Հերթական խաբեությունն է սպասվում
- hace 12 horas
- 2 Min. de lectura
Փաշինյանը, անկախ ընտրությունների արդյունքներից, ինքն իրեն կհռչակի հաղթող և կշարունակի իր հայատյաց քաղաքականությունը։

Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայաստանում կրկին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Քաղաքական կուսակցություններն ու առաջնորդները կրկին կեղծ հույսեր են ներշնչում ժողովրդին, որ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի երկրում իշխանափոխություն անել: 2021-ի ընտրությունները դաս չեղան, լիբերալ ընդդիմությունը շարունակում են ղեկավարել կույր առաջնորդները:
Ընդհանրապես, այն հասարակության մեջ, որտեղ սպասում են հրաշքի, տրամաբանությունը չի աշխատում, այդպես է եղել 2018-ին, 2021-ին և այդպես է լինելու 2026-ին։ Միայն միամիտ և քաղաքականությունից հեռու մարդը կարող է հավատալ, որ հանցավոր իշխանությունը ժողովրդավարական ընտրություններ է անցկացնելու, չկեղծված ձայների արդյունքում նոր իշխանություն է գալու և նստեցնելու նախկին հանցավոր իշխանությանը: Ասենք նույնիսկ, որ լիբերալ ընդդիմությունը կստանա 49 տոկոս, իսկ հետո ի՞նչ։ Չէ որ մենք բոլորս գիտենք և նախորդ ընդդիմադիր պատգամավորների փորձով տեսել ենք, որ ոչինչ չի լինելու: Ընդդիմությունը Սահմանադրությամբ զրկված է ինչ-որ լուրջ դերից, զրկված է հանցավոր իշխանությունը լեգիտիմ մեթոդներով հեռացնելու հնարավորությունից։ Ընդդիմությունը նույնիսկ զրկված է տարրական լծակներից, որպեսզի ստիպի կառավարության անդամներին պատասխանել տարրական հարցերին։ Ընդդիմության դերը կապիտալիստական խորհրդարանում ժողովրդին խաբելն ու մոլորեցնելն է, թե քաղաքական պայքար է ընթանում:
Այս պարագայում քաղաքացիներին քվեարկելու կոչ անելը նույնն է, ինչ ջուր լցնել իշխանության ջրաղացին, որոնք հետո կուրծք են ծեծելու և հայտարարելու, թե բնակչության մեծամասնությունը մասնակցել է ընտրություններին, և մենք լեգիտիմ հաղթել ենք։
Փաշինյանը, անկախ ընտրությունների արդյունքներից, ինքն իրեն կհռչակի հաղթող և կշարունակի իր հայատյաց քաղաքականությունը։ Փաշինյանը պայմանավորվածությունների արդյունքում կարող է իշխանությունը հանձնել իր կրեատուրային, նույնիսկ իր հակառակորդներին, բայց պայմանով, որ իրեն ձեռք չտան, ինչպես եղավ 2018-ին, երբ Ս. Սարգսյանին ձեռք չտվեցին։
Հիմա միանշանակ Փաշինյանը գրպանային ընդդիմության դերի համար ընտրել է Կարապետյանների "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը: Փաշինյանը մի ձեռքով հիբրիդային պատերազմ է վարելու Ռուսաստանի դեմ, համապատասխանաբար խորհրդարանում ծեծելու է Կարապետյանի պատգամավորներին, իսկ մյուս ձեռքով վերցնելու է Արևմուտքի շռայլ վարկերը: Հայաստանի ժողովուրդը երաշխավորված է դիտելու և վերապրելու հերթական 5-ամյա խորհրդարանական կրկեսային շոուն:













Comentarios