top of page

Ինքնախաբեությա՞մբ զբաղվենք, թե՞ քննենք մեր անձը

«Հայաստանի Կոմունիստ» թերթի նոր շրջանի թիվ 2 համարում, հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հարություն Հովնաթանը, պնտում է. «...Խորհրդային Հայաստանը մենք ենք, մեր կյանքն է, որ մեր մեջ է, մեր ազգային կենսագրության սահմաններում, մեր արյան շրջանառության մեջ, ասել է թե՝ մեր սրտի մեջ»:

Հարություն Հովնաթան, Երևան


Սիրտս ճմլվում է, մահու չափ հոգիս տրտմում է, երբ նայում եմ ազգիս ներկայի ու ապագայի առջև բացված անդունդին։ Ավելին, գերեզմաններն անգամ փուլ են գալիս և տեղն առաջանում է հարթ ու գորշ, փշով ու տատասկով լցված մի անմարդաբնակ տարածություն։ Շարժվող մարդ-մարմիններ էլ կլինեն, բայց նրանց աշխատանքը զուգակցված կլինի քամուն։ Ասելս ինչ է, հայ ազգը ազատության ու անկախության շիրմայի տակ, անդունդ է գլորվում ոչ միայն իր ներկայով, այլև անցյալով ու ապագայով։ Հիմա ես չեմ ողբում, քանի որ ողբն ինձ չի փրկի և ոչ էլ լալիս եմ, լացն էլ չի փրկի։ Դրանք նույնպես քամու աշխատանքներ են։ Իմ նպատակը քնաբեր ընդունած մասսաներին սթափեցնելն է, մեղքից ու մահից հետ պահելն է իմ նպատակը։ Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար։ Հարկավոր է կտրուկ շրջադարձ, ասել է թե՝ ճանապարհի փոփոխություն կատարել։ Ազատությունը ոչ թե բառի անվան, այլ բովանդակության մեջ է։ Ինձ չէ՜ք հավատում, հավատացեք Վահան Տերյանին, որը ժամանակին հոգու աչքով տեսել և հոգին բացելով խոսել, խոստովանել է․ «Սոցիալիզմը- դա գերազանցորեն․․․ հոգսերի ծովի մեջ խարխափող մենակ, մոռացված, տխուր մարդկանց մեծագույն միացումն է։ Սոցիալիզմը անհատի անսահման ազատությունն է»։ ԵՎ մենք, հիրավի, այստեղ, պատմական Հայաստանի քսանինն հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա, ունեինք այդ ազատությունը։ Բայց քանի որ չունեցանք ազատության և անկախության ճշմարիտ պատկերացումը, չունեցանք հոգևոր այդ երևույթների ճշմարիտ գիտակցումը, կյանքով գտածը մահով կորցրինք։ Այո, այո, մեր անգիտության պատճառով, հայոց հողի և հայ ժողովրդի մի զգալի մասը, մահվան դատապարտվեց։ Հողը որ ծաղկում էր, ամայացավ, տունը, որ կյանքով լի էր, լքվեց։ Ճշմարտությունը խորթացել է մեր ականջին։ Թափ տանք մեզ, նայենք մենք մեր շփոթ աչքերին և նայենք մեր զավակների նվաղ աչքերին և կտեսնենք ճշմարտությունը։ Մեր երեխաներն այլևս մեզ նման չեն, քանի որ մենք դադարեցինք մեր հայրերին նման լինելուց։ Մեր հայրերը խռով են մեզանից։ Իսկ ե՞րբ է հայրը խռով լինում զավակից։ Երբ որ զավակը չի լսում հորը։ Աբովյանը, Թումանյանը, Իսահակյանը, Տրյանը և մեր մյուս մեծ մտածողները, մեր հոգևոր հայրերն են, այդ նրանք են արտահայտում ազգի հավաքական միտքը։ Նրանցով է ազգը ազգ մնացել և հասել մինչև այստեղ։ Չե՞նք հավատում նրանց, հավատանք այն ազգաշեն գործերին, որ կատարվել են ընդամենը յոթ տասնյակ տարիների ընթացքում։ Յոթ հարյուր հազար հայը իր պատմական հողակտոր Հայաստանում, Խորհրդային Միությունով միավոր դարձած Հայաստանում, աճել, վերաճել, հասել է երեք միլիոնի։ Էլ չենք ասում, որ շնորհիվ մայր հայրենիք Հայաստանի, նույն աճն ապրել է աշխարհացրիվ հայությունը։ Գործել է կենտրոնը։ Կենտրոնաձիգ ուժը հրաշքներ է գործել։ Բնականաբար, կենտրոնախույս ուժն էլ պիտի գործեր ավերածություններ։ Նա, ով գիտե, զգում, տեսնում է փրկության ճանապարհը, պիտի խոսի։ Վա՜յ նրան, ով չի խոսում։ Վա՜յ մեզ, որ չենք գիտակցում ու չենք տեսնում մեր երեխաների ոչ միայն սակավ ծնունդը, այլև վիրուսակիր լինելը։ Առողջ երեխան գնալով երազ է դառնում։ Ինչու՞։ Ոովհետև երեխայի մայրն ինքը հիվանդ է։ Ծառը, ինճպես Սուրբ Գիրքն է ասում, ճանաչելի է պտուղներով։ Կա՞ ավելի սարսափելի բան, քան դեռևս մոր արգանդում գտնվող երեխայի հիվանդ վիճակը։ Ինչու՞ մոռացանք, ինչու՞ ուրացանք այն անսահման հոգատարությունը, որ կար Խորհրդային երկրում։ Երեկ պետությունն ինքն էր հոգ տանում, որ երեխան ծնվի առողջ, ծնվի ծնողների նմանությամբ։ Այդպես էր, որովհետև պետությունն հայրենական հողի վրա էր ստեղծվել, աճել, բարձրացել էր իր իշխանությամբ։ Հայ երեխան Հայաստանում ծնվում էր հայոց հողի մայրությունը պահած կնոջից։ Հայը, հայոց հողն ու երկինքը միաձույլ էին։ Հայ երեխան տաքանում էր հայ ազգի վառած կրակով, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային-աստվածային սրբություն։ Հայաստանի Կոմկուսը, հզոր Միության զրահը հագած, ուղղակի և անուղղակի ճանապարհներով, լուծում էր ազգային խնդիրները։ Հայ Կոմկուսը գնալով դառնում էր ազգային կուսակցություն․ հայ մտավորականները ոչ միայն ազատ մուտք, այլև ազդեցություն ու նաև իշխանություն ունեին բարձրադիր ղեկավար մարմին հայ Կոմկուսի վրա։ Ազգն ի՞նչ է, եթե ոչ սերունդ, սերունդների միասնականություն՝ հաջորդականության մեջ։ Այսօր ազգի լինել-չլինելը հարցականի տակ է, որովհետև նվազ քանակությամբ ծնվող երեխաներն իրենց բնույթով իսկ խաթարված են, ասել է թե՝ վիրուսակիր են, մի բան, որ ազդելու է արյան գենի վրա։ Չգիտեմ կոնկրետ ինչպես, բայց պարզ երևում է, որ հայ ազգի արյան բաղադրության մեջ փոփոխություն է մտնում։ Առաջինը հիշողության կորուստն է։ Նայեք հայ մարդու և հայ երեխայի աչքերին, թվում է, թե ոչինչ չի հիշում, թվում է, թե ոչ մի բան չի մտածում։ Այսօր այսպիսին է հայ մարդու, մանավանդ, մանկան հայացքը։ Փոխվում են, ուրեմն, հայի տեսողության, լսողության և զգայական գեները։ Ազգը դադարում է ազգ լինելուց՝ նախնյաց հետ ունեցած կապի կտրվելով։ Երեկ փրկված էինք, որովհետև գործում էր Խաչատուր Աբովյանի պատգամը․«Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիքը մի տուր թշնամիներին»։ Խորհրդային հզոր, աշխարհացունց մեքենան մեզ չէր խանգարում։ Ռուսաստանից եկած, ռուսական ոգին կրող Լոբովներն ու Ռիժկովները, համամարդու իրենց կերպարներով ու կերպերով, մեզ ավելի էին հայ պահում, օգնելով ազգաշինությանը։ Մենք տունդարձի ճանապարհներ ունեինք, որովհետև տաք էր հայրենիքի գիրկը և քաղցր էին հայրենիքից հնչող ձայները։ Այսօր աղաղակ է լսվում հայրենիքից և այդ նույն ճանապարհները ծառայում են ազգաթափությանը։ Ինչու՞։ Որովհետև ազատությունը և անկախությունը ոչ թե կյանք և կյանքի նոր ճանապարհներ դարձան, այլ մնացին հռչակագրի սահմաններում, ավելին՝ դարձան դրոշ, ուսադիր ու նաև վարագույր։ Ազատությունը, որ հոգևոր երևույթ է, հանձնվեց մարմնի ցանկություններին․ ահա սա է, ինչպես թալանի, այնպես էլ մյուս բոլոր խաբեությունների պատճառը։


