top of page

Գարեգին Նժդեհ. Առասպել և իրականություն - մաս 4

Հետազոտող և պատմաբան Աշոտ Աբգարյանը կարևոր աշխատանք կատարեց քաղաքական և զինվորական գործիչի կյանքի և գործունեության մասին, որու վիճելի գործողությունները նրան դարձնում են սիրված կամ ատելի հայության համար: Նա կռվել է թուրքերի դեմ, բայց նաև դիմել է նրանց "բարեկամության ու եղբայրության" կոչով, ընդդեմ բոլշևիկների: Նա կռվել է խորհրդային իշխանության դեմ, բայց ձերբակալվելուց հետո անդադար հավաստիացնում էր խորհուրդների և անձամբ "մեծ Ստալինի" նկատմամբ իր "անկեղծ բարեկամության" մասին: Եղել է դաշնակցության անդամ, որի հետ գժտվելուց հետո այսպես գրեց. "Հիմա արդեն Դաշնակցությունը մեռնող երևույթ է... Նա պետք է չքվի": Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայության անցավ հիտլերյան նացիստների մոտ: Հետագայում ձերբակալվել է, իր ծառայություններն է առաջարկել նաև խորհրդային պետանվտանգության մարմիններին: Հատուկ հանձնաժողովի կողմից դատապարտվել է Զանգեզուրում հակախորհրդային գործունեության և գերմանական նացիստներին ծառայելու մեղադրանքով:

Աշոտ Աբգարյան, Հայաստան


Անկասկած, Նժդեհին և Դևեջյանին Երևանը ցույց տալու մտահղացումը ևս նախապատրաստվող լրտեսական սցենարի բաղկացուցիչ մասն էր: Իհարկե, Խորհրդային Հայաստանի փառահեղ մայրաքաղաքը պետք է որ ուժեղ տպավորություն թողներ այն մարդկանց վրա, ովքեր Երևանը վերջին անգամ տեսել էին ավելի քան 30 տարի առաջ: Մոնումենտի բարձունքից Նժդեհի աչքերի առաջ բացված նոր Երևանի համայնապատկերը ինքնըստինքյան ամենաանվիճելի և անառարկելի փաստարկն էր հօգուտ խորհրդային կարգերի: Նժդեհին ուղեկցող Հայաստանի պետանվտանգության ղեկավարներից մեկը այս դրվագի մասին գրում է. «...Նժդեհը զարմացած էր քաղաքի գեղեցկությամբ, նա արտասվեց: Մենք հավատացինք նրա անկեղծությանը...» (20): Իսկ Նժդեհի բանտընկեր Հովհաննես Դևեջյանը իր հուշերում պատմում է, որ Նժդեհը վերադառնալով երևանյան զբոսանքից՝ չի թաքցնում իր գոհունակությունը. «Տպավորություններս դրական են, հին Երևանը կերպարանափոխվել է, անճանաչելի է դարձել» (21): Շուտով Դևեջյանը ևս հնարավորություն է ստանում անձամբ համոզվելու դրանում:


Իսկ ինչ շարժառիթներով էր ղեկավարվում Նժդեհը, երբ ձերբակալվելուց հետո համառորեն ու թախանձագին իր ծառայություններն էր առաջարկում խորհրդային պետանվտանգության մարմիններին, որոնք էլ, ի վերջո, որոշեցին փորձել՝ իսկ ինչու ոչ: Նժդեհը իր ցուցմունքներում և գրառումներում, հաճախ, չգիտես ինչու, անհրաժեշտություն է զգում հիշեցնելու, որ ինքը՝ հին զինվորը արհամարհում է մահը, որ եթե ինքն ուզում է ապրել, ապա միայն այն բանի համար, որպեսզի նորից նետվի Թուրքիայի դեմ պայքարի հորձանուտը: Նժդեհը մշտապես դիմում է բազմակի օգտագործման այս փաստարկին, կարծես իր կենդանի հանձնվելը արդարացնելու համար:


Նժդեհը հենց սրանով է բացատրում իր մնալը Սոֆիայում, թեև, ինչպես ինքն է գրում, հրաշալի հնարավորություն ուներ հեռանալու Բուլղարիայից: Բայց դարձյալ իր «համեստ» ինքնաբնորոշմամբ, «ասպետական-հայրենասիրական քայլ» կատարելով՝ մնաց, որպեսզի իր աջակցությունն առաջարկի խորհրդային իշխանությանը. «Ես վստահ էի, որ իմ ասպետական–հայրենասիրական քայլը՝ այն, որ ես չհեռացա, բավական կլինի ստիպելու խորհրդային իշխանությանը մոռանալ իմ հակախորհրդային անցյալը... Ցավոք, Կարմիր բանակը չշարժվեց դեպի Թուրքիա»:


Հետաքրքիր է, ինչու՞ Նժդեհը որոշեց, որ Կարմիր բանակը պետք է շարժվի Թուրքիայի վրա: Այդ ով էր ասել, այդ երբ էր Կարմիր բանակը այդպես մտածելու հիմք տվել նրան: Սա, իհարկե, Նժդեհի հերթական փոքրիկ խորամանկությունն է, իր կասկածելի վարքագիծն արդարացնելու և «ասպետի» դեմքը փրկելու համար: Սեփական հնարավորությունների մասին Նժդեհի խոսքերի մեջ, մեղմ ասած, դարձյալ չափազանցություն կա: Ստեղծված պայմաններում, երբ նացիստներին շատ թե քիչ ծառայություններ մատուցած և ճանաչում ունեցող գործիչները հայտնվել էին հակաֆաշիստների համակ ուշադրության ներքո, Նժդեհի համար արդեն դժվար պիտի լիներ հեռանալը: Համենայնդեպս, Նժդեհի հնարավորություններն ավելին չէին, քան Գյորինգի կամ Մուսոլինիի (իմիջիայլոց, Մուսոլինին մահապատժի ենթարկվեց, իսկ Գյորինգը բանտում վերջ տվեց կյանքին): Եվ հետո հետաքրքիր է, որ Նժդեհը խոսում է «ասպետավարի» Սոֆիայում մնալու և ոչ թե խորհրդային զինվորական իշխանություններին հանձնվելու մասին: Համաձայնեք, որ սրանք տարբեր բաներ են: Թույլ տվեք պնդել, որ նա մնացել է Սոֆիայում, որովհետև չի կարողացել հեռանալ: Նժդեհի «ասպետականությանը», ճիշտ է, դժվարությամբ, բայց կարելի էր հավատալ, եթե գոնե նա ինքնակամ ներկայացած լիներ խորհրդային զինվորական հրամանատարությանը կամ բուլղարական ժողովրդական միլիցիայի մոտակա բաժանմունք և ասեր. «Ես Գարեգին Նժդեհն եմ...»:


