top of page

Ռուսաստանի ձախողումը Հայկական լեռնաշխարհում

Երբ Պուտինն ասում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ բան թելադրել, որևէ բան պարտադրել Հայաստանին, դա նշանակում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտում եւ ապակայունացում: Եթե դու չես թելադրում և պարտադրում, ապա դա անում է Արևմուտքը:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը մասնակցել է "Վալդայ" միջազգային ակումբի 19-րդ նիստի հերթական նստաշրջանին։ Իր ելույթի և հարցերին պատասխանելու ընթացքում նախագահ Վ. Պուտինը մի շարք հայտարարություններ է արել միջազգային տարբեր թեմաների վերաբերյալ, այդ թվում՝ հայ-ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Մասնավորապես քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հարց ուղղեց Վ. Պուտինին, -"Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի նախապատրաստման շուրջ քննարկումները։ Եվ այդ քննարկումները հիմնականում այն մասին են, որ գոյություն ունեն երկու մրցակից նախագծեր՝ այսպես ասած՝ ռուս միջնորդի առաջարկած ռուսական և արևմտյան։ Իրավիճակը բավականին ռիսկային է, և ընդհանրապես տարածաշրջանում կան ռիսկեր, իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ։ Ի՞նչ է Ռուսաստանն այս առումով մտածում, ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում արձագանքել այս իրավիճակին և ինչպե՞ս է Ռուսաստանը նախատեսում հետագայում գործել այդ համատեքստում։ Շնորհակալություն":


Վ. Պուտինը պատասխանեց հետևյալ կերպ, -"Դուք գիտեք, ես նույնիսկ չգիտեմ՝ նախկինում հրապարակավ խոսել են այդ մասին, թե ոչ, գուցե ասել են, գուցե՝ ոչ, բայց ես կասեմ, այստեղ չեմ տեսնում, եթե նույնիսկ չեն ասել, ոչ մի գաղտնիք։ Մենք տարիներ շարունակ երկխոսություն ենք վարել հայկական կողմի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ կերպ։ Չէ որ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները, մենք ասում էինք՝ եկեք շարժվենք դեպի հարաբերությունների կարգավորում: Կան երկու շրջանները, Քելբաջարի եւ հարավային, այդ միջանցքները, մեծ տարածքներ: Ինչ–որ փուլում պայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ: Տվեք հինգ շրջան։ Նրանք պետք չեն, անիմաստ են, ուղղակի դատարկ են, այնտեղից մարդիկ գնացել են, փաստացի վտարվել են այդ տարածքներից։ Ինչու պահել դրանք: Իմաստ չկա։ Իսկ Ղարաբաղի հետ կապ հաստատելու համար երկու շրջան, որոնք հսկայական են, միանգամայն բավարար են։

Մենք կարծում ենք, որ դա արդարացի կլիներ՝ վերադարձնել փախստականներին և այլն: Դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման համար։ Հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ:


Հիմա կարգավորման, խաղաղ պայմանագրի հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ այս խաղաղ պայմանագիրն, իհարկե, անհրաժեշտ է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանային հարցի ամբողջական կարգավորմանը: Մենք կողմ ենք դրան։ Հարց, թե որ տարբերակն ընտրել: Սա Հայաստանի, հայ ժողովրդի և հայ ղեկավարության գործն է։ Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որ տարբերակն է ընտրված, եթե դա հանգեցնում է խաղաղության, մենք միայն կողմ ենք: Բայց մենք չենք պատրաստվում որև է բան պարտադրել, մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդն ու այսօրվա հայկական ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել այդ խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ... այսպես կոչված Վաշինգտոնյան, որքան ես հասկանում եմ, նախատեսում է ընդհանուր առմամբ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։


Եթե հայ ժողովուրդն ու հայկական ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որ պետք է հաշվի առնել այդ առանձնահատկությունները և ինչ-որ կերպ դա պետք է քննարկել ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։ Բայց, անշուշտ, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Պետք է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար՝ Ադրբեջանի համար։ Սա շատ բարդ, անկեղծ ասած, ծանր հարց է։


Բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, զգալի չափով, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կողմնորոշվելու ենք, թե ինչ է առաջարկելու հենց Հայաստանը":


Ամեն ինչ պարզապես ասված է: Այնուամենայնիվ, որոշ բացատրություններ պետք է տրվեն: Սկսենք վերջից...


-Մենք չգիտենք, թե ինչու է Կրեմլը համարում Արեւմուտքի կիսագաղութ Հայաստանը, որպես իր դաշնակից: Իհարկե, կան մի շարք ստորագրված փաստաթղթեր, որոնք սահմանում են հայ-ռուսական միջպետական հարաբերությունները որպես դաշնակցային։ Ռուսական կողմը, հղում անելով հենց այդ պայմանագրերին, խոսում է Հայաստանի մասին՝ որպես իր դաշնակցի: Սակայն հայկական կողմը, հատկապես Փաշինյանից սկսած, իր ստանձնած պարտավորությունները չի կատարում։ Ռուսաստանը նաև մի շարք կարևոր պայմանագրեր է ունեցել ԱՄՆ-ի հետ, սակայն ԱՄՆ-ում որոշել են չկատարել այդ պայմանագրերը: Նմանապես, լկտիաբար, խաբուսիկ մեթոդներով գործում է Փաշինյանի ռեժիմը: Բավական է նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ քաղաքական հայացք դեպի Փաշինյանի գործողություններն ու հայտարարությունները, որպեսզի հասկանանք, որ Հայաստանը դե ֆակտո Ռուսաստանի դաշնակիցը չէ: Ովքե՞ր են այդ մարդիկ, ովքեր պատրանք են ստեղծում Պուտինի մոտ: Ի՞նչ նպատակով են այդ մարդիկ Պուտինին զեկուցել 2018-ին, որ Արևմուտքը Հայաստանում գունավոր հեղափոխություն չի կազմակերպել, որ Փաշինյանը ռուսամետ քաղաքական գործիչ է և այլն...