Խորհրդային Հայաստանում հայոց տառը հայոց հայրենիքից էր խոսում։ Հայրենադարձության կոմիտեից բացի, 1965-ին ստեղծվեց նաև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, որի գործը կամուրջներ գցելն էր Հայրենիքի և Սփյուռքի միջև։ Ահա այդ կամուրջներն են, որ գործում են մինչև օրս։ Ամսագրերն ու թերթերը առանձին էջեր էին տրամադրում սփյուռքահայության կյանքի լուսաբանմանը։ Լույս էր տեսնում «Սովետական Հայաստան» հայրենախոս, պատկերազարդ ամսագիրը և «Հայրենիքի ձայն» հայրենականչ թերթը, որն իր ճակատին կրում էր «Փառք քեզ, Հայաստան, դու վերածնված հայրենիք հայոց» կարգախոսը։ Նյութերի վերնագրերն անգամ հայրենաբույր էին․«Թող հնչի, զավակներին հասնի հայրենիքի ձայնը»։ Իսկ այսօր այդ նույն հայրենիքից հառաչանք է դուրս գալիս։ Սա հուսահատության համար չէ, որ ասում եմ։ Իմ նպատակը իմ երկրին և իմ ժողովրդին արթնություն բերելն է։ Այս գործընթացը, այսօրվա բռնած մեր ուղին մեզ տանում է կործանման։ Մի՞թե դժվար է պատկերացնել, որ առջևում անդունդ է։ ՈՒրեմն, պարտավոր ենք ճանապարհի փոփոխություն կատարել։ Նոր ժամանակները նոր կյանք են թելադրում։ Սա բնական է ու հասկանալի։ Բայց մի՞թե ազգի կյանքը կարող է ամբողջանալ միայն ներկայով ու ապագայով։ Ազգի անցյալը շոր չէ, որ հնանա ու դեն նետվի։ Ազգի անցյալը ազգի կյանքի արմատն է, որի կենսունակությամբ պայմանավորած է ինչպես ներկան, այնպես էլ ապագան։ Հին ու նոր չկա, հնի ու նորի միջև անջրպետ չկա, այլ կա անցում և կա ներդաշնակում․ «Արարատի ճերմակափառ հայացքի տակ կա մի երկիր, դարերից եկած, դարեր շարունակ արյամբ ու քրտինքով սրբագործված մի հին, բայց նոր ու վերածնված երկիր, որ օրրանն ու հանգրվանն է համայն հայության»։ Սա «Հայրենիքի ձայնի» առաջնորդողից է, որ գրել է «Կոմունիստները» հայտնի բանաստեղծության հեղինակ, նշանավոր գրող, ժամանակի առաջատար հայ մտավորական Վահագն Դավթյանը։ Այսպես մտածել են մեր մեծերը․«Ճանապարհների հանգույց, հավերժական և անփոփոխ, հին դեմքով, հին հոգով և նոր քաղաքակրթությամբ, որ աճում է, պատվաստվում հին արմատի վրա, նրանից առնելով իր ուժը, նորոգվում է հինը, բայց մնում է հինը, նորը դառնում է հնի շարունակությունը, մեկը չի ժխտում մյուսը։ Ներդաշնակ աճում, իրար մեջ երգված, միշտ ձգտելով ավելի կատարյալին, կատարին»։ Ահա այսպես խորհել, խոսել է Վարպետը, հավերժի ճամփորդ Ավետիք Իսահակյանը։ Հիրավի, Խորհրդային Հայաստանը աննախադեպ թռիչք ապրեց, որովհետև խորհրդային կարգերն հաստատվեցին ոչ թե անցյալի արժեքները ժխտելով, այլ դրանք արժեքավորելով։