«Գարեգին Նժդեհի ԿԳԲ» ռուսերեն հուշագրության հեղինակ Վ. Հովսեփյանը, երբ ինքը դեռևս ՊԱԿ-ի երիտասարդ կապիտան էր, առիթ է ունեցել անձամբ շփվելու Նժդեհի հետ և ընդգծված համակրանքով է խոսում նրա մասին: Բայց դա չէ, որ ուշագրավ է դարձնում նրա գործը, Նժդեհի գովքն անող տափակ ներբողները բնորոշ են մեր ժամանակներին, դրանց արդեն սովոր ենք: Մեզ համար կարևորը գրքում ներկայացված անհերքելի վավերագրերն են, որոնք արժանի երախտագիտություն են առաջացնում հուշագրության հեղինակի նկատմամբ: Գրքում գտնում ենք նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի փոխգնդապետ Գուրգեն Աղայանի հետևյալ տեղեկագիրը. «...Խորհրդային զորքերի մոտենալուն պես Նժդեհը ընդհատակ է անցնում: Որոշ ժամանակ նա թաքնվում է Պանագյուրիցե քաղաքում, գորգագործ Բեդիկյանի տանը: Սեպտեմբերի 9-ի նախօրյակին (այդ օրը Սոֆիայում հեղաշրջում եղավ, իշխանությունն անցավ հակագերմանական Հայրենական ճակատին, իսկ խորհրդային զորքերը արդեն մտել էին Բուլղարիա–Ա.Ա.) տեղափոխվել է Պլովդիվ քաղաք, որտեղ ապրել է «Կոմերցիալ» հյուրանոցում, հետո նորից վերադարձել է Պանագյուրիցե, այստեղից Բեդիկյանի ավտոմեքենայով մեկնել է Սոֆիա, որտեղ էլ ձերբակալվել է» (22):


Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ Նժդեհը, այնուամենայնիվ, աշխատել է ելքեր գտնել Բուլղարիայից դուրս պրծնելու համար: Նա, ամենայն հավանականությամբ, փորձել է թաքնվել, հավանաբար, այս հարցում իրեն օգնելու խնդրանքով դիմել է ծանոթներին ու մտերիմներին, բայց տեսնելով, որ բոլորը մտածում են միայն իրենց գլխի ճարը տեսնելու մասին, որ ինքը ոչ ոքի այլևս պետք չէ՝ հուսահատ վերադարձել է տուն և այստեղ էլ հորինել է «չհասկացված ու չգնահատված ասպետի» իր հայտնի պատմությունը. «չհեռանալով Սոֆիայից ես դրսևորեցի բարձր հայրենասիրություն... չեմ կարծում, որ շատերը կգտնվեն, ովքեր կվարվեին այնպես, ինչպես ես»: Պարզ է, իհարկե, էլ ով կարող է, իրենից բացի, միայն ինքը՝ միակը, անզուգականը, անկրկնելին...


Արդեն 1944-ի սեպտեմբերն էր, բուլղարական ժողովրդական միլիցիայի մարտիկները ամենուրեք փնտրում էին տեղական նացիստական վարձկաններին: Ճակատագրի հետ հաշտված, բոլորից լքված, մոռացված ու դառնացած «ասպետը» հասկանում էր, որ հատուցման ժամը եկել է: Բայց նա Նազովրեցու նման անսասան մնաց իր Գեթսիմանյան այգում: Իսկ մի՞թե բոլորը հասկացան ու գնահատեցին «ասպետի» ինքնազոհողության ու նահատակության սխրանքը: Ոչ բոլորը: Հայտնի բան է, որ ամեն ժողովուրդ իր տականքն ունի, հայերն էլ, ինչ կարող ես անել, բացառություն չեն: Նա ստեղծեց «Ցեղակրոնը», սփյուռքը «հոգևոր սնանկացումից» փրկելու համար, դարձյալ չգնահատեցին այդ «անարժանները». «հայության անցեղ ու պարտվողական մասը իմ դեմ խարդավանքներ էր նյութում... Ես ներում եմ բոլորին...»: Ներել կարողանալը, իհարկե, վայել է մեծահոգի ասպետին, մանավանդ, եթե պատժել չես կարող, բայց արժե մի երկու լավ բան ասել այդ «երախտամոռ հուդաներին»: Ազատության վերջին օրերի նրա գրառումներում կարդում ենք. «Հավերժորեն նողկալի են ստրուկները, որոնք միշտ օգտագործել են արտաքին ուժերին իրենց անզոր չարությունը հագեցնելու և հայրենակիցների մեջ իրենց «թշնամիներին» ոչնչացնելու համար: Սակայն ոչ պակաս նողկալի են ազգայնականները, ովքեր միայն անվանապես են այդպիսին: Բազարի բարոյականությամբ այդ արարածները իջան մինչև անասունի աստիճան: Ծանոթներ, բարեկամներ, ազգականներ՝ ոչ ոք քեզ համար դուռը չի բացի, եթե անգամ Նազովրեցու խաչը մեջքիդ և արյունածոր ճակատիդ փշե պսակ դրած նրանցից պաշտպանություն խնդրես: Մոռացել են, մոռացել են բոլորը, որ միայն իմ ջանքերի շնորհիվ խուսափեցին հրեաների ճակատագրից, ամբողջ չորս տարի դրանք բոլորը միայն հարստանում էին ու հարստանում: Նրանք, ովքեր դեռ երեկ քո հայացքն էին փնտրում ու քո մի «բարևը», այսօր նույնիսկ քո անունից են փախչում ու քո ստվերից... Սփյու՛ռք, դու նորից ստիպեցիր ինձ վերապրել անարգանքի ողբերգությունը: Ամո՛թ քեզ և խայտառակություն» (23):


«Չհասկացված ասպետի» մոտիվը նա դեռ շատ անգամներ կկրկնի, նաև Ստալինին գրած նամակում, որը չի հասել հասցեատիրոջը: Այս նամակը ավելի ուշ կներկայացնենք: Խորհրդային չեկիստները, իհարկե, լուրջ նշանակություն չէին տալիս Նժդեհի պարզունակ բացատրություններին ու նրա ծիծաղելի «աշխարհաքաղաքական» խրատներին, նրանք իրենց նպատակն ունեին, որի մասին վերևում արդեն ասվեց: Ուրեմն, ինչ էր մնում Նժդեհին այն բանից հետո, երբ «ասպետավարի» տանը նստած ձերբակալվեց և ուղարկվեց ԽՍՀՄ: Նրան մնում էր սպասել դատավճռին, իսկ այդ դատավճիռը կարող էր ահեղ լինել: Պատերազմում իր միլիոնավոր զավակների կորուստը վերապրած երկիրը ամենայն իրավունքով կարող էր Նժդեհին գնդակահարել առանց հետաքննության, առանց դատ ու դատաստանի, որպես հիտլերականների սպասյակի և դա կլիներ արդարացի ու հասկանալի: Նժդեհը գիտեր այդ: Նրա ձերբակալությունից մինչև դատավճռի կայացումը տևել է գրեթե չորս տարի: Ողջ այդ ընթացքում գնդակահարված լինելու հավանականությունը եղել է միանգամայն ռեալ և ողջ այդ ընթացքում Նժդեհը մի գլուխ հավաստիացնում էր խորհրդային իշխանության նկատմամբ իր երբեմնի վերաբերմունքի կտրուկ փոփոխության մասին, այն մասին, թե ինչպես և ինչու ինքը խորհրդային կարգերի երդվյալ թշնամուց դարձավ այդ կարգերի ջատագովն ու բարեկամը: Սեփական հայացքների վերանայումն ու վերաիմաստավորումը, առհասարակ, նորմալ է յուրաքանչյուր մարդու համար և դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, ավելին, դա նույնիսկ գովելի է: Բայց այս դեպքում կարևոր է դառնում դրդապատճառը, նպատակը, անկեղծությունը:


Արդեն ասվեց, որ Նժդեհը դա բացատրում է Թուրքիան պարտված տեսնելու իր հայրենասիրական միակ իղձով ու բաղձանքով: Իսկ այդ բաղձանքը իրականացնել կարող է միայն խորհրդային պետությունը: Ոչ հեռավոր անցյալում, մինչեւ ձերբակալվելը, նույն այդ երազանքով Նժդեհը իր ծառայություններն առաջարկեց գերմանական նացիստներին, բայց այն ժամանակ գնդակահարությանը սպասող բանտարկյալի ապրումները ծանոթ չէին նրան: Թվում է, թե Նժդեհը երկու դեպքում էլ չի ստում, թե՛ գերմանական ծառայության մեջ, թե՛ խորհրդային բանտում, երկու դեպքում էլ, կարծես թե շարժառիթը Թուրքիայի դեմ պայքարի անզուսպ ցանկությունն է: Բայց, իհարկե, այս ամբողջությամբ և արմատապես տարբեր իրավիճակներում նրա նպատակներն էլ տարբեր էին:


Հիմա մի վավերագիր էլ հիշենք, դա 1920-ի դեկտեմբերի 25-ին Տաթևում գումարված 69 գյուղերի պատգամավորների, այսպես կոչված, համազանգեզուրյան համագումարի բանաձևի արձանագրությունն է: Բայց նախ ասենք, որ այդ ժամանակ արդեն Հայաստանի հիմնական տարածքի վրա հաստատվել էր խորհրդային իշխանություն: Շուտով բոլշևիկները Խորհրդային Հայաստանին միացրին Լոռին, որը թունդ «ազգային հայրենասերները» դեռ 1920-ի նոյեմբերի 13-ի պաշտոնական համաձայնագրով շռայլորեն զիջել էին մենշևիկների Վրաստանին: Մի փոքր ավելի ուշ բոլշևիկները Հայաստանին վերադարձրին նաև Գյումրին: Բայց գանք վերոհիշյալ բանաձևին:


Արձանագրության 4րդ կետում կարդում ենք. «համագումարը միաձայն որոշում է հրավիրել իր ազատարար, իր հերոս Նժդեհին որպես Սյունյաց սպարապետ և բուռն ծափահարություններով իր կատարյալ քվեն տալով նրան, իր բախտն է հանձնում նրան»: Համագումարը իր միակ թշնամին հայտարարելով խորհրդային իշխանությունը, իրեն հռչակում է Խորհրդային Հայաստանից անջատված: Այսպիսով, թշնամին հայտնի է, դա Խորհրդային Հայաստանն է: Իսկ ինչպիսին էին լինելու 69 գյուղերի 118 պատգամավորների և իհարկե, «ազատարար ու հերոս» Նժդեհի կողմից ինքնավար հռչակված Սյունիքի հարաբերություններն ու վերաբերմունքը մյուս հարևանների նկատմամբ: Արձանագրության 6-րդ կետը պարզաբանում է. «Զանգեզուրի վերաբերմունքը դեպի Ադրբեջանի կառավարությունը լինելու է բարեկամական, բայց նա առայժմ չի կարող սերտ հարաբերությունների և երթևեկության մեջ մտնել Ադրբեջանի հետ, մինչև երկու հարևան ժողովուրդների փոխադարձ վստահությունը կատարյալ չլինի»: Եկեք հիշենք, որ Ադրբեջանը ևս խորհրդային էր: Հիմա թուրքերի նկատմամբ վերաբերմունքի մասին՝ նույն 6-րդ կետը հռչակում է. «Զանգեզուրի փոխհարաբերությունները իր հարևան թուրքերի հետ երեք տարուց ի վեր, շնորհիվ արտաքին պրովոկացիաների և քաղաքական միջամտությունների եղել է թշնամական, այսօրվանից համագումարը լիահույս է, որ այդ անտեղի թշնամանքը կդադարի երկու դարավոր հարևանների միջև, տեղի տալով սերտ բարեկամության» (24):


Համագումարը իր բարեկամական զգացմունքներն է հայտնում նաև Պարսկաստանին: Ինչպես ասվեց, Սյունիքի և Նժդեհի միակ թշնամին Խորհրդային Հայաստանն էր: Ուրեմն, Խորհրդային Ադրբեջանի հետ կարելի էր բարեկամանալ: Թուրքերի հետ էլ պետք էր բարեկամանալ, մոռանալով «անտեղի թշնամանքը», իսկ ահա Խորհրդային Հայաստանի հետ պետք էր միայն կռվել, ավերել, ոչնչացնել, նրա հետ բարեկամանալ չէր կարելի, որովհետև դա կնշանակեր Զանգեզուրը միացնել հայրենիքին, իսկ դա էլ կնշանակեր կորցնել իշխանությունը, անձնական անսահմանափակ իշխանությունը: Այստեղ՝ Զանգեզուրում Նժդեհը միայն սպարապետ չէր, այստեղ նա ինքնիշխան էր, կարող էր ներել ու պատժել, այստեղ նա «թագավոր էր ու Աստված», իսկ ով էր լինելու նա խորհրդային կարգերի պայմաններում: Փառասիրությունն ու իշխանատենչությունը, որ երբեմն հասնում էին զավեշտի, դարձել էին նրա վարքագծի գլխավոր շարժառիթը, որն էլ հենց նրան տարավ գերմանացիների մոտ: Հիտլերականները որևէ առիթ չէին տվել Նժդեհին կարծելու, որ իրենք Թուրքիայի դեմ ինչ-որ նախապատրաստություններ են տեսնում: Դա նրանց ինչի՞ն էր պետք: Թե՞ գերմանացիները այնքան հիմար էին, որ Թուրքիային իրենց կողմը հրապուրելու փոխարեն, ընդհակառակը, մի քանի բախտախնդիր հայերի խելքին ընկնեին ու թուրքերին վերջնականապես վանեին իրենցից, նետեին հակառակորդի ճամբարը, այսպիսով, մի նոր ճակատ ստեղծելով իրենց դեմ: Իրո՞ք Նժդեհը այնքան միամիտ էր, որ ենթադրեր, թե ինքը հայերից խումբ է հավաքագրում Թուրքիայի դեմ օգտագործելու համար, իսկ գերմանացիներն էլ իրենց դարդը թողած այդ խառնիխուռն զանգվածը մարզում էին ու հոգում նրա ծախսերը, որպեսզի քաջ Նժդեհը գնա ու ազատի իր պատմական հայրենիքը:


Ավելի ուշ, խորհրդային բանտում Նժդեհը կպատմի, թե ինքը որքան է հիասթափվել նացիստներից, երբ նրանք իր հավաքագրած մի քանի հոգուն թուրքերի դեմ նախապատրաստելու փոխարեն, իրենից վերցրել են, տվել «հայրենիքի դավաճան Դրոյին» և ուղարկել են Ղրիմ, Կարմիր բանակի դեմ: Գերմանացիների օգնությամբ թուրքերի դեմ ռազմական գործողությունների ծրագիրը գոյություն ուներ միայն Նժդեհի երևակայության մեջ: Կամ, որ ավելի հավանական է, Նժդեհը ձևացնում էր, իբր կարծել է, որ այդպես կլինի, հարմար էր այդպես ձևացնել: Պատերազմի առաջին տարիներին շատերը վստահ էին, որ այն կավարտվի շատ շուտ և անպայման գերմանացիների հաղթանակով: Նժդեհն էլ շտապեց իրեն գցել «հաղթողի» ճամբարը, ապագայում հայ ժողովրդի միակ ու անվիճելի առաջնորդը լինելու համար, ցեղի առաջնորդը: 1941-ին, երբ Հայաստանի բախտը մազից էր կախված, Նժդեհը այսպես է գրում. «Լենինյան նյութապաշտությունը ռուս բանակը վերածեց անաստված սրիկաների: Գերման բանակի առաջին հարվածները եկան հաստատելու, որ Կարմիր բանակը կավ է, և ոչ երկաթ: Տասներորդ օրն է, ինչ Հիտլերի բանակի խօլական զարկերի տակ սովետիզմի կավե կառույցը խորտակվում է իբրև պետություն... Տեղի է ունենում պատմության դատաստաններից ամենաարդարն ու անողոքը: Պատմությունն այս անգամ դատավոր է կարգել գերման ցեղը» (25):


Թուրքիայի դեմ պայքարի մաշված խաղաքարտը Նժդեհը հետո էլի կօգտագործի, այս անգամ արդեն բացատրելու համար, թե ինքն ինչու է իր ծառայություններն առաջարկել խորհրդային պետանվտանգությանը: Դե, իհարկե, ինքը Նժդեհն է, ասպետ, իսկ ասպետին վայել չէ այնպիսի մարդկային թուլություն, ինչպիսին մահից վախենալն է: Իր ուզածը միայն Թուրքիայի հախից գալն է, էլ ո՞վ, եթե ոչ ինքը: Այն, ինչը չհաջողվեց գերմանացիների օգնությամբ, կհաջողվի հաղթանակած խորհուրդների հետ միասին: Խորհրդային բանտում էլ փառքի նկատմամբ թուլությունը չլքեց նրան, ճիշտ է, հիմա արդեն «ասպետի» հիվանդագին ինքնահիացումն ու սեփական անձի բացառիկության սինդրոմը ավելի ծիծաղելի դրսևորումներ էին ստանում, մանավանդ, այն թշվառ վիճակի համապատկերի վրա, որի մեջ նա հայտնվել էր: Նժդեհը դարձյալ խոսում է թուրքական վտանգի մասին, նույնիսկ Թուրքիայի կողմից Հայաստանին հարված հասցնելու շատ մեծ հավանականության մասին, կարծես Խորհրդային Հայաստանը մի քանի գյուղերով պետություն հռչակած «ինքնավար Սյունիքն էր»: Իսկ Վրացյանին ուղղված նամակում չի բացառում նույնիսկ Թուրքիայի դաշնակից Արևմուտքի կողմից Հայաստանին միջուկային հարված հասցնելու վտանգը: Սառը պատերազմը թափ էր հավաքում և այդ պայմաններում իրական պատերազմն էլ շատերին անհավանական չէր թվում: Լավ, եթե անգամ Արևմուտքը նոր աշխարհամարտ պետք է սանձազերծեր, այն էլ միջուկային զենքի կիրառմամբ՝ ինչ պետք է աներ խեղճ Վրացյանը սփյուռքի հետ միասին տարաբախտ հայրենիքը փրկելու համար: Կարող է թվալ, թե Նժդեհը վերջնականապես կորցրել է իրականության հետ կապը, մի բան, որ սովորական է յուրաքանչյուր եսակենտրոն ու ինքնամեծար խառնվածքի համար, բայց արդյո՞ք այն չափով, որպեսզի սեփական դատողությունների մեջ հասնի կատարյալ աբսուրդի: Շատ դժվար է խուսափել այն տպավորությունից, որ Նժդեհը ամեն անգամ հիշեցնում է «թուրքական գործոնի» մասին, իր այս կամ այն արարքը հիմնավորելու և արդարացնելու համար, սակայն, մտքում ունենալով բոլորովին այլ բան: Այս անգամ էլ Նժդեհը դիմում է նույն խորամանկ հնարքին, բացատրելու և արդարացնելու համար ԽՍՀՄ ՊԱԿ-ին ծառայելու իր պատրաստակամությունը: Այստեղ եկեք նախ ծանոթանանք Նժդեհի, նրա դեմ հարուցված քրեական գործով վկաների և գործին առնչվող այլ բանտարկյալների հարցաքննությունների արձանագրություններին, որպեսզի ավելի հեշտ լինի կռահել նրա վարքագծի իրական շարժառիթները:


Նժդեհի առաջին հարցաքննության արձանագրությունը (26), 12 հոկտեմբերի 1944թ., քննիչներ՝ Կարմիր բանակի «Սմերշ» հակահետախուզության սպաներ (քաղվածք) թիվ 1.

