top of page

Ինչո՞ւ են հայերը Թուրքիայում արաբացվել

Քրդացած ու արաբացած հայերն ակամայից հայտնվել են հակառակ թեւերում:

Մարիամ Ավագյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Հավատափոխ եւ ծպտյալ հայերի ուսումնասիրությունը հանգեցնում է հետաքրքիր բացահայտումների: Այլադավանությունը հայերի շրջանում լայն տարածում գտավ հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ բազմահազար հայեր հարկադրված իսլամ ընդունեցին կոտորածից խուսափելու համար: Նրանց հետնորդները մինչ օրս ապրում են իսլամի ավանդույթներին համապատասխան, եւ քիչ մասը գիտի իր հայկական արմատների մասին:


Ներկայումս Թուրքիայում ապրող հավատափոխ հայերին կարելի է բաժանել երկու խմբի. առաջին խմբում իսլամացած հայերն են, որոնք չեն ցանկանում խոսել իրենց արմատների մասին եւ հաշտվել են ճակատագրի հետ: Երկրորդ խմբում ծպտյալ հայերն են, որոնց մեծ մասը թեեւ կրկին իսլամացված են, սակայն ապրում ու գործում են որպես հայ, ճանաչում են միմյանց եւ իրար հետ էլ ընտանիքներ կազմում, սակայն արտաքին աշխարհում իրենց ներկայացնում են որպես թուրքեր:


Վերջին տասնամյակներում կատարված ոչ պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ հայերի թիվը Թուրքիայում 3 մլն է: Եթե հաշվարկը կատարենք 1915-ից սկսած, ապա այդ ժամանակահատվածից մինչ օրս Թուրքիայի բնակչության թիվն աճել է մոտ 8 անգամ, հետեւաբար նաեւ այնտեղ ապրող հայերի թիվն է նույնքանով աճել:


Ծպտյալ հայերը, բացի մահմեդականացվելուց, նաեւ քրդացվել, թրքացվել ու արաբացվել են: Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մասին հրապարակված շարքի նախորդ հոդվածում անդրադարձ կատարեցինք Թուրքիայում ապրող արաբներին եւ նշեցինք, որ որքան էլ զարմանալի է, կան նաեւ քրիստոնյա արաբներ: Այս թեմայի վերաբերյալ թուրք պատմաբան Ս. Ջյոհջեն նշում է, որ հավանականությունը բավական մեծ է, որ այդ քրիստոնյա արաբներն ունեն հայկական արմատներ, այսինքն` իրականում ծպտյալ հայեր են, ովքեր խոսում են միայն արաբերեն: Համաձայն ուսումնասիրությունների` արաբացած հայերն ապրում են հիմնականում Շանլըուրֆայի, Սղերթի, Մարդինի, Հաթայի եւ Ադանայի շրջաններում:


Ինչո՞վ է պայմանավորված եղել հայերի արաբացումը: Ապրելով օսմանյան կայսրության արաբական շրջաններում` հայերն արաբների հետ նույն կենցաղավարությունն են ունեցել, ուստի խառնամուսնությունների թիվը շատ մեծ է եղել: Հայերն արաբացվել են նաեւ թուրքական սպանդից խուսափելու համար: Արաբացած հայերն ընդունում են իրենց հայկական արմատների փաստը, սակայն այդքան էլ բացահայտ չեն խոսում դրան մասին` թուրքական իշխանությունների հալածանքներից խուսափելու նպատակով: Բնակվելով Արեւմտյան Հայաստանի հայտնի նահանգների գյուղերում` նրանց ժամանակակից հետնորդներն անգամ գիտեն հայկական գերեզմանատների, սրբավայրերի եւ այլ կրոնական վայրերի տեղերն ու դրանց պատմությունները: Հենց արաբացած հայերն են խոստովանում, որ իրենք սերունդն են Սասունի կամ Մուշի հայկական գյուղերի նախկին բնակիչների: Իսկ այնտեղ ժամանակին հայեր են բնակվել:


Թուրքական իշխանությունները դադարացրել են հետապնդումներն արաբացած հայերի հանդեպ այն պայմանով, որ նրանք չպետք է բարեկամանան քրդերի կամ քրդացած հայերի հետ: Ավելին՝ նրանք զինամթերքով են ապահովվում անհրաժեշտության դեպքում քրդերի դեմ պայքարելու նպատակով: Այսինքն՝ արաբացած հայերը թուրքական կառավարության կողմից ընկալվում են որպես «խրամատ»` քրդերի դեմ հակամարտության մեջ: Վստահաբար սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները թույլ են տալիս արաբացած հայերի կենսագործունեությունն իրենց տարածքում, կամ այն, որ ժամանակին իմացել ու չեն կանխել հայերի արաբացումը:


Հայերի արաբացման եւս մեկ ուշագրավ փաստ կա: 1915-ից հետո հայ որբերը, որոնց թիվը բավական մեծ էր, ապաստան են գտել արաբական մի շարք երկրների ցեղերի մոտ: Պատմագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ հենց այս հայ որբերն են կազմել արաբացած հայերի միջուկը: Արձանագրություններ կան, որ ցեղասպանությունից մոտ մեկուկես տասնամյակ անց` 1930-ականների վերջերին, 40-ականների սկզբներին նրանք վերադարձել են Թուրքիա, չեն մնացել արաբական վիլայեթներում: Նրանց վերադարձի համար բարենպաստ հող է նախապատրաստել նույնիսկ հենց Թուրքիան: Ինչպես նշվեց, արաբացած հայերը պաշտպանական պատնեշ էին սկզբում ալեւիների, ներկայումս էլ քրդերի դեմ հակամարտությունում:


Արաբացած հայերի մեջ հայկական ինքնագիտակցության առկայությունը հարցականի տակ է, քանի որ դրա վերաբերյալ ստույգ աղբյուրներ չկան: Սակայն նրանցից շատերը խոստովանում են, որ քրդերի դեմ պայքարում են սոսկ այն նպատակով, որ քրդերից են լսել հայերի դեմ ցեղասպանությանը մասնակցելու, նրանց թալանելու, ունեցվածքին տիրանալու մասին: Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հենց այս վարկածն են օգտագործել արաբացած հայերին քրդերի դեմ հակամարտությունում ներքաշելու համար:


Ծպտյալ հայերի թեմայի ուսումնասիրությունը ծայրահեղ զգուշությամբ պետք է կատարվի, քանի որ ինչպես ցույց են տալիս պատմական վկայությունները, քրդացած ու արաբացած հայերն ակամայից հայտնվել են հակառակ թեւերում, եւ սա հայերիս համար ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյահոգեբանական կարեւորություն ունի:


Թուրքիայում հայերն այլեւս ազգային փոքրամասնություն են կազմում, եւ նրանց վերաբերող ուսումնասիրությունները կներկայացվեն առաջիկա հոդվածաշարերում:


-----

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page