Պատմության հետքեր. դաշնակների կառավարության պատվիրակությունը Բոլիսում
Առաջին հանրապետության կառավարական պատվիրակությունը ամիսներ շարունակ մնաց թուրքական քաղաքում ՝ փորձելով ստանալ հայ ժողովրդի դահիճների և գերտերությունների ներկայացուցիչների համակրանքը: Դրա մասին այսպես էր գրում «Կայծ» թերթը, 1918 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1 համարում: (հրապարակում ենք հոդվածը օրիգինալում գրված նույն ուղղագրությամբ)
Պարզւում է որ Պօլսի կոնֆերանսին մասնակցելու հրաւէր ստացած է եղել միմիայն Վրաստանը, իսկ Հայաստանն ու Ատրպատականը հրաւիրւած չեն եղել: Այնպէս որ մեր պատւիրակների Պօլիս ժամանելը մեծ զարմանք է պատճառել Գերմանական, Աւստրիական և Բուլղարական դիւանագիտական ներկայացուցիչներին:
Իրենց ամբողջ գործունէութեան ընթացքում մեր ներկայացուցիչները ոչ մի պետությունից դրական աջակցութիւն չեն ստացել և ոչ մի հետևանքի չեն հասել:
Գերմանիան իրեն անզօր է յայտարարել հայերին օգնելու խնդրում և վերջ ի վերջոյ առաջարկել է դիմել Սպանիայի թագաւորին և Հռոմի պապին, ասելով որ թերևս նրանց միջամտութիւնը մի փոքր թեթևացնի հայերի վիճակը:
Պօլսում պարզւել է, որ Ալէքսանդրապօլի ռմբակոծումը եղել է Գերմանական կլխաւոր շտաբի թելադրութեամբ: Տաճիկները Բագուն վերցրել են Գերմանիայի համաձայնութեամբ և աջակցութեամբ:
Աւստրիան համաձայնել է օգնել հայերին Հայաստանը պարզապէս գրաւելու (օկուպացիա) միջոցով, եթէ միայն Տաճկաստանը իր համաձայնութիւնը տայ:
Բուլղարիան չի ծածկել, որ ինքը կողմնակիցը է Տաճկաստանի առաջխաղացման Անդրկովկասում մինջև Բագու, այն յոյսով, որ ինքը փոխարէն հատուցում ստանայ Մարցիայի հովտում:
Ռուսաստանը է եղել միայն այն պետութիւնը, որ անդադար ու խիստ գրութիւններով պահանջել է Տաճկաստանից անմիջապէս դատարկել Անդրկովկասը: Վերջին օրում արդէն լուրեր կան, որ նա այդ պատճառով պատերազմ է յայտարարել Տաճկաստանին:
Տաճիկները չեն ծածկել, որ իրենց նպատակն է եղել բնաջնջելով տաճկահայութիւնը և հարւածելով ռուսահայերին, միանգամայն վերացնել իրանց սահմաններում և սահմաններին կից հայութեան անունն ու խնդիրը:
Մեր պատւիրակութեան բոլոր դիմումներին նա երբեմն ցինիկ ու յաճախ կեզծաւոր պատասխաններ է տւել, միշտ խոստանալով, որ ամեն ինչ կկարգադրւի դէպի լաւը, դէպի մեր ցանկացածը:
Comments