Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ԱԳՆ-ն կոչ է արել ճանաչել երկրի անկախությունը
Եթե հանկարծ Արևմուտքը որոշի Մոլդովայի ձեռքերով հարվածել Մերձդնեստրին, ապա Ռուսաստանն այնտեղ էլ, անշուշտ, պատասխան կտա:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության խաղաղ բնակիչների ռմբակոծությունները եւ ցեղասպանության քաղաքականությունը Ուկրաինայի ազգայնականների կողմից, մի շարք աշխարհաքաղաքական հարցեր են բարձրացրել աշխարհի տարբեր մասերում: Խոսքը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մասին է, որը գտնվում է ազգայնական Մոլդովայի եւ ազգայնական Ուկրաինայի միջեւ։
Արևմուտքից կախյալ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, միմյանց հետևից հանդես են եկել ԵՄ-ին անդամակցելու հայտերով: Այսպիսով, Արևմուտքն իր հակառուսական քաղաքականությամբ լարվածության լրացուցիչ կետեր է ստեղծում Ռուսաստանի շուրջ: ԵՄ-ին անդամակցելու Մոլդովայի Հանրապետության դիմումի կապակցությամբ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, -"Մոլդովայի Հանրապետության ղեկավարության կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելը գնահատում ենք որպես աշխարհաքաղաքական լուծում, որը տանում է դեպի միջազգային սահմանների և տարածաշրջանային տարածքում ազդեցության ոլորտների փոփոխություն և արմատապես փոխում է մոլդո-մերձդնեստրյան հարաբերությունների վերջնական կարգավորման հանգամանքները:"
Ռուս-ուկրաինական հակամարտությունն ու ռուս-արևմտյան հակամարտությունն անմիջականորեն ազդում են Մերձդնեստրի անվտանգության իրավիճակի վրա: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է։ Նա ունի իշխանության ինստիտուտներ, բանակ, օրենքներ և տնտեսություն։ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, - "Մոլդովայի իշխանությունների որոշումը նշանակում է Մոլդովայի ինքնիշխանությունը Բրյուսելում վերազգային մարմիններին հանձնելու պատրաստակամությունը և Արևմուտքի կողմից Մոլդովայի տարածքի վերջնական ռազմաքաղաքական և տնտեսական յուրացմանը անցնելը։"
ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության անկախությունը: "Հարկ ենք համարում ընդգծել, որ Մերձդնեստրի ժողովուրդը քաղաքակիրթ եւ ժողովրդավարական եղանակով որոշել է իր ճակատագիրը 1990 թվականի սեպտեմբերի 2-ին, կանխել է 1991-1992 թվականներին Մոլդովայի ռազմական ագրեսիան, պաշտպանելով իր ազատությունն ու անկախությունը, հաստատել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության միջազգային ճանաչման ուղեգծի անխախտելիությունը 2006 թվականի սեպտեմբերի 17-ի համաժողովրդական հանրաքվեում: Ստեղծված նոր հանգամանքներում, այդ թվում՝ Մոլդովայի ղեկավարության կողմից ստեղծված գործողություններով, կոչ ենք անում Մոլդովական կողմին երկխոսություն սկսել Մերձդնեստրի հետ՝ երկու անկախ պետությունների խաղաղ բարիդրացիական գոյության հիման վրա՝ համապարփակ միջպետական պայմանագրի ստորագրման միջոցով փոխհարաբերությունների վերջնական քաղաքակիրթ կարգավորման նպատակով: Միաժամանակ դիմում ենք ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, բանակցային գործընթացում միջնորդներին և դիտորդներին, միջազգային հանրությանն, ընդհանուր առմամբ, խնդրելով ճանաչել ավելի քան երեսուն տարի գոյություն ունեցող իրականությունը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տեսքով, ապահովել Մերձդնեստրի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանումը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Մերձդնեստրի հետ:"
Նշենք, որ 2006 թվականին Մերձդնեստրում հանրաքվե անցկացվեց Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ Դրա արդյունքում բնակիչների գրեթե 97 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության մաս դառնալուն։ Նույն թվականին արագացել է չճանաչված հանրապետության բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրման գործընթացը։ Եթե հանկարծ Արևմուտքը որոշի Մոլդովայի ձեռքերով հարվածել Մերձդնեստրին, ապա Ռուսաստանն այնտեղ էլ, անշուշտ, պատասխան կտա:
-----
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:
Comments