top of page

Արդյունաբերությունից մնացել են ենթակառուցվածքները․ Սովետական Միության փլուզումից հետո

1980-ականներին՝ իր արդյունաբերական պոտենցիալով Կիրովականը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ մայրաքաղաք Երևանից հետո:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


Սովետական տարիներին կիրովականյան մամուլը՝ ի դեմս ,"Կայծ" թերթի, որ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի օրգանն էր, ներկայացրել է արդյունաբերական ձեռնարկությունների ցուցանիշներն՝ ըստ 11ամիսների կատարողականի․ քանի տոկոսով է կատարվել կամ գերակատարվել պլանը եւ որքան արտադրանք է թողարկվել՝ ռուբլու արժեքով։ Թերակատարում էլ է եղել երբեմն, եւ թերացած ձեռնարկությունների ղեկավարների հարցը խիստ է դրվել կոմկուսի բյուրոներում, քննարկվել են թերացման պատճառները, մատնացույց արվել խնդիրների վերացման ճանապարհները։


․․․Անկախությունից հետո, սկսած՝ 90-ականների կեսերից, այդ ավանդույթը վերացվեց։ Քանի դեռ Սովետական միությունը չէր փլուզվել, դեռ մի որոշ ժամանակ ձեռնարկությունները գործում էին՝ ոչ մեծ հզորությամբ (իհարկե,երկրաշարժից հետո քանդվածը դեռեւս սովետական պետության ջանքերով կարճ ժամանակում վերականգնելուց հետո)։ Բայց, երբ տարիների ընթացքում վերացան միութենական կապերը (90-ականների ծանր ժամանակաշրջանի էներգետիկ ճգնաժամի ու շրջափակման պատճառով) ու ձեռնարկությունների ուսերին հարկային ծանր բեռ էլ ավելացավ, դրանք աստիճանաբար բռնեցին լուծարման ու սնանկացման ճանապարհը։ Բազում խորհրդակցություններ են եղել Լոռու մարզպետարանում՝ նվիրված ձեռնարկությունների խնդիրներին, բայց՝ դրանք բավարար արդյունք չեն տվել։


2000-ականների կեսերին մարզպետարանների կազմում (մասնավորապես՝ Լոռու մարզպետարանում), արդյունաբերության բաժինը վերանվանվեց ,"տնտեսական ենթակառուցվածքների"... Սա ակամա խոստովանություն էր, որ քայքայված ու թալանված ձեռնարկություններից մնացել են միայն ենթակառուցվածքները, որոնք, լավագույն դեպքում, "դրսի" պատվերով էին աշխատում՝ ոչ մշտապես, փոքրաթիվ աշխատողներով։


1998 թվին 3 խոշոր ձեռնարկություններ (Վանաձորի քիմիական գործարան, քիմմանրաթելերի գործարան եվ ՋԷԿ), որ միմյանց հետ փոխկապակցված էին, արդեն որպես մեկ միասնական ամբողջություն, սեփականաշնորհվեցին, անվանվելով քիմիական համալիր․ սեփականատերը "Պրոմեթեվս" ընկերությունն էր (ղեկավար՝ Սենիկ Գեվորգյան)։ Այդ առթիվ խորհրդակցությանն, ի դեպ, անձամբ ներկա եմ եղել՝ որպես լրագրող։ Մարզպետարանի պաշտոնյաներից մեկն այն ժամանակ մեր հետ զրույցում թերահավատություն ու կասկած հայտնեց, որ այդ ամենը պարզապես փողերի լվացում է։ Կյանքն ապացուցեց, որ նրա կասկածները հիմնավոր էին․թերեւս՝ նախագահական ընտրություններին ընտրողներին ներգրավելու միջոց՝ 5-7 հազար աշխատատեղ ստեղծելու խոստումով․ գործարանների աշխատելու երաշխավորությունը քաղաքական էր՝ իշխող կոալիցիոն ուժի կողմից արված․ ի դեմս Հանրապետականի ու Դաշնակցության։ Բայց, ընդամենը մեկ-երկու տարի աշխատեց գործարանը, իսկ այդ ընթացքում երկրում խորացավ քաղաքական ճգնաժամը՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո։ Բնականաբար, դա չէր կարող չբերել նաեւ տնտեսական ճգնաժամ։ Համալիրն աշխատում էր պարապուրդներով, նախկին աշխատողներին աշխատանքից ազատելով եվ նոր պայմանագրային հարաբերությունների մեջ ներքաշելով, իսկ աշխատավարձերի պարտքերի բեռը՝ մինչ սեփականաշնորհումը եղած, ավելանում էր։ Համալիրը տարիներ անց հանձնվեց մեկ ուրիշ սեփականատիրոջ՝ բրիտանական "Ռանսաթ" ընկերությանը, հետո՝ էլի մեկ ուրիշի, եվ 2006 թվին արդեն համալիրի 50 տոկոսն անցավ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական հերթական քարոզչություններից մեկում անգամ խոստովանեց, որ քիմիական համալիրի թեման իր չիրագործված խոստումներից մեկն է։


