական կարողությունները մշտապես չափազանցնող Նժդեհը սխալվեց իր հաշիվներում:


Սփյուռքի հիացումը նորահայտ փրկիչով երկար չտևեց: Նույնիսկ «հայրենասեր» ճառասացների նկատմամբ հատուկ թուլություն ունեցող գաղութահայությունը նրա մեջ իր երազած ասպետի փոխարեն տեսավ միայն հերթական դատարկախոս «փանջունուն» և ո՛չ ավելի: Սփյուռքը Դաշնակցության քթի տակից փախցնելը դժվար գործ դուրս եկավ: «...Գրեթե մեր բոլոր գաղթավայրերից դիմում էին ինձ, առաջարկելով այցելել իրենց երկրները տեղի երիտասարդությանը համախմբելու և Ցեղակրոն շարժմանը միացնելու համար –գրում է Նժդեհը-, հենց դա էր պատճառը, որ Դաշնակցությունը վախենալով կորցնել իր դիրքը, թշնամաբար վերաբերվելով հայ իրականության մեջ առաջացած ցանկացած նոր ուժի՝ հանդես եկավ Ցեղակրոնության դեմ»: (18)


Այստեղ Նժդեհը մեծ չափով իրավացի է, Դաշնակցությունը, իհարկե, վախենում էր կորցնել սփյուռքը, որին հիմարացնելու մենաշնորհը միայն իրենն էր, կուսակցության վերնախավը միայն այդպես կարող էր պահպանել իր քաղաքական գոյությունը և պարազիտանալ «հայ դատի» անունով: Նժդեհը դարձավ հակադաշնակցական, թեև, դեռ վերջերս ուրիշներին խրատում էր. «...ամեն մեղանչում Դաշնակցության դեմ՝ մեղանչում է ցեղի դեմ... չի կարելի հակադաշնակցական լինել, առանց դավաճան լինելու...»:


Նժդեհը և Դաշնակցությունը գործի դրեցին բոլոր ընդունելի և անընդունելի միջոցները մեկը մյուսին վարկաբեկելու և մեկուսացնելու համար: Նրանց կռիվը՝ կռիվ էր միայն սփյուռքի վրա իշխելու համար, միայն այն բանի համար, թե ում «կթու կովը» պետք է լինի սփյուռքը, և ուրիշ ոչինչ: Նժդեհը տանուլ տվեց այդ կռիվը: Նա միայն կարողացավ իր շուրջը ծվարած պահել մի քանի տասնյակ պարզունակ ու դյուրահավատ ջահել «ցեղակրոնների»: Ձերբակալվելուց քիչ առաջ սփյուռքի նկատմամբ իր դառն հիասթափությունը նա կարտահայտի որքան տպավորիչ, նույնքան էլ անարդար կշտամբանքի մեջ. «Սփյուռք...Ամոթ քեզ և խայտառակություն»: (19)


(Շարունակելի 2)


Գրականության ցանկ

11. Ваче Овсепян Гарегин Нжде и КГБ.247с

12. նույնը, 136 с

13.Գարեգին Նժդեհ,Նամականի, Երևան 2002, էջ 22:

14.Գարեգին Նժդեհ,Նամականի, էջ 30:

15. Գարեգին Նժդեհ,Նամականի, էջ 18

16. Գարեգին Նժդեհ, Երկեր,հ2, Եր.2002,էջ 477- 492

17. Զապել Եսայան,Նամակներ,Երևան 1977, էջ 229

18. Ваче Овсепян Гарегин Нжде и КГБ 247с

19. նույնը, 242 с


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page