Ճիշտ է, հոգևոր արժեքներ, հոգևոր թռիչքներ ունեցել ենք, իբրև հոգի դարից դար անցել ենք, սակայն, ազգի մարմինը 1920թ բզկտված էր։ Բայց հայոց հոգին, որ անսխալականն է, լցված էր հավատով։ Այդ հավատի շուրջ էլ համախմբվեց ազգը։ Ահա այդ հավատի տկարացման պատճառով է, որ այսօր ցրվում է ազգը։ Հիշողության կորուստը սովորաբար հիվանդության պատճռով է լինում, իսկ ինչէ, ազգովի հիվանդացա՞նք, որ չենք ուզում խոստովանել, թե ինչ վիճակում էինք մենք՝ հայերս, մեր պատմական տարածք Հայաստանում և աշխարհում, 20-րդ դարի սկզբին և, այնուհետև, Խորհրդային իշխանությունների շնորհիվ, որտեղ հասանք։ Հիշենք, 1918-ին հայոց պետականության ղեկավարները Հայաստանը կառավարում էին Թիֆլիսից։ Ինքնախաբեությա՞մբ զբաղվենք, թե՞ քննենք մեր անձը։


Աղոթքի անկեղծությամբ է հնչում Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Վազգեն Առաջինի հայրապետական խոսքը․«Սփյուռքի գրեթե բոլոր հայ գաղութները անձամբ այցելած ըլլալով, այսու ձեզի վկայությունը կբերենք, թե պանդուխտ բոլոր հայերը անխտիր, որոնք հայու սիրտ կկրեն, իրենց կարոտի ու հիացումի հայացքը սևեռած կպահեն դեպի արդի հայկական պետությունը՝ Խորհրդային Հայաստանը, անոր ներկա իրականության մեջ գտնելով իրենց ազգային գերագույն մխիթարությունը։ Որովհետև այստեղ, և միայն այստեղ է հայոց մայր երկիրը, հավիտենական Հայաստանը, այստեղ, միայն այստեղ կգտնվի հայ հանճարի ու մշակույթի բոլոր վավերական ակունքները, և այստեղ ու միայն այստեղ է, որ կգրվի հայոց պատմությունը»։


Այս ամենը խոսեցի անցյալով, բայց իրականում անցյալ չէ։ Խորհրդային Հայաստանը մենք ենք, մեր կյանքն է, որ մեր մեջ է, մեր ազգային կենսագրության սահմաններում, մեր արյան շրջանառության մեջ, ասել է թե՝ մեր սրտի մեջ։ Մենք դեռևս այդ երանելի երկիր Խորհրդային Հայաստանի քաղաքացիներն ենք ու կառուցողները։ Ինչպես մեր մեծերը, այնպես էլ Խորհրդային Հայաստանը մեր առջևում է, մենք զղջումով գնալու ենք դեպի այդ երկիրն ու այդ մարդասիրական կարգերը, գնալու ենք վերագտնելու մեզ ու մեր կորցրածը։ Բացվող տիեզերքը թող թելադրի իրենը, բայց այդ կառույցը հարկավոր է մեզ ու մարդկությանը։ Որքան շուտ գլխի ընկնենք, այնքան լավ։ Իսկ ինչ վերաբերում է բախտախնդիրներին, Տերյանի ասած, արյունոտ խրախճանքի ինքնակոչ թամադաներին, գողերին ու ապիրատներին, միշտ էլ եղել են ու լինելու են։ Նրանք անհայրենիք արարածներ են։ Ասում են՝ անցումային շրջան է, հետո լավ է լինելու։ Մենք մեզնի՞ց ենք անցնում, թե՞ ուրիշից։ Ինչ որ է, ասենք թե անցումային է, բայց ո՞նց ենք անցնում, գողությա՞մբ, կեղծիքո՞վ, մարմնական ցանկություններո՞վ, հայրենադավությա՞մբ ենք անցնում այս կամուրջ-անցումը։ Ազգային մեր խնդիրը ճանապարհի ճիշտ ընտրությունն է, ճիշտ ընթացքը։ Խորհրդային յոթ տասնյակ տարիները ազգը դեպի ազգային միաբանություն ու դեպի բարձունք տարան։ Հայոց երկնքի աստղերը փայլ առան հայոց երկրում։ Ամբողջ խնդիրը ազգային մեր տեսակը և մարդկային մեր կերպը պահելն է։


Այսքանը և այսպես խոսեցի, որովհետև հավատացի ազգի ճշմարիտ ուղի դուրս գալուն։ Դեպի լիարժեք կյանք տանող ճանապարհը կա, մնում է տեսնող աչք և լսող ականջ ունենալ։


Աղբյուր՝ «Հայաստանի Կոմունիստ» N° 2, 2022

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page