2006 թվին Լոռուց ընտրված Աժ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ամբիոնից հարց ուղղեց Անդրանիկ Մարգարյանին, թե ի՞նչ եղան քիմգործարանում 20 միլիոն դոլարի ներդրումները, եվ ինչու՞ գործարանը չի աշխատում։ Հարցը համոզիչ պատասխան չստացավ։ Իսկ 2010 թվից հետո, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, երբ քիմգործարանի ու ՋԷԿ-ի աշխատողներն անվերջ բողոքի ցույցեր էին կազմակերպում կառավարության եւ մարզպետարանի առաջ, պահանջելով իրենց աշխատավարձերի պարտքերը (որոնք չէին կարողանում ստանալ անգամ դատարանի որոշմամբ), Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստովանեց, որ նախկինում արված հաշվարկները սխալ են եղել, եւ Վանաձորում խոշոր արդյունաբերություն ունենալը նպատակային չէ։


Քիմգործարանը վերջերս լուծարվեց․ "փառավոր" թալանվելուց ու ասպատակվելուց հետո։ Իսկ քիմմանրաթելերի գործարանի ու ՋԷԿ-ի ճակատագիրն անհայտ է։ Մինչդեռ Սովետական Միության տարիներին եվ քիմիական գործարանն էր հայտնի՝ իր արտադրանքով (կորունդ, կարբամիդ), եվ քիմմանրաթելերի գործարանը՝ իր ացետատային մանրաթելերով ու սիգարետային ժգուտի արտադրությամբ (ժգուտն արտադրվում էր գերմանական արտադրողների հետ համատեղ)։


Հավանաբար, ՀՀ նախկին իշխանություններին ձեռնտու չէր կարբիդի արտադրությունը, քանի որ այն ներկրվում էր Թուրքիայից․ այնպես, ինչպես պարարտանյութը։ Քիմգործարանի տխուր ճակատագրին ավելի վաղ արժանացան Ճշգրիտ հաստոցների գործարանն ու մանվածքային ֆաբրիկան։ Մինչեւ 2000-ականների կեսերը արդյունաբերության "երեսը պարզ անողը" "Էլեկտրոնն" էր, որը Չինաստանի հետ համատեղ արտադրում էր հեռուստացույց, արդուկ, տրակտոր։ Վանաձորում տեղի ունեցող տարեկան ցուցահանդեսներին քիմիագործների մշակույթի պալատի առջեվ հպարտությամբ կանգնած էր լինում "Չինվան" տրակտորը։ Ներկայացվում էր նաեւ մարզում առկա փոքր ձեռնարկությունների արտադրանքը։ Տարիների ընթացքում, երբ խոշոր ձեռնարկությունների արտադրական հզորությունները նվազեցին, արդեն նպատակահարմար չգտնվեց ցուցահանդես կազմակերպելը․ այն փոխարինեցին աշխատանքի տոնավաճառով, որտեղ ներկայացվում էին մարզում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ։


․․․․2018 թվի "թավշե հեղափոխությունից" հետո Վանաձորում գազի բալոնների արտադրություն հիմնվեց՝ Իրանի հետ համատեղ։ Ժապավեն կտրելու արարողությանը ներկա էր նաւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց՝ այդ արտադրությունն էլ ինչ-որ խնդիրների մեջ ընկավ, եվ միայն մամուլում հարց բարձրացնելուց հետո, թե ինչու չի աշխատում այդ գործարանը, կամ ադյո՞ք աշխատում է, վարչապետն արդարացավ, որ այդ գործարքն ավելի վաղ է եղել՝ նախորդ իշխանության օրոք։


Այսօր Վանաձորում տնտեսական զարգացում, եթե կա, ապա դա հացի փռերի, հացաթխման արտադրամասերի, կարի արտադրության, կաթնամթերքի վերամշակման, մսամթերքի, հյութերի արտադրության եվ մեծածախ ու մանրածախ առեվտրի ոլորտում է։ Իսկ բնակչության մի պատկառելի մասն ստիպված է օրվա ապրուստը հոգալ շուկայամերձ տարածքներում, բացօթյա առեվտրի վայրերում մանրավաճառությամբ։ Այդ վաճառքից էլ գոյանում է տեղական բյուջեն։


․․․․1998 թվին Լոռու մարզպետարանի կողմից լույս տեսած փոքր ձեռնարկը, նվիրված Սպիտակի երկրաշարժի 10 տարվան, հավաստում է․ "Մարզի տարածքում գործող 50 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից երկրաշարժի հետեվանքով փլվել եւ վթարային են դարձել 4-ը։ Ետերկրաշարժյան տարիներին կառուցվել եւ վերականգնվել են 3-ը։ Վանաձոր քաղաքում 12 խոշոր գործարաններից 2-ի արտադրական մասնաշենքերը փլվել են եվ կամ քանդման ենթակա դարձել երկրաշարժի հետեվանքով"։

Սովետական տարիներին Կիրովականը (այժմյան Վանաձոր) "մեծ քիմիայի քաղաք" է համարվել․շնորհիվ քիմիական գործարանի ու քիմիական մանրաթելերի գործարանի։ Մեքենաշինական խոշոր հսկաներ են համարվել Ավտոգենմաշը, ճշգրիտ հաստոցների գործարանը։ Ձեռնարկությունների հզորացմանը նպաստել են այդտեղ աշխատող գյուտարարներն՝ իրենց նորարարական առաջարկներով։ Իսկ գործարանների հետ միասին արդյունաբերությունն ու տնտեսությունը հզորացրել են գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտները։ Դրանցից հիմա միայն ենթակառուցվածքներն են մնացել․ գիտաշխատողներից ոմանք մահացել կամ արտագաղթել են, ոմանք՝ իրավիճակային պայմաններից ելնելով, գործունեության այլ ոլորտ տեղափոխվել՝ դարի ոգուն համապատասխան։

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page