Ալիևի հայտարարությունը և Արցախի ճանաչման հարցը
ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերն ուղղված են պանթուրքիզմի նախագծի զարգացմանը աջակցելուն։ԱՄՆ-ը ծրագրում է թուրքախոս երկրներին օգտագործել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարում։
Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Դժբախտաբար Արցախի թեման եղել է, կա և ենթարկվելու է տարբեր տեսակի մանիպուլյացիաների՝ թե գլոբալիստների, թե ազգայնականների կողմից: Կան որոշակի քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ, ովքեր անընդհատ որպես հակափաստարկ, գլոբալիստ փաշինյանական հակաարցախյան քաղաքականության բերում են Ալիևի 2016 թվականի հայտարարությունը: Խաբված չլինելու և մանիպուլյացիայի չենթարկվելու համար արժե մանրամասն պարզաբանել այս հայտարարությունը, փորձել տրամաբանորեն հասկանալ դրա իմաստը:
Ահա 2016 թվականին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի ելույթի մի մասը - "Դուք երևի լսել եք Ամերիկայից հնչած վերջին հայտարարության մասին, կարդացել եք այն, դրա մասին գիտի նաև ադրբեջանական հանրությունը։ Այս հայտարարությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Ադրբեջանին հակամարտության չկարգավորման մեջ մեղադրելն առնվազն անարդար է։ Մյուս կողմից, ինչպես է այս հայտարարությունը համընկնում մյուսների հետ: Չէ որ կա մի թեզ, որը բազմիցս հռչակվել է Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների կողմից՝ "ստատուս քվոն անընդունելի է"։ Մենք ողջունում ենք դա։ Ճիշտ է, այս խոսքերից հետո ոչ մի գործնական աշխատանք չի կատարվում։ Բայց, ամեն դեպքում, այս խոսքերի ի հայտ գալը մեր մեծ հաջողությունն է։ Նման լուրջ հայտարարություն ունենալով՝ ասել, որ "երկու կողմերն էլ մեղավոր են", որ "կողմերը պատրաստ չեն դրան", որ "այս հարցն ավելի բարդ է, քան պաղեստինա-իսրայելական հակամարտությունը", նշանակում է պարզապես աջակցել Հայաստանի զավթողական քաղաքականությանը։ Դրա համար այլ բացատրություն չի կարող լինել։ Ճիշտ է, այսօր տարբեր հայտարարություններ են արվում, որ այդ արտահայտությունները կտրված են կոնտեքստից, սխալ են հասկացվում։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, և մենք այսօր ապրում ենք ինտերնետի դարաշրջանում: Ինչ-որ տեղ հնչած բառերն անմիջապես ռեզոնանս են առաջացնում։ Մենք նման հայտարարություններ չենք ընդունում։ Կարծում ենք, որ շուտով այդ արտահայտություններում պետք է փոփոխություններ կատարվեն ամենաբարձր մակարդակով։ Հակառակ դեպքում միջնորդական առաքելությունն այստեղ կարող է կասկածի տակ դրվել։ Դա միայն պաշտոնական կարգով հնչած թեզ էր։ Բայց քանի խոսակցություն է տեղի ունենում փակ դռների հետևում, ինչ ճնշում է գործադրվում մեզ վրա, որպեսզի Ադրբեջանը համաձայնություն տա Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ Այդ մասին մենք արդեն չենք խոսում, քանի որ դիվանագիտությունն ունի իր կանոնները։ Դա երբեք տեղի չի ունենա: Քանի դեռ մենք իշխանության ղեկին ենք՝ հանրաքվեն ցույց տվեց, որ մենք՝ ինշալլահս, երկար ենք լինելու իշխանության ղեկին, Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրա հետ, Լեռնային Ղարաբաղը մեր անբաժանելի պատմական հողն է, և մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը"։
Եվ այսպես, Ալիևն ասում է, որ փակ դռների հետևում իրենց վրա ճնշում են գործադրում, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Եվ հենց այդ կտորը շատերի կողմից ներկայացվում է որպես Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականության հակափաստարկ և մյուս կողմից՝ որպես արդարացում, որ Արցախի հարցի լուծումը ժողովրդի ինքնորոշման միջոցով ճիշտ է ընտրվել:
Սկզբի համար՝ փակ դռների հետևում, ընդունված է համարել, որ ընթանում են Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի։ Բանակցությունների ընթացքում Մինսկի խումբը Երևանին և Բաքվին առաջարկում է կարգավորման տարբեր առաջարկներ, տարբերակներ, բանակցությունների ընթացքում հակամարտության կողմերը կարող են ինչպես ընդունել, այնպես էլ մերժել այդ առաջարկները: Բանակցային գործընթացի պատմության մեջ հայտնի են բազմաթիվ առաջարկներ, եղել են այն առաջարկները, որ Երևանն ու Ստեփանակերտն ընդունել են, եղել են նաև այն առաջարկները, որ Բաքուն չի ընդունել: Մինսկի խմբի շրջանակներում արված բազմաթիվ առաջարկների շարքում եղել է նաև այնպիսին, որ Բաքուն համաձայնի ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն Բաքուն հանգիստ հրաժարվում էր նման առաջարկներից: Քանի որ Մինսկի խումբը լիազորված չէ ճնշում գործադրել կամ ստիպել հակամարտության այս կամ այն կողմին ընդունել այս կամ այն առաջարկը, Մինսկի խմբի միջնորդները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կարող են միայն լուծման տարբեր տարբերակներ առաջարկել՝ առանց ճնշումների կամ պարտադրումների: Այնպես որ, փակ դռների հետևում ճնշումների մասին Ալիևի խոսքերը չափազանցված իմաստ ունեն: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հանրության առջև, օգտագործելով "ճնշումներ" բառը, Ալիևը ձգտում էր իրեն ներկայացնել հերոսի, սուպերմենի կերպարով, թե՝ տեսեք, ճնշում են, բայց ոչ մի կերպ չի ստացվում խեղդել, որովհետև նա իմաստուն Իլհամ Ալիևն է:
Երկրորդ, ո՞րն է Ադրբեջանին ճնշելու իմաստը: Միայն մեկ բան, որ Բաքուն պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը: Բայց ամեն անգամ Արցախի վրա հարձակումներ գործելով՝ Ադրբեջանը, ընդհակառակը, իր ռազմատենչ քաղաքականությամբ ստիպում էր Արևմուտքին և Ռուսաստանին ևս մեկ անգամ Երևանին առաջարկել հանձնել ԼՂՀ-ի շուրջ գրավյալ շրջանները, այսպես կոչված, անվտանգության գոտին։ Չէ որ Հայաստանի իշխանությունները տարածքային պահանջներ չեն ներկայացրել Ադրբեջանին, այլ հակառակը՝ որոշել են գործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Հետևաբար, պաշտոնական Երևանի համար ԼՂՀ-ն համարվում էր նախկին ԼՂԻՄ-ի շրջանակներում, իսկ Աղդամը կամ Ֆիզուլին չէր ճանաչվում որպես հայկական, այլ ճանաչվում էր որպես ադրբեջանական տարածք: Այսպիսով, Ադրբեջանի դիրքորոշումները բանակցային գործընթացում ավելի ամուր էին, և Բաքվին ճնշելու ոչ մի իմաստ չկար։ Հայաստանի դիրքերն ավելի խոցելի էին, քանի որ անվտանգության գոտի էր ստեղծել՝ Արցախը շրջապատող շրջաններից, և ոչ մի տարածքային պահանջ չէր ներկայացրել այդ շրջանների նկատմամբ։ Հետևաբար Արևմուտքը, Ռուսաստանը, Ադրբեջանը Երևանից պահանջում էին, որ վերադարձնեն այդ գրավյալ շրջանները, հետո որոշեն Արցախի կարգավիճակը:
Երրորդ՝ ո՞վ է, այնուամենայնիվ, "ճնշում" գործադրել Ալիևի վրա: Ռուսաստանը, մի շարք պատճառներով անմիջապես բացառվում է, քանի որ ավելի քան 30 տարի Ռուսաստանը ի վիճակի չէ որևէ երկրի վրա ճնշում գործադրել: Գուցե Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Բայց որքան էլ տարօրինակ է, դա էլ չէ, քանի որ երբ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ինչ-որ երկրի վրա ճնշում են գործադրում, սովորաբար գործը հասցնում են մինչև վերջ։ Նման երկրների օրինակների ցանկը հսկայական է, մենք կարող ենք հիշել Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Հարավսլավիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան... եւ այլն, ի վերջո Հայաստանը:
2018-ին Արևմուտքը պետական հեղաշրջում կազմակերպեց Ս. Սարգսյանին փոխարինելով Փաշինյանով՝ պանթուրքիզմի ճանապարհը բացելու նպատակով: Այնպես որ, եթե Ալիեւը նկատի ուներ, որ իրեն Արեւմուտքն էր ճնշում, ապա նա վաղուց կկրկներ Միլոշեւիչի, Հուսեյնի, Քադաֆիի, Ասադի, Ս.Սարգսյանի ճակատագիրը: Այսպիսով, պարզվում է, որ Ալիևի վրա ոչ մի ճնշում չի եղել, Ալիևը կառավարում է Ադրբեջանը, Արևմուտքի օգնությամբ, օգտագործելով Ռուսաստանը, վերադարձրել է Արցախը, ընդ որում՝ հայերին վտարելով Արցախից: Ալիևին հաջողվեց այդ ամենն իրականացնել, որովհետև Ադրբեջանն արևմտամետ երկիր է։ Եթե նույն բանը իրականացներ հակաարևմտյան առաջնորդը, ապա անպայման կենթարկվեր Արևմուտքի ճնշմանը:
Չորրորդը՝ աշխարհաքաղաքական գործոնն է: Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես ցանկացած կապիտալիստական երկիր, գտնվում են Միացյալ Նահանգների տնտեսական և քաղաքական ազդեցության տակ: ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերն ուղղված են պանթուրքիզմի նախագծի զարգացմանը աջակցելուն։ ԱՄՆ-ը ծրագրում է թուրքախոս երկրներին օգտագործել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարում։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր ամերիկացիներն օգտագործում են ուկրաինացիներին Ռուսաստանի դեմ պայքարում։ Համապատասխանաբար թուրքախոս երկրներին, հատկապես Թուրքիային և Ադրբեջանին, Արևմուտքը կանաչ լույս է տվել երկդիմի քաղաքականություն վարելու համար: Արեւմուտքի շահերից է բխում, որ դրանք զարգանան տնտեսական, ռազմական, հատկապես ժողովրդագրական, այդ պատճառով Արեւմուտքը աչք է փակում Ռուսաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության վրա, քանի որ Ռուսաստանը կատարում է Արեւմուտքի աշխատանքը: Ադրբեջանի և Արևմուտքի շահերը համընկնում են, իսկ Հայաստանի և Արևմուտքի շահերը հակասում են, այդ իսկ պատճառով, գտնվելով Արևմուտքի վերահսկողության տակ, Հայաստանը ենթարկվում է ցեղասպանությունների և տարածքների կորուստների:
Արցախի հարցում Արևմուտքը միշտ դեմ է եղել Հայաստանին, դեմ է եղել Արցախը