«Թուրքահայաստանի մասին» դեկրետը
1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունվել է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով Խորհրդային Ռուսաստանը հայտարարում էր, որ պաշտպանում է իր օկուպացրած «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Այս փաստաթղթով առաջին անգամ դրվում էր ամբողջ Արևմտյան Հայաստանին անկախություն տալու հարցը:

Արմեն Դավթյան
1917 թվականի դեկտեմբերի 29-ը հայ ժողովրդի պատմության մեջ եղավ մի հիշարժան օր, որը սակայն չեն ցանկանում հիշել կամ ուզում են մոռացության մատնել նրանք ովքեր լցված են հակակոմունիստական հիստերիայով: Իսկ դրանք շատ են:
1917 թվականի դեկտեմբերի 29-ին Սովետական Ռուսաստանի կառավարությունը ԼԵՆԻՆԻ նախագահությամբ ընդունեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի կողմից գրավված «Թուրքահայաստանի» մասին դեկրետը, որը շուտով հաստատվեց սովետների համառուսաստանյան 3-րդ համագումարի կողմից:
Դեռևս Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ սովետների ռուսաստանյան առաջին համագումարում ունեցած իր ելույթում Լենինը, մերկացնելով ժամանակավոր կառավարության անեքսիոնիստական քաղաքականությունը, պահանջում էր Արևմտյան Հայաստանին տալ անկախություն:
"Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հայտարարում է հայ ժողովրդին -ասված է այդ դեկրետում-, որ Ռուսաստանի բանվորական և գյուղացիական կառավարությունը պաշտպանում է ցարական Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև կատարյալ անկախություն: Ժողկոմխորհը գտնում էր, որ այդ իրավունքի իրագործումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների պայմանով, որոնք բացարձակորեն անհրաժեշտ էին հայ ժողովրդի ազատ հանրաքվեի համար:
Ժողկոմխորհը այդպիսի երաշխիրքներ էր համարում.
1. «Թուրքահայաստանի» սահմաններից զորքերի դուրս բերումը և անմիջապես հայկական ժողովրդական միլիցիայի կազմակերպումը՝ տեղական բնակիչների անձի և գույքի ապահովագրության համար:
2. Զանազան երկրներում ցրված գաղթական հայերի ինչպես և հայ վտարանդիների անարգել վերադարձը «Թուրքահայաստան»:
3. Պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից բռնությամբ Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստան» , որի վրա ժողկոմխորհը պետք է պնդի թուրքական իշխանությունների հետ հաշտության բանակցություններ վարելիս:
4. «Թուրքահայաստանի» ժամանակավոր ժողովրդական վարչության կազմումը, որպես հայ ժողովրդի՝ դեմոկրատական սկզբունքներով ընտրված դեպուտատների սովետ":
Հայ ժողովուրդը դա մեծ գոհունակությամբ ընդունեց, քանի որ իրագործվելու էր հայ ժողովրդի դարավոր իղձը՝ ազատ տնօրինելու իր բախտը: Սակայն այդ դեկրետը չիրագործվեց մեր տգետ բուրժուազգայնական կուսակցության՝ այն է դաշնակցության հակասովետական, հակահեղափոխական հանցագործ քաղաքականության պատճառով:
Այդ դեկրետի իրագործմանը մասնակցում էին էսեռական կուսակցությունից Պռոշ Պռոշյանը, դաշնակցական Ռոստոմ Զորյանը, Կոմունիստներից ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԸ, ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ: Ռոստոմ Զորյանը այդ փաստաթուղթը տանում է Սիմոն Վրացյանին, իսկ նա անվանում է անհեթեթություն, իսկ Ավետիս Ահարոնյանը Չիչերինին գրած հեռագրում այն անվանում է խեղկատակություն: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
-----
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:
תגובות