Սովետական իշխանության օրոք Հայաստանը լեգիտիմ իրավունք ստացավ վերամիավորելու Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը
- Redacción NOR SEVAN
- 22 dic 2025
- 3 Min. de lectura
Թող իմանան բոլորը, ովքեր պետք է իմանան, որ այսպես կոչված հայկական "խնդիրը", որի վրա ապարդյուն գլուխ ջարդեցին իմպերիալիստական դիվանագիտության հին գայլերը, ի զորու եղավ լուծել միայն Սովետական իշխանությունը։

Ռ. Տեր-Հարությունյան քաղաքագետ
Սույն թվականի դեկտեմբերի 21-ին լրանում է ականավոր պետական ղեկավարի, համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ և հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Իոսիֆ Ստալինի ծննդյան 146-ամյակը:
Խորհրդային Միության վարած արտաքին և ներքին քաղաքականության շնորհիվ՝ ընկեր Ստալինի գլխավորությամբ, Խորհրդային Միությունը կարողացավ հաղթանակ տանել Հայրենական մեծ պատերազմում։ Ստալինյան ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման շնորհիվ, Ստալինյան զարգացման հնգամյա ծրագրերի շնորհիվ, սոցիալիզմի աշխարհի առաջին երկիրը վերածվեց հզոր սոցիալիստական տերության: Դա իսկապես տնտեսական հրաշք էր: Ստալինի ամբողջ կյանքը բնութագրվում էր ռուսական կապիտալիզմի դեմ շարունակական և համառ պայքարով, համաշխարհային կապիտալիզմի դեմ, հակամարքսիստական և հակալենինյան հոսանքների և միտումների դեմ, որոնք ծառայեցին համաշխարհային կապիտալին: Լենինի մահից հետո Ստալինը 30 տարի ղեկավարել է Խորհրդային Միությունում հաղթանակի և սոցիալիզմի պաշտպանության պայքարը։ Ահա թե ինչու աշխարհի ժողովուրդների սրտերում առանձնահատուկ տեղ են գրավում սերը, հարգանքն ու հավատարմությունը նրա գործին և նրա անձին: Այդ իսկ պատճառով համաշխարհային կապիտալիստական բուրժուազիան բացառիկ թշնամություն է տածում Վլադիմիր Լենինի հավատարիմ աշակերտի նկատմամբ: Լենինի մարմնի առջև Ստալինը երդվեց հավատարմորեն իրականացնել նրա ուսմունքները, կյանքի կոչել նրա հրամանները, պահպանել կոմունիստի բարձր կոչման մաքրությունը, պահպանել և ամրապնդել բոլշևիկյան կուսակցության միասնությունը, պահպանել և անխոնջ կոփել պրոլետարիատի իշխանությունը, շարունակաբար ամրապնդել բանվոր դասակարգի և գյուղացիություն միությունը, մինչև վերջ հավատարիմ մնալ պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքներին, պաշտպանել առաջին սոցիալիստական պետությունը ներքին թշնամիներից, ինչպես նաև արտաքին թշնամիներից' իմպերիալիստներից, որոնք ձգտում էին նրան ոչնչացնել : Իոսիֆ Ստալինը պահեց իր խոսքը:
Համաշխարհային կապիտալիզմը Խորհրդային Միությունը, Ստալինին ընկալում էր որպես իր վտանգավոր թշնամիներ, ուստի Արևմտյան իմպերիալիզմը վարում էր բացարձակապես թշնամական քաղաքականություն: Ինչ ասես որ չեն հորինել սոցիալիզմի արտաքին և ներքին թշնամիները, հատկապես Իոսիֆ Ստալինի դեմ, որին նրանք անվանել են "բռնապետ", "մարդասպան"։ Բոլորը այս զրպարտչական հերյուրանքները աչքի էին ընկնում բացահայտ ցինիզմով։ Քանի որ Ստալինը բռնապետ չէր։ Նա սկզբունքային և արդար պետական գործիչ էր: Ստալինին՝ որպես ականավոր, մեծ պետական գործիչ, ստիպված էին նույնիսկ ճանաչել համաշխարհային կապիտալիզմի այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Չերչիլը, Ռուզվելտը, Թրումանը, Էդենը, Մոնտգոմերին, Հոպկինսը և այլք, չնայած նրանք չէին թաքցնում իրենց թշնամանքը սոցիալիզմի և կոմունիստական քաղաքականության և գաղափարախոսության նկատմամբ:
Չնայած նրան, որ ժամանակակից կապիտալիստական Հայաստանում Ստալինի անունը զրպարտչական ձևով սևացված է, հայ կոմունիստներն ու հայ ժողովուրդը շատ հզոր և անմիջական կերպով զգում են Ստալինի մեծ դերը առավել ծանր պահերին, հատկապես այն ժամանակ, երբ մեր երկիրն ապրում էր գերմանական ֆաշիստական ագրեսիայի ժամանակաշրջանում, երբ որոշվում էր նաև Հայաստանի ճակատագիրը՝ ենթարկվել թուրքական օկուպացիայի և անհետանալ, թե պահպանել անկախությունը և շարունակել կյանքի ուղին: Հաճախ հայ կոմունիստների և հայրենասերների վերջին խոսքերը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին մարտի դաշտերում, թշնամու գնդացիրի առջև, հետևյալն էին- "Կեցցե Ստալինը":
Բացի այդ, Սովետական իշխանությունը, ի դեմս Լենինի և Ստալինի, ազատագրել են Լոռին վրացական օկուպացիայից վերադարձրել են թուրքական օկուպացիայից Ալեքանդրոպոլը (Լենինականը) և վերամիավորել են Զանգեզուրը Հայաստանին: Հենց Սովետական իշխանությունն է արդար լուծում տվել հայ-ադրբեջանական տարածքային վեճին, խոսքը Ադրբեջանի կառավարության 1920 թվականի դեկտեմբերի 1-ի Հռչակագրի մասին է, որտեղ Ադրբեջանի իշխանությունները ի լուր աշխարհի հայտարարում են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը ճանաչում են որպես Հայաստանի անվիճելի տարածքներ: Իոսիֆ Ստալինը 1920թ.դեկտեմբերի 4-ին "Պրավդա" թերթում հրապարակված իր հոդվածում, որում ողջունել է Խորհրդային Հայաստանի հռչակումը, նշում է նաև, որ դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը ինքնակամ հրաժարվում է վիճելի նահանգներից և հռչակում է Զանգեզուրի, Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը Խորհրդային Հայաստանին: Թող իմանան բոլորը, ովքեր պետք է իմանան, որ այսպես կոչված հայկական "խնդիրը", որի վրա ապարդյուն գլուխ ջարդեցին իմպերիալիստական դիվանագիտության հին գայլերը, ի զորու եղավ լուծել միայն Սովետական իշխանությունը։
Դժբախտաբար, հետագա իրադարձությունները թույլ տվեցին պատմական անարդարություն և Նախիջևանը հայտնվեց Ադրբեջանի իշխանության տակ, իսկ կապիտալիստական Հայաստանի իշխանությունները, ի դեմս քաղաքական մարմնավաճառ Փաշինյանի, Արցախն ու Զանգեզուրը հանձնեցին Բաքվին: Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում: Հայ ժողովուրդը պատմական և լեգիտիմ իրավունք ունի շտկելու այդ պատմական անարդարությունը և վերամիավորելու իր պատմական տարածքները Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը 1920 թվականի դեկտեմբերի 1-ի Հռչակագրի հիման վրա: Ադրբեջանի կառավարության այս Հռչակագիրը վաղեմության ժամկետ չունի։ Այդ պատճառով Հայաստանը ցանկացած պահի կարող է կյանքի կոչել Հռչակագրի այդ դրույթները: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լինի սոցիալիստական պետություն, այլ ոչ թե կապիտալիստական: Կապիտալիստական Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է, այն Արևմուտքի, որը հովանավորում է պանթուրքիզմը, այն Արևմուտքի, որը թույլ չի տա, որ հայերը վերադարձնեն իրենց պատմական տարածքները ։Արևմուտքը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է: Հայաստանը կարող է Արևմուտքի վերահսկողությունից դուրս լինել միայն սոցիալիստական պետության պայմաններում:
Հայ կոմունիստներն ու հայրենասերները մեծ հարգանքով պետք է հարգեն և խոնարհվեն փառապանծ առաջնորդի՝ Իոսիֆ Ստալինի հիշատակի առջև: Նրա ծննդյան 146-ամյակի առթիվ հայերը հարգանքով պետք է հիշեն նրան, ով մեզ օգնեց, մեզ հնարավորություն տվեց բազմապատկել մեր պետության և ժողովրդի ուժերը, ով անժամկետ լեգիտիմ իրավունք տվեց Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը վերամիավորել Հայաստանի հետ:













Comentarios