ՀՀ պետական պարտքը 9 միլիարդ 226 միլիոն դոլար է
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի պետական պարտքը 2021-ի տարեվերջի դրությամբ եղել է 4 տրիլիոն 430 միլիարդ դրամ (կամ 9 միլիարդ 226 միլիոն դոլար), այն 2020-ի նկատմամբ դրամական արտահայտությամբ աճել է 6,4%-ով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7,3%-ով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15,8%-ով, կառավարության պարտքը՝ 16,8%-ով:
Ըստ նախարարի՝ դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 միլիարդ դրամը՝ կենտրոնական բանկինը:
«Կառավարության պարտքը տարեվերջին եղել է 4 տրիլիոն 210 միլիարդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրիլիոն 972 միլիարդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ»,- նշել է Խաչատրյանը:
Այս երեւույթը նախարարը պայմանավորել է 2021-ի հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ:
«Տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ էր, իսկ տարեվերջին՝ 480 դրամ, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավելի բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը: Պարտքի կառուցվածքում 70%-ը գերազանցող չափով դոլարային կամ արտարժութային պարտքերն են»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ պարտքն աճել է հատկապես 2020-ի ընթացքում:
Comments