ՔՆՆԻՉ - Դուք ի՞նչ դիրք էիք զբաղեցնում դաշնակցություն կուսակցության մեջ:


ՆԺԴԵՀ - Կուսակցության մեջ ես աչքի ընկնող դիրք եմ զբաղեցրել... հանդիսանալով Դաշնակցության կենտկոմի անդամ: Կուսակցությունից հեռացել եմ 1937-ին Դաշնակցության բյուրոյի ղեկավար Ռուբեն Տեր-Մինասյանի նկատմամբ անձնական հակակրանքի շարժառիթով:


ՔՆՆԻՉ – Բեռլինում ու՞մ հետ եք հանդիպել գերմանական հետախուզությունից:


ՆԺԴԵՀ - Ես զրույց եմ ունեցել գերմանական հետախուզության ներկայացուցչի հետ, որն իրեն անվանեց մայոր Դրում:


ՔՆՆԻՉ - Ինչի՞ մասին էր ձեզ հետ խոսում մայոր Դրումը:


ՆԺԴԵՀ - Դրումը հետաքրքրվեց իմ մասին, ասացի, որ ես դաշնակցական բանակի գեներալ եմ, հայ ազգայնական... նա ինձ հարցրեց, թե մենք՝ հայերս ինչո՞վ կարող ենք օգնել Գերմանիային: Ես առաջարկեցի Բեռլինում դպրոց բացել հայերի համար, որտեղ գերմանացիները նրանց կմարզեն եւ կօգտագործեն իրենց հայեցողությամբ: Դրումը կառչեց այդ առաջարկությունից և հանձնարարեց Բուլղարիայի հայերից մի խումբ ընտրել՝ մոտավորապես երեսուն հոգի և ուղարկել Բեռլին, որտեղ նրանց կպատրաստեն դիվերսիոն նպատակների համար և կանցկացնեն Խորհրդային Հայաստան:


ՔՆՆԻՉ - Գործնականում ի՞նչ արեցիք գերմանացիների հանձնարարությունը կատարելու համար:


ՆԺԴԵՀ - Ես գրեցի Հայկ Ասատրյանին, որ նա Բուլղարիայում հայերից խումբ հավաքագրի Բեռլին ուղարկելու համար... այդ խումբը հավաքագրվեց՝ 31 մարդ: Նրանց Բեռլին ուղեկցեց ոմն Աստվածատրյան (Ներսես Աստվածատրյան, ձերբակալվել է- Ա.Ա.), որը Սոֆիայում ամրակների խանութ ունի: Նրանք երկու հոսքով ուղարկվեցին Բեռլին... այնտեղից նրանց փոխադրեցին Հոհեն-Բինդե, որտեղ դպրոց էր բացվել:


ՔՆՆԻՉ - Թվարկեցեք այն անձանց, ովքեր մարզվում էին Հոհեն-Բինդեում:


ՆԺԴԵՀ - Դպրոցում հիմնականում երիտասարդներ էին, դրա համար էլ բոլորին չեմ ճանաչում, միայն դեմքով գիտեմ: Նրանցից մի քանիսին էի մոտիկից ճանաչում՝ Մարկոս Մարկոսյան՝ Սլիվեն քաղաքից, Գրիգոր Բոստանջյան՝ Բուրգասից էր, Օնիկ Պետրոսյան՝ Սլիվենից, Աբրո Գրիգորյան՝ Սոֆիայից, Մարտիկ, ազգանունը չեմ հիշում, Պլովդիվից էր: Մյուսների ազգանունները չեմ հիշում, բայց բոլորին դեմքով ճանաչում եմ, այնտեղ ես մի քանի անգամ եղել եմ, բոլորի հետ հանդիպել եմ:


ՔՆՆԻՉ - Ինչպե՞ս դասավորվեց դպրոցի ունկնդիրների հետագա ճակատագիրը:


ՆԺԴԵՀ - Բոլոր ունկնդիրներին ուղարկել են Ղրիմ... որպեսզի այնտեղից անցկացվեն Հայաստան դիվերսիաներ կատարելու համար:


ՔՆՆԻՉ - Ինչու՞ դիվերսանտների ուղարկումը չիրականցվեց:


ՆԺԴԵՀ - Այդ ամենը կատարվում էր 1943-ի գարնանը, այդ ժամանակ արդեն սկսվել էր Կարմիր բանակի հարձակումը, այնպես որ խումբը ուղարկելու մասին արդեն խոսք չէր կարող լինել, գերմանացիները նահանջում էին:


Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (27) (քաղվածք) 17 հոկտեմբերի 1944թ, թիվ 2.


ՔՆՆԻՉ - Շարունակեք ձեր ցուցմունքը Բեռլին կատարած ուղևորության մասին:


ՆԺԴԵՀ - ...Ես նամակ գրեցի Սոֆիա, Հայկ Ասատրյանին, առաջարկելով մի 30 մարդուց բաղկացած խումբ հավաքել և նրա հետ միասին գալ Բեռլին: Իմ նամակը ստանալուց մի քանի օր անց Հայկ Ասատրյանի գլխավորությամբ Բեռլին ժամանեց երիտասարդ հայերի մի խումբ: Չէ, շփոթեցի, նախ Բեռլին եկան Հայկ Ասատրյանը, Սեդրակ Ջալալյանը և Ս.Պետիկյանը: Իսկ խումբը, որը ընտրված էր Բեռլինում պատրաստություն անցնելու համար՝ ժամանեց երկու հոսքով: Խմբի տեղ հասնելուն պես, Ջալալյանն ու Պետիկյանը գնացին Հոհեն-Բինդե գյուղը, որտեղ էլ խումբը հանգրավանել է ճամբարում: Իսկ ես և Հայկ Ասատրյանը մնացինք Բեռլինում, հայկական հարցի հետ կապված մեր գործերով զբաղվելու:


ՔՆՆԻՉ -Ներկայացրեք խմբի մեջ մտնող հայերի անուն-ազգանունները, ովքեր ժամանել էին Բեռլին, նախապատրաստություն անցնելու:


ՆԺԴԵՀ - Այդ խմբի կազմում ժամանել էին հետևյալ անձինք՝ Մարկոսյան Մարկոս, 25 տարեկան, գաղթական է Արևմտյան Հայաստանից, ապրում է Սլիվենում, մասնագիտությամբ, կարծես թե, կոշկակար է: Պետրոսյան Օնիկ, 30 տարեկան, թուրքահայ վերաբնակիչ է, Սլիվենում է ապրում, վարսավիր է: Բոստանջյան Գրիգոր, 30 տարեկան, թուրքահայ, գրավաճառատուն ունի, Բուրգասում է ապրում (ձերբակալվել է.-Ա.Ա.): Պետիկյան Սրվասար, 30 տարեկան, թուրքահայ, բուլղարական բանակի պահեստի սպա: Գորգագործական ձեռնարկատիրոջ զավակ է, Պանապորիցա գյուղում է ապրում, դա Պլովդիվից հեռու չէ: Ջալալյան Սեդրակ, 60 տարեկան, Խորհրդային Հայաստանից է արտագաղթել 1920-1921թվերին: Ուսուցիչ է, Վառնա քաղաքից: Հիմա Բեռլինում է, որտեղ միացել է Դրոյի խմբին: Թամազյան Արամ, 25 տարեկան, թուրքահայ, առևտրական է՝ Վառնայից, Ջալալյանի հետ միասին մնացել է Բեռլինում, միացել է Դրոյի խմբին: Գրիգորյան Աբրամ (Աբրո), 60 տարեկան, թուրքահայ, բանվոր է, Սոֆիայում էր ապրում, Սաֆրոնի փողոց: Բեռլին գալու առաջին իսկ օրերից հիվանդ էր, տեղափոխվել էր հիվանդանոց, բայց չգիտեմ, թե հիմա որտեղ կարող է լինել: Մինասյան, անունը չգիտեմ, 27 տարեկան է, բանվոր, թուրքահայ, ապրում է Վառնայում: Մարտիկ, ազգանունը չգիտեմ, 50 տարեկան է, թուրքահայ վերաբնակիչ, փականագործ է, Պլովդիվում փականագործական արհեստանոց ունի (Մարտիկ Դոգրամաջյան, ձերբակալվել է.-Ա.Ա. ): Օնիկ, ազգանունը չգիտեմ, 25-30 տարեկան է, թուրքահայ, Սոֆիայում է ապրում, կոշկակար է: Մյուսների ազգանունները չգիտեմ: Նրանց լավ գիտի դոկտոր Հայկ Ասատրյանը, նա Սոֆիայում է, իր քենակալի տանը, որը սրճարանատեր է: Նրա հասցեն կարելի է իմանալ հայկական եկեղեցու միջոցով: Բեռլին մեկնած ամբողջ խմբի ցուցակը կազմել է դոկտոր Ասատրյանը:


Մենք չգիտենք, Ասատրյանին գտնելու համար ՍՄԵՐՇ-ի հակահետախույզները դիմեցի՞ն արդյոք տեղի հայոց եկեղեցու օգնությանը, ինչպես Նժդեհն է խորհուրդ տալիս, բայց շատ չանցած Սոֆիայում Հայկ Ասատրյանը հայտնաբերվում և ձերբակալվում է: Ինչպես պարզվեց Հայկ Ասատրյանի ձերբակալվելուց հետո, նա իսկապես խմբին ավելի լավ գիտեր, քանի որ ինքն էր կազմել ցուցակը: Ասատրյանը իր ցուցմունքի մեջ հիշում է դիվերսանտների 21 անուն, մենք ներկայացնենք միայն այն անունները, որոնք հանդիպում են նաև Նժդեհի ցուցմունքի մեջ, այսպիսով, փոխադարձաբար լրացնելով ու հաստատելով մեկը մյուսին (բոլոր նրանք, ովքեր կասկածում են ցուցմունքների արժանահավատ լինելուն, թող փորձեն փաստարկներ գտնել Նժդեհի և Ասատրյանի թվարկած անունների այս նույնությունը բացատրելու համար, սրա մասին էլի կհիշեցնենք. Սլիվենից՝ Մարկոսյան Մարկոս և Պետրոսյան Օնիկ, Բուրգասից՝ Բոստանջյան Գրիգոր, Սոֆիայից՝ Գրիգորյան Աբրո, Պլովդիվից՝ Դոգրամաջյան Մարտիկ, Վառնայից՝ Մինասյան Արամ և Թահմիզյան Արամ (28): Այս վերջին ազգանունը Նժդեհի ցուցմունքի մեջ «Թամազյան» ձևով է տրված: Ավելացնենք նաև, որ Նժդեհը և Հայկ Ասատրյանը հարցաքննվել են տարբեր բանտերում, տարբեր ժամանակ և տարբեր քննիչների կողմից:


Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (29) (քաղվածք)17 հոկտեմբերի 1944թ., թիվ 3.


ՔՆՆԻՉ - Ի՞նչ կասեք Զամբերգ քաղաքի ճամբարի մասին:


ՆԺԴԵՀ - Դա էսէս-ական ճամբար էր, որտեղ մի քանի խմբեր կային կովկասյան տարբեր ազգություններից... ես իմացա, որ իմ խմբի ներսում, որը պատրաստվում էր Թուրքիայի դեմ գործողությունների՝ քայքայիչ աշխատանք է տարվում և այդ աշխատանքը կատարում էր Դրոյի կողմից հավաքագրված Սեդրակ Ջալալյանը, նրանց նպատակն էր խմբին գրավել իրենց կողմը, հետագայում Կարմիր բանակի թիկունք անցկացնելու համար: Դրոն այդ ամենով զբաղվում էր դեռ պատերազմի սկզբից: Խմբի ներսում խռովություն առաջացավ Ջալալյանի դեմ, խմբի անդամները կալանավորեցին նրան և վերցրին մոտը եղած գրագրությունները գերմանական հրամանատարության հետ, դրանց մեջ Ջալալյանը ինձ և Հայկ Ասատրյանին մեղադրում էր գերմանացիների դեմ աշխատելու մեջ և պահանջում էր խմբի տնօրինումը հանձնել Դրոյին: Ես մեկնեցի Բեռլին այս միջադեպը հարթելու համար, գերմանացի մայոր Էնգելհաուպտից հրավեր ստացա այցելելու «Էդեն» հյուրանոց, որտեղ կանգ էր առել նաև Դրոն: Դրոն խնդրեց մոռանալ անցյալի վիրավորանքները, միավորել մեր ջանքերը Գերմանիայի օգտին և ակտիվացնել սփյուռքահայերի գործողությունները Խորհրդային Միության դեմ: Դրոն ասաց, որ գերմանացիները դժգոհ են մեր տարաձայնություններից: Այս բանը հաստատեց նաև մայոր Էնգելհաուպտը: Նա ավելացրեց, որ իմ խումբը բաժանվելու է երեք մասի՝ մի մասը պետք է ցրվի, որպես ոչ պիտանի, մի մասը պետք է ուղարկվի լեգեոնում ծառայելու, իսկ երրորդ մասը պետք է անցնի Դրոյի տրամադրության տակ...


ՔՆՆԻՉ - Ասացեք, ի՞նչ է ձեզ հայտնի գերմանական հետախուզության օգտին Դրոյի ծավալած գործունեությունից:


ՆԺԴԵՀ - Պատերազմի առաջին իսկ օրերին Դրոն Բուխարեստում ժողով հրավիրեց, այստեղ նա ներկայացրեց Գերմանիայի օգտին դաշնակցական կազմակերպությունների անելիքների ծրագիրը: Մասնավորապես, Խորհրդային Միության դեմ ուժեր հավաքագրելու մասին: Այս հավաքում ընտրվեց քաղաքական հանձնախումբ, որը բաղկացած էր հինգ մարդուց՝ Վահան Փափազյան, թուրքահայ, այժմ Բեռլինում է գտնվում, Դավիթխանյան, խորհրդային վտարանդի, նա էլ է Բեռլինում, Սարգսյան Եփրեմ, վտարանդի, հիմա գտնվում է Բուխարեստում, Արարատյան Սարգիս, մահացել է, Կանայան Դրո: Քաղաքական հանձնախումբը պետք է բանակցություններ վարեր գերմանաֆաշիստական կառավարության հետ և կապեր հաստատեր Իտալիայի հետ: Հանձնախումբը ղեկավարում էր նաև գերմանական հետախուզական մարմինների համար ուժեր հավաքագրելու գործը: Արարատյանի մահից հետո, Իտալիայում կատարելիք աշխատանքը ստանձնեց Դևեջյան Հովհաննեսը: Ֆաշիստական Ռումինիայի պարտությունից հետո Դևեջյանը Բուխարեստից եկել է Բուլղարիա, ինչ-որ քաղաքական առաքելությամբ: Ներկայումս ապրում է Վառնայում, իր քրոջ մոտ: Դևեջյանը լավատեղյակ է Դրոյի ողջ գործունեության մասին և եղել է նրա ամենաակտիվ ու անմիջական օգնականներից մեկը Խորհրդային Միության դեմ ուժեր կազմակերպելու գործում (Դևեջյանը իսկապես եկել էր Բուլղարիա, բայց, հավանաբար, կանխազգալով վտանգը նորից անցնում է Ռումինիա, սակայն, այստեղ ձերբակալվում է-Ա.Ա.):


Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (30) (քաղվածք) 18 հոկտեմբերի 1944թ., թիվ 4.


ՔՆՆԻՉ- Նախորդ ցուցմունքներում Դուք հայտնել եք, որ 1943-ին Բեռլինում Դաշնակցության կոնգրեսն է կայացել, մանրամասն ներկայացրեք այդ կոնգրեսի մասին:

ՆԺԴԵՀ - Այդ կոնգրեսին, որքան ինձ հայտնի է, մասնակցել են Բուլղարիայի ներկայացուցիչ Մխիթարյան Օնիկը, հունական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում, Բուլղարիայի ներկայացուցիչ Հակոբյան Արամը, Միսակյան Շավարշը և փարիզյան կազմակերպության ներկայացուցիչներ: Ինձ հայտնի չէ, թե ինչ որոշումներ են ընդունվել այդ կոնգրեսում, բայց ես լսել եմ, որ Փարիզի պատվիրակները դժգոհություն են հայտնել Դրոյի պրոգերմանական գործունեության առթիվ: Սակայն, բալկանյան կազմակերպությունների ներկայացուցիչները հավանություն են տվել Դրոյի քաղաքականությանը և ընդունել են նրա գործունեությունն արդարացնող որոշում... Ռումինիայում և Բեռլինում Դրոյի հրավիրած կոնգրեսների մասին ավելի ամբողջական պատկերացում ունենալու համար ես խորհուրդ եմ տալիս հարցաքննել այդ կոնգրեսների պատվիրակներ Սարգսյան Եփրեմին և Դևեջյան Հովհաննեսին: Այդ երկուսը կարող են լրիվ և ամբողջությամբ ներկայացնել կոնգրեսի ընթացքը, նրա ծրագիրն ու ընդունած որոշումները:


ՔՆՆԻՉ - Շարունակեք ցուցմունքը Դրոյի՝ գերմանական հետախուզության օգտին կատարած գործունեության մասին:

ՆԺԴԵՀ- Անձամբ ինձ հայտնի է, որ Բուխարեստում գտնվող Սարգսյան Եփրեմը երկու անգամ Բեռլին է գնացել հետախուզության և հավաքագրման գործով: Սարգսյանը Դրոյի մերձավոր բարեկամներից է և տեղյակ է գերմանական հետախուզական մարմինների օգտին կատարած նրա ամբողջ գործունեությունից: Դրոյի մտերիմ մարդկանցից էր դաշնակցություն կուսակցության Ռումինիայի կոմիտեի անդամ Սարգիս Սարունին, նա Բուխարեստում է ապրում: Դրոյի շտաբի պետը... Բաղդասարյան Տիգրանն էր... Նա շրջում էր Ուկրաինայի օկուպացված մասերում, ասում էին, որ հետախուզական ծառայության մեջ գերմանացիների օգտին մեծ եռանդով է աշխատել: Թե հիմա որտեղ է՝ չգիտեմ: Դրոյի խմբի մեջ էր նաև հին դաշնակցական մաուզերիստ ոմն Հարութիկ, ազգանունը ինձ հայտնի չէ, Հարութիկն էլ էր Դրոյի հետ Ուկրաինայի և Կովկասի օկուպացված շրջաններում: Գերմանացիների օգտին ակտիվորեն լրտեսությամբ է զբաղվել (մաուզերիստ Հարութիկը ձերբակալվում է, 1955-ին ազատ է արձակվում-Ա.Ա.): Ինձ հայտնի է, որ Կովկասի օկուպացված շրջաններում եղած ժամանակ Դրոն գտել է հին դաշնակ ոմն Մինասի... Դրոն նրան հիվանդ վիճակում բերել էր Բեռլին: Ինձ հետ և ուրիշ դաշնակցականների հետ զրույցի ժամանակ Մինասը հակագերմանական տրամադրություններ էր արտահայտում, ասում էր, որ եթե Գերմանիան հաղթող դուրս գա Սովետական Միության նկատմամբ, նա ստրկություն կբերի հայ ժողովրդին: Մինասը չէր հավատում Գերմանիայի հաղթանակին: Նա հիմա պետք է որ Բեռլինում լինի, իսկ նրա կինը մանկաբարձուհի է, ինչ-որ տեղ է աշխատում Կովկասում: Դրոյի վստահելիներից էր Հայաստանից տարագրված դաշնակ Արտոն, դաշնակների իշխանության ժամանակ Աշտարակում ոստիկանապետ է եղել, կամ օգնական... Նա էլ էր գերմանացիների օգտին լրտեսությամբ զբաղվում օկուպացված տարածքներում: Արտոն հիմա պետք է Բուխարեստում լինի, այնտեղ բոլոր հայերը նրան ճանաչում են: 1941-ի վերջին հունական անձնագրով Սոֆիա եկավ Ժան Միանսարյանը, որը ավանտյուրիստի տպավորություն էր թողնում, ասելով, որ նյութական կարիքի մեջ է, Սոֆիայում եւ Պլովդիվում մի քիչ փող հավաքեց ճանապարհի համար: Մի 20 օր անց Միանսարյանը նորից հայտնվեց Սոֆիայում, նա դոկտոր Հայկ Ասատրյանին հայտնել էր, որ ուզում է ֆինանսավորել նրա հրատարակած «Ռազմիկ» թերթը: Սրա մասին ես հայտնեցի բուլղարական ոստիկանությանը, որն էլ նրան ձերբակալեց: Բայց հետո միջամտեցին գերմանացիները և նրան տարան Բեռլին: Թե հիմա որտեղ է գտնվում, ինձ հայտնի չէ: Ավելացնեմ, որ Դրոյի կազմակերպած քաղաքական հանձնախմբի անդամ Դավիթխանյանը դեռ պատերազմից էլ շատ առաջ Գերմանիայի արտգործնախարարության ծպտված լրտեսն էր: Նրա գաղտնի համագործակցությունը Բեռլինում շատ հայերի է հայտնի:


Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (31) (քաղվածք) 19.10.1944թ., թիվ 5.


