Հովհաննես Թումանյան. շատ է մեծ իմ հարգանքը դեպի սոցիալիզմը
Աղբյուր` Աշոտ Աբգարյանի (Հայաստան) ֆեյսբուքից
«Ես երբեք ինձ սոցիալիստ չեմ անվանած, ինչպես և քրիստոնյա, որովհետև մի քիչ ծանոթ եմ թե՛ սոցիալիզմի էության և թե՛ ավետարանին և տեսնում եմ, որ ոչ մեկն եմ, ոչ մյուսը: Եվ եթե որևէ սոցիալիստական խմբակցության էլ կապված եմ եղել ու շատ կարճ միջոցով, կապված եմ եղել ոչ թե ծրագրային կապով, այլ լոկ ընկերական և կոնկրետ գործի շուրջը։
Եվ էսպես շատ է մեծ իմ հարգանքը դեպի սոցիալիզմը, և բնականից իմ մեջ կան նրա հայացքները -իբրև բանաստեղծի։ Ամեն մի իսկական սոցիալիստ նոր ժամանակի առաքյալն է։ Հին ժամանակի ու նոր ժամանակի առաքյալների մեջ մի քանի էական տարբերություններ կան։ Նրանցից մինը էն է, որ հին ժամանակի առաքյալը կյանքում զրկված մարդու և ընչազուրկի պաշտպանությունը, ինչպես և առհասարակ մարդու երջանկությունը հիմնում է իր ողորմության վրա, նոր ժամանակների առաքյալը նույն բանը հիմնում է արդար աշխատանքի և վաստակի ու կյանքի վայելքների արդար բաշխման վրա...
Երկրորդ մեծ տարբերությունը նա է. հինը - սուրբեր, որ իրենց հոգին էին փրկում, փախչում հին կյանքից ու աղմուկից, նորը - հերոսներ, գործիչներ, որ չեն փախչում կյանքից, ընդհակառակը՝ մեջն են ընկնում՝ ուրիշներին փրկելու։
Վերջապես, հինը ասում էր՝ իմ իշխանությունը էս աշխարհքից չի, նորը ընդհակառակը շատ է իրական և դրա համար էլ էս աշխարհքում և՛ իրական իշխանություն ունի, և՛ ույժ–կազմակերպված բանվորություն և սոցիալիստական վարդապետություն տանող հսկա բազմություն, որ արդեն մեծ է ամեն մի պետությունից»:
Kommentare