1920 թ. Նոյեմբեր 29-ը հայ ժողովրդի մեծ ձեռքբերում, թե՞ «Անկախության կորուստ»
Այն տարածքը, որը դուք ժառանգել եք Խորհրդային Հայաստանից, ձեր «փոքրիկ, բայց անկախ Հայաստանից» շատ ավելի մեծ է:
Երվանդ Խոսրովյան, 29 նոյեմբեր, 2021 թ.
1920 թ. Նոյեմբեր 29-ը հայ ժողովրդի մեծ ձեռքբերում, թե՞ «Անկախության կորուստ»: Անկախություն հանուն ժողովրդի, թե՞ ժողովուրդ հանուն անկախության:
«Չկար ավելի մեծ հեգնանք, ավելի անողորմ ծաղր, քան այդ «անկախ» անունը: Անկախ չէր անդրկովկասյան հանրապետություններից և ոչ մեկը, բայց Հայաստանի «անկախությունը» ոչ մեկին նման չէր: Մի մեռնող ժողովրդի պետություն էր այդ՝ մի ափ հողամասով, աղքատ, կործանված մի երկիր, որի ճակատագրի վրա ազդել կարող էր ամեն ինչ, նույնիսկ մի ապստամբ Բասարգեչար գյուղ կամ գյուղերի մի խումբ». – (Լեո, «Անցյալից», էջ 376)
Շատ է խոսվում այն մասին, թե Հայաստանի խորհրդայնացումից հետո հայերը կորցրեցին անկախությունը: Բայց այդ կարծիքի տեր մարդիկ, որոնց թիվը այսօր շատ մեծ է, չեն կարողանում ասել, թե այդ «կորած» Խորհրդային Հայաստանը որտեղից հայտնվեց, որ իրենք հիմա կանգնած նրա հողի վրա, հոխորտում են, որ «կորցրեցին» 1-ին Հանրապետության անկախությունը՝ Հայաստանը խորհրդայնացվելուց հետո: Ու՞ր էր կորել այդ ԽՀ-ն և որտեղի՞ց հայտնվեց: Այդ ի՞նչ սնանկ ու կեղծ գաղափար է տարածվել ու դարձել հասարակական կարծիք: Ի՞նչ ծաղկեթագ եք դրել հայ ժողովրդի գլխին՝ «ազգային անկախ պետություն» ունենալով, բացի այն բանից, որ Խորհրդային Հայաստանի ստեղծածը քամուն եք տվել, 1,5 միլիոն արտագաղթի պատճառ եք դարձել, տասնյակ հազարավոր աշխատավոր ուժը դրել եք Արցախի զոհասեղանին, վերջն էլ կանգնել եք այն կետին, որտեղից սկսել էիք: Երկրի տնտեսությունը քայքայել եք, կրթությունն ու գիտությունը տապալել եք, ընդերքը թալանել եք, գյուղատնտեսությունը ոչնչացրել եք, գյուղացուն դարձրել եք «խոպանչի»:
Ո՞մ է պետք այդ անկախությունը, եթե ժողովուրդը պիտի սնանկանա, զոհվի, թողնի իր հայրենի հողն ու հեռանա: Ո՞ւմ է պետք այդ անկախությունը, եթե այդ «անկախ» պետության ջոջերը ղեկն իրենց ձեռքը առնելով՝ պիտի այդ «անկախ» պետության հաշվին արտասահմաններում դղյակներ գնեն, խաղատներում ազգային հարստությունը քամուն տան և այդ ամենը միայն նրա համար, որ ասենք՝ իբր թե «անկախ» պետություն ունենք:
Զավեշտալի է, երբ անկախությունը դառնում ինքնանպատակ, և այդ «անկախ» պետության իշխանության ղեկին մնալը ավելի «սուրբ նպատակ» է դառնում, քան հայրենիքն ու հայրենի հողի վրա ապրող ժողովուրդը: Այդ զավեշտի վառ օրինակն է Հայաստանի 1-ին Հանրապետության իշխանատենչ ղեկավար Սիմոն Վրացյանի «անկախ Հայաստան ունենալու ռազմավարությունը», այն է՝ «թեկուզ փոքր, բայց անկախ պետություն ունենալը»:
Ըստ 1-ին Հանրապետության դաշնակցական ղեկավարների փոքր տարածքում անկախ պետություն ունենալը գերադասելի էր մեծ տարածքով հայրենիք ունենալուց
ՀՅԴ կուսակցության կարկառուն դեմքերը «ծովից-ծով» Հայաստան կերտելու անհեռատես քաղաքականության շնորհիվ համոզվել էին Սևանա լճի շուրջ մի «փոքրիկ, բայց անկախ պետություն» ունենալ:
