Հայամետության, ռուսամետության, արևմտամետության մասին
Այս բոլոր պիտակները արհեստական են, մակերեսային են, քանի որ այդ պիտակների հետևում թաքնված է գաղափարական և տնտեսական բաղադրիչները:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայկական քաղաքականության վատ ավանդույթներից մեկը ռուսամետության, արևմտամետության, հայամետության մեջ պիտակներ կախելն է՝ բացարձակապես չհասկանալով հարցի էությունը։
Սովորաբար, երբ ասում են, թե այս կամ այն քաղաքական գործիչը ռուսմետ է, հասարակության մեջ դա հասկացվում է այնպես, որ այդ մարդը հանդես է գալիս Արևմուտքի դեմ և կողմնորոշվում է դեպի հայ- ռուսական բարեկամությունը, բնականաբար, երբ ասում են, թե այս կամ այն քաղաքական գործիչը արևմտամետ է, ապա հասարակության մեջ դա հասկացվում է այնպես, որ այդ մարդը դեմ է Ռուսաստանին և դեմ է հայ-ռուսական բարեկամությանը, ավելին, նրանք ուզում են, որ Հայաստանը գնա զարգացման արևմտյան ճանապարհով, որ Հայաստանն ամբողջությամբ ինտեգրվի Արևմուտքի հետ և երրորդ, երբ ասում են, թե այս կամ այն քաղաքական գործիչը հայամետ է, ապա հասարակության մեջ դա ընկալվում է, որ այդ պետական գործիչը մերժում է իր կողմնորոշումը և դեպի Արևմուտք, և դեպի Ռուսաստան, իսկ կողմնորոշվում են բացառապես Հայաստանի շահերից ելնելով:
Այս ամենը հիշեցնում է Կռիլովի առակը կարապի, խեցգետնի և գայլաձուկի մասին, երբ յուրաքանչյուրը սայլը քաշում է իր կողմը, ճիշտ այնպես, ինչպես այստեղ, արևմտամետները Հայաստանը քաշում են դեպի Արևմուտք, ռուսմետները Հայաստանը քաշում են դեպի Ռուսաստան, իսկ հայամետները Հայաստանը քաշում են դեպի "Հայաստան": Բայց այս բոլոր պիտակները արհեստական են, մակերեսային են, քանի որ այդ պիտակների հետևում թաքնված է գաղափարական և տնտեսական բաղադրիչները, ինչը թույլ է տալիս քաղաքական ուժերին շահարկել հանրային կարծիքը։
Եվ միանգամայն բնական է, երբ շատ քաղաքական գործիչներ, որոնք արևմտամետ քաղաքականություն են վարում, հայտարարում են, որ իրենք հայամետ են, նման պարզ հասկացությունների նենգափոխմամբ հանրությանը ներկայանում են որպես հայրենասեր գործիչներ: Ահա, օրինակ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը երբեք ռուսամետ չի եղել, նա միշտ հայամետ է: Մյուս կողմից, նույն Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում միշտ լինելու է Եվրոպայի մաս, ոչ մի կերպ չի համադրվում հայամետության հետ: Ահա այսպես է իրավիճակը կապիտալիստական Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների հետ՝ սկսած Լ. Տեր-Պետրոսյանից մինչև նույն ստախոս Փաշինյանը, բառերով նրանք բոլորը հայամետ են, իսկ գործնականում՝ բոլորովին այլ:
Սակայն կապիտալիզմի պայմաններում հայամետություն կամ ռուսամետություն չկա և չի կարող գոյություն ունենալ: Կապիտալիզմի պայմաններում հնարավոր է միայն արևմտամետություն:
Իհարկե, կարելի է միաժամանակ վարկեր վերցնել ԱՄՀ-ից և և ձևացնել, թե Հայաստանը Ռուսաստանի բարեկամն է, սակայն դա կլինի ակնհայտ և հերթական խաբեությունը: Այն քաղաքական գործիչները, ուժերը, կուսակցությունները, որոնք կողմ են շուկայական տնտեսությանը, այսինքն՝ կապիտալիզմին, չեն կարող հայամետ կամ ռուսամետ լինել, քանի որ Արևմուտքը պարզապես կդադարի ֆինանսավորել հայկական կապիտալիզմը, իսկ դա կլինի իշխող կապիտալիստների վերջը:
Kommentare