Մենք կարող ենք ենթադրել, օրինակ, որ Պուտինի շրջապատը ինչ-ինչ պատճառներով չի զեկուցում ճշմարտացի իրավիճակը: Բայց ինչ էլ որ լինի, միանշանակ պետք է ասել, որ սխալ տեղեկատվությունը հանգեցնում է սխալ որոշումների:

-Պուտինը խաղում է ժողովրդավարություն: Ըստ Պուտինի՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը կատարում է միայն ժողովրդի ցանկությունները: Կար ժամանակ, երբ Պուտինն ասում էր, որ եթե վրաց ժողովուրդն ու վրացական ղեկավարությունը ճիշտ կհամարեն Արեւմուտքին ինտեգրվելը, ապա դա իրենց ներքին գործն է, Ռուսաստանը չի խանգարի եւ չի միջամտի ներքին գործերին: Պուտինի այս քաղաքականությունը նշանակում է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ իր սահմանների շուրջ պահպանել բարեկամ երկրների գոտին: Պուտինի այս քաղաքականությունը նշանակում է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ հարևան երկրների օլիգարխիան վաճառի իր երկրները՝ իրենց երկրները վերածելով Արևմուտքի կիսագաղութների և Ռուսաստանի դեմ հենակետերի: Վրաստանը, վրացական իշխանությունը՝ ի դեմս Արևմուտքի խամաճիկների, Ռուսաստանին դուրս բերեցին Վրաստանից։ Հաշվի առնելով, թե քանի հազար ռուս զինվոր է կյանք տվել Վրաստանին պարսկական և թուրքական լծից ազատելու համար, որքան կապիտալ է Ռուսաստանը և Խորհրդային Միությունը ներդրել Վրաստանի տնտեսության և ենթակառուցվածքների մեջ՝ հաշվի առնելով Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը և այլն, Պուտինը լուռ եւ առանց ափսոսանքի թույլ տվեց Վրաստանին դառնալ Արեւմուտքի կիսագաղութ, որտեղ նորից սկսեց տիրել Թուրքիան:


Այսպիսով, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ մոտեցումները չեն փոխվել: Պուտինը կրկին հղում է անում ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը, այս անգամ հայերին: Դե, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կհամարի հայ ժողովուրդն ու հայկական ղեկավարությունը: Եթե հայերը կցանկանան Արցախը, ուրեմն ինչ-որ բան կմտածենք, իսկ եթե հայերը կհամարեն ազատվել Արցախից, կարծես թե ծանր բեռից, ուրեմն այդպես էլ կլինի: Արդեն պարզ է, թե որտեղ են փչում քամիները: Վաղը Փաշինյանը կարթնանա և կցանկանա ռուսական զորքերի դուրսբերումը, հիմնավորելով իր քմահաճույքը հայ ժողովրդի ցանկությամբ: Պուտինը լուռ կլսի ու արագ կկատարի Փաշինյանի ցանկությունը, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանին դուրս բերեցին Վրաստանից, նույնպես Ռուսաստանը դուրս կբերվի Հայաստանից:


Ի վերջո պարզ է, որ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան ղեկավարում են արևմտյան խամաճիկները։ Որ այդ երկրների ժողովուրդները չեն մասնակցում պետական որոշումներին, որ այդ երկրների իշխող ուժերը նախընտրում են անտեսել իրենց պետական շահերը: Նրանք նախընտրում են ծառայել Արևմուտքին:

-Երբ Պուտինն ասում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ բան թելադրել, որևէ բան պարտադրել Հայաստանին, դա նշանակում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտում եւ ապակայունացում: Եթե դու չես թելադրում և պարտադրում, ապա դա անում է Արևմուտքը: Բարեկամ երկրներից, Արևմուտքի քաղաքականության շնորհիվ և Ռուսաստանի քաղաքականության բացակայության շնորհիվ, այդ երկրները վերածվում են Ռուսաստանի թշնամիների:


-Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունները այլևս կարևոր չէն: Արցախի հարցը, այն արդեն պատմություն է: Ինչպես ասաց Պուտինը, -"Հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ":

Հետաքրքիր կլիներ իմանալ Արեւմուտքի ֆինանսական դերի մասին, որն ազդել է Հայաստանի ղեկավարության ճանապարի ընտրության վրա:


Ի՞նչ պես ճիշտ գնահատել Ռուսաստանի այս ամբողջ քաղաքականությունը Հայկական լեռնաշխարհում: Իհարկե, կան տարբեր կարծիքներ, շատերը գովում են ռուսական դիվանագիտությունը, իսկ մյուսները քննադատում են: Կարելի է համաձայնել և չհամաձայնել այդ տեսակետների հետ: Բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը քայլ առ քայլ հանձնում է իր դիրքերը Հայկական լեռնաշխարհից:


http://www.kremlin.ru/events/president/news/69695

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

VOLVEMOS-05.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page