Խորհրդային Հայաստանի մասին բացատրություն տալու անհրաժեշտություն չկա, քանի որ դա դեռ շատերի հիշողության մեջ է: Բայց հարկ եմ համարում խոսել այն Հանրապետության ու նրա սահմանների մասին, որի ժառանգորդն են ուզում դառնալ այսօր շատերը: Մի պահ մոռանանք Խորհրդային Ռուսաստանը, և ենթադրենք, որ նա Հարավային Կովկասից հեռացել էր և այդ տարածաշրջանը թողել էր թուրքերի քմահաճույքին: Մի պահ ենթադրենք, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը չէին խորհրդայնացվել և ՀՅԴ կուսակցությունը Ալեքսանդրապոլի պայմանագրով Կարաբեքիրի կողմից «մեծահոգաբար» նվիրված Սևանա Լճի շուրջը ստեղծում էր իր երազած «փոքրիկ, բայց անկախ Հանրապետությունը»՝ այն էլ «Սևանում լողանալու», բայց «չորանալու» իրավունքից զուրկ: Արդյո՞ք այդպիսի պայմաններում ստեղծված «անկախ» Հայաստանը բախտ կունենար գոյատևել: Կունենայինք այսօր այն Հայաստանը, որը խորհրդայնացման շնորհիվ գոյատևեց, բարգավաճեց, որի հողի վրա, նրա ժողովրդի հաշվին սեփական հարստություն դիզած մերօրյա ՀՅԴ-ականները, մոռանալով իրենց «փոքրիկ, բայց անկախ Հայաստանը», նորից «ազատ, անկախ և միացյալ Հայաստան» են հոխորտում:
Անկախությունը միջոց է հասնել այն նպատակներին, որին հասել էր Հայաստանը խորհրդային համակարգի շնորհիվ, որտեղ զարգացել էր գիտությունը, մշակույթը, արվեստը, և դարձել էր արդյունաբերական առաջատար Հանրապետություն: Անկախությունը միջոց է հայրենիքը զարգացնելու, հայրենի ժողովրդի համար ապրելու բարենպաստ պայմաններ ստեղծելու, որի շնորհիվ նա կկարողանա ստեղծագործել, զարգանալ և առաջադիմել: Հայրենիքը և հայրենի հողի վրա ապրող ժողովուրդը չի ապրում հանուն «անկախության», այլ անկախությունն իմաստ է ստանում հանուն հայրենիքի և ժողովրդի:
Այդ ինչպես եղավ, որ հակախորհրդային դաշնակցականների քաղաքական ամբողջ ժամանակամիջոցում հայ ժողովուրդը ահ ու սարսափի մեջ էր ապրում. 1,5 մլն մորթվեցին, հարյուր հազարավոր աքսորվեցին, արյունահեղությունը դադար չուներ, հայրենիքի մեծ մասը կորցրեցինք, իսկ Հայաստանի խորհրդայնացումից մեկ օր անց, այդ նույն «թշնամին» հայտարարում էր, որ Արցախը, Զանգեզուր և Նախիջևանը պատկանում են եղբայրական Խորհրդային Հայաստանին: Եվ 70 տարի ապրում էին խաղաղ ու համերաշխ, մինչև նորից ՀՅԴ-ականների ոտքը հասավ այդ հողի վրա, նորից սկսվեց արյունահեղություն:
Պարոնայք դաշնակցականնե՛ր, ժամանակին ձեր տգետ ու անհեռատես ղեկավարները եթե «փետրվարյան» խայտառակ ու դավադիր հեղաշրջումը թուրքերի օգնությամբ չիրականացնեին, մենք այն ժամանակ արդեն ստացած կլինեինք Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրի մասին այսօր ձեր սիրելի մուսավաթականների ժառանգորդ Ալիևի հոխորտանքները չէինք լսի:
Ասացե՛ք խնդրեմ, Հայաստանի խորհրդայնացումը հայրենիքի կորո՞ւստ էր, թե՞ հայ ժողովրդի փրկություն, իսկ այսօրվա ձեր «անկախ» հռչակած Հայաստանը հայ ժողովրդի փրկությո՞ւնն է, թե՞ կործանումը: Պարոնա՛յք, դուք անկախությունը չեք ուզում ժողովրդի բարօրության համար, դուք դա ուզում եք ձեր սեփական գրպանը լցնելու և հայրենի ժողովրդին հարստահարելու համար:
Այն տարածքը, որը դուք ժառանգել եք Խորհրդային Հայաստանից, ձեր «փոքրիկ, բայց անկախ Հայաստանից» շատ ավելի մեծ է: Եվ քանի որ այդ Խորհրդային Հայաստանը իր ոչ «անկախությամբ» դարձել էր համայն հայության զարգացած հայրենիքը, և քանի որ գերազանցում էր ձեր երազած «փոքրիկ անկախ» խղճուկ պետությանը, դուք ատում էիք ու դեռ ատում եք այդ Խորհրդային Հանրապետությունը, և այդ իսկ պատճառով է, որ քարը քարին չթողեցիք, քարուքանդ արեցիք, պատմության դասագրքերից իսպառ հեռացրիք այն ամենը, ինչ Խորհրդայինի մասին էր, որպեսզի նոր սերունդը չտեսնի ու չիմանա իր պապերի կառուցած հայրենիքի մասին:
Պարոնա՛յք, դուք պատմություն կերտող չեք, դուք պատմություն կեղծող եք:
Աղբյուր՝ norkhosq.net
Comments