Հայրենասիրության մասին
Հայրենասիրությունը կապիտալիստական լիբերալ իշխանությունների և կապիտալիստական լիբերալ ընդդիմության համար մի տեսակ միջոց է ժողովրդին ինչպես միշտ խաբելու համար։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայաստանի լիբերալ կապիտալիստական իշխանությունները, այնպես էլ լիբերալ կապիտալիստական ընդդիմությունը միշտ օգտագործել են հայրենասիրության (patriotism) թեման իրենց քարոզչություններում: Բայց թե ինչ է իրենից ներկայացնում հայրենասիրությունը Հայաստանի նման կապիտալիստական երկրում, մինչ օրս շատերի համար անհասկանալի է մնում:
Հայրենասիրության մասին կարելի է երկար խոսել, հայտնի է, որ տարբեր պատմական դարաշրջաններում հայրենասիրության մասին տարբեր պատկերացումներ են եղել: Ի՞ նչ է հայրենասիրությունը:
Բառացիորեն հայրենասիրության բառի տակ հասկանում են սերը հայրենիքի հանդեպ, ձգտումը տարբեր գործողություններով ծառայել հայրենիքի շահերին, պաշտպանել հայրենիքը թշնամիներից: Սովորաբար ընդունված է համարել, որ հայրենասերն այն մարդն է, ով հպարտ է և սիրում է իր երկիրը, իր հայրենիքը, իր ազգը, իր մշակույթը, իր լեզուն, իր պատմությունը եւ այլն: Բայց անմիջապես առաջանում են մի շարք հարցեր, որոնք սկսում են տարանջատել այս ամենը, օրինակ՝ ի՞ նչ պատմության կամ մշակույթի մասին է խոսքը:
Ելնելով այն հանգամանքից, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կապիտալիստական երկիր է, ապա հասարակությանը պարտադրվում է բնորոշ, այսպես կոչված, բուրժուական հայրենասիրություն: Ինչը խորապես տարբերվում է սոցիալիստական հայրենասիրությունից, որը բնորոշ էր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը:
Հայրենասիրությունը կապիտալիստական լիբերալ իշխանությունների և կապիտալիստական լիբերալ ընդդիմության համար մի տեսակ միջոց է ժողովրդին ինչպես միշտ խաբելու համար։ Կապիտալիստական քաղաքական համակարգի երկու կողմերն էլ ձևացնում են, թե մտահոգված են ժողովրդի խնդիրներով, ձևացնում են, թե իրենց քաղաքականությունն ուղղված է հանուն ժողովրդի և պետության շահերին։ Բայց ինչպես ցույց է տալիս կապիտալիստական ուժերի 30-ամյա կառավարման պատմական փորձը, գործերը ու որոշումերը դա այդպես չէ, հատկապես 2020թ. Արցախյան դավադիր Ալիև-Փաշինյան պատերազմի ընթացքում և դրանից հետո: Կարելի է ասել, որ այն մարդը, ով Հայաստանի իշխանություններին աջակցելով իրեն հայրենասեր է համարում, ապա այդ մարդը կամ պետական քարոզչության ազդեցության տակ է, կամ քաղաքականապես անգրագետ է, կամ ունի որոշակի շահեր, կամ պաշտոնյաների մտերիմ բարեկամ է: Իշխանությունների խնդիրն է հնարավորինս մեծացնել հասարակության հենց այդպիսի շերտերին, որպեսզի հանգիստ կատարեն իրենց կեղտոտ գործերը:
Հետևաբար, կապիտալիստական Հայաստանի ժամանակակից հայրենասերն, որն աջակցում է իշխանությանը, այն մարդն է, ով գտնվում է կեղծ գիտակցության մեջ, նրան անընդհատ իշխող դասակարգը պարտադրում, ներշնչում, դաստիարակում է, թե իբր կա որոշակի շահերի միասնություն հակաժողովրդական իշխանության և ժողովրդի միջև, օլիգարխի և բանվորի միջև, տարածքներ հանձնողների և պաշտպանողների միջև: Այս ամենը գալիս է պատմական անցյալից, երբ պետություններին անհրաժեշտ էր ինչ-որ միավորող սեփական առասպել, որպեսզի միավորեն ցրված խմբերը, որոնք ունեն հակադիր շահեր, օրինակ՝ բանվոր դասակարգը և բուրժուազիան, իշխող դասը և ժողովրդական մեծամասնությունը:
Այսպիսով, ի՞ նչպես պետք է ժամանակակից մարդը, ով ապրում է կապիտալիստական երկրում, հասկանա, թե իշխանությունների քաղաքականության մեջ ի՞նչն է հայրենասիրական, իսկ ինչը՝ ոչ։
Նախ և առաջ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի իր դասակարգային շահը և արդեն այդ շահերից ելնելով գնահատի իշխանությունների քաղաքականությունը, թե ում շահերից է բխում և ում է ձեռնտու այս կամ այն որոշումը: Ժամանակին Վ. Լենինը հստակ նշել է, որ, -"Երբ անմիջապես չի երևում, թե որ քաղաքական կամ սոցիալական խմբերը, ուժերը, մեծությունները պաշտպանում են հայտնի առաջարկները, միջոցառումները և այլն, միշտ պետք է հարց բարձրացվի՝ ո՞ւմ է ձեռնտու"։
Կապիտալիստների կառավարման 30 տարիների ընթացքում բազմաթիվ օրինակներ են ստացվել, որտեղ պարզ երևում է, որ Հայաստանի իշխանությունները գործում են ժողովրդի մեծամասնության շահերին դեմ, ամենահայտնի օրինակը Արցախի անկախության չճանաչումն է և Արցախի դավադիր հանձնումն Ադրբեջանին:
Սովորաբար Հայաստանի կապիտալիստների իշխանությունը, օգտագործում է հայրենասեր մարդկանց որպես պատերազմի "թնդանոթի միս" եւ դրանից հետո պղծում են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկների դիակները: Ահա սա է, Հայաստանի նման կապիտալիստական երկրի "հայրենասիրության" դեմքը:
コメント