ՔՆՆԻՉ- Ինչու՞ Դուք գնացիք Բերդյանսկ:


ՆԺԴԵՀ- Ղրիմից վերադառնալիս ես կանգ առա իմ հին ծանոթ Մանուչարյան Գասպարի մոտ, որի իսկական ազգանունը Գասպարյան է, ծնունդով Նախիջևանից է... դաշնակ է եղել: Նա այժմ Բերդյանսկում պետք է լինի, որտեղ գերմանական օկուպացիայի ժամանակ մի ճաշարան ուներ, շուկայի մոտ... Մոտավորապես 1943-ի սկզբին Գասպարյան-Մանուչարյանից ես նամակ ստացա: Նա տեղեկացնում էր, որ Բերդյանսկում է ապրում, Մանուչարյան ազգանունով: Այդ նամակում Գասպարյանը գրում էր այն մասին, որ Դրոն Կովկասում է գործում, նրա մարդկանց մասին էր գրում, որոնք այցելում էին իր ճաշարանը: Ինձ հայտնի է նաև, որ Դրոն եղել է Բերդյանսկում, որտեղ զրույց է ունեցել խորհրդային հինգ ռազմագերիների հետ, որոնցից մեկին ես ճանաչում եմ, Հրայր է անունը, Հայաստանի Զանգեզուրի շրջանի Մեղրի գյուղից է: Հիմա Պլովդիվում է ապրում և աշխատում է Բուլղարիայի հայրենական ճակատի միլիցիայում: Նա ինձ պատմեց, որ Դրոն հորդորել է նրան և նրա ընկերներին, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել Զանգեզուրի և Ղարաբաղի տարածքներում, այնտեղ ընդհատակյա խումբ ստեղծելու և ԽՍՀՄ-ի դեմ խափանարար գործողություններ ու դիվերսիաներ կատարելու համար: Սակայն ես չգիտեմ, Դրոն անցկացրե՞լ է այդ մարդկանց Կարմիր բանակի թիկունքը, թե ոչ: Կարծում եմ, այդ մասին Հրայրը պետք է որ իմանա: Բերդյանսկում գտնվելուս ժամանակ ես Գասպարյանից իմացա, որ Կովկասի օկուպացված մասում գործել է Դրոյի խումբը՝ բաղկացած մի քանի երիտասարդ ուսանող դաշնակցականներից, որոնք սովորում էին Բեռլինում: Այդ խմբի մեջ են եղել դոկտոր Աբեղյանի որդին՝ Վաչե Աբեղյանը, քաղհանձնաժողովի անդամ Դավիթխանյանի փեսան՝ իրանահպատակ Ցոլակ Հարությունյանը և Բեռլինում գորգեր վաճառող մի վանեցու որդի, որի ազգանունը նույնպես չգիտեմ: Դրոյի խմբի մյուս ուսանողներին չեմ ճանաչում: Ես մեկին էլ հիշեցի Դրոյի մերձավոր օգնականներից: Գարեգին է անունը, հին մաուզերիստ է, Բուխարեստում է ապրում, առևտրով է զբաղվում: Նա էլ մյուսների նման Դրոյի հետ շրջում էր օկուպացված տարածքներում:


Իր բանտային գրառումներում էլ Նժդեհը չի խնայում «հայրենիքի դավաճան» Դրոյին, եկեք կարդանք. «Սովետա-գերմանական պատերազմը սկսվելուն պես ասպարեզում անմիջապես հայտնվեց Դրոն: Նա մի ժողով հրավիրեց Բուխարեստում: Այդ ժողովից հետո Բուլղարիա ժամանեց Դրոյի մերձավոր օգնական Հովհաննես Դևեջյանը հայ բնակչության շրջանում աշխատանքներ տանելու համար: Նա ցուցակներ էր կազմում և միաժամանակ գերմանացիների օգտին քարոզչություն ծավալում: Ռումինիայում ստեղծվում է քաղաքական կոմիտե, որը հսկայական գումարներ էր հավաքում դեռևս գոյություն չունեցող հայկական կորպուսի համար, և որի հրամանատարը Կանայանն էր նշանակվել: Ավարտելով այս նախապատրաստությունները Դրոն մեկնեց Գերմանիա, որտեղ գերմանացիների օգտին աշխատելուն զուգահեռ զբաղվում էր նաև իրեն բնորոշ խարդախություններով... Մի քանի գերմանացի սպաների հետ միասին նա մի խոշոր թալանչիական գործ սկսեց՝ ոսկի և արծաթ հավաքելով միլիոններ դիզեց: Բացի այդ, նա գերմանական որոշ հաստատությունների կեղծ փաստաթուղթ էր ներկայացնում դաշնակցության Ֆրանսիայի կենտկոմի կեղծված ստորագրությամբ: Դրոյի այս մութ խարդավանքների մասին իմանալով Արարատյանը նրա հետ վիճաբանություն ունեցավ: Դրոյին սանձելու նպատակով Հայկ Ասատրյանի հետ միասին մենք մի մեղադրական ակտ ստորագրեցինք Կանայանի դեմ... սպառնալով, որ նրան հասարակության դատին կհանձնենք, եթե նա հետ չվերադառնա արևելյան ճակատից: Մեր այս նամակը հանձնվել է Դրո Կանայանին: Գերմանացիների մոտ իր վարկը բարձրացնելու համար և նրանց ձեռքով մեզ և Արարատյանին ոչնչացնելու ստոր մտադրությամբ, Դրոն մեր նամակը փոխանցել է էսէսականներին: Հարստություն կուտակելու խելահեղ ցանկությամբ տարված, Դրոն այդպես էլ մնաց անուղղելի»(32):


(Շարունակելի 4)


20. նույնը, 41с

21. նույնը, 42 с

22. նույնը, 131с

23. նույնը, 241-242 с

24. Սիմոն Վրացյան,Հայաստանի Հանրապետություն,Երևան 1993, էջ 663-664:

25. Գարեգին Նժդեհ,Երկեր,հ.1,Երևան 2002, էջ 473-474

26. Ваче Овсепян Гарегин Нжде и КГБ. 141-150 с

27. նույնը, 154-155 с

28. նույնը, 235-237с

29. նույնը, 156-158 с

30. նույնը, 158-164 с

31. նույնը, 165-167 с

32. նույնը, 268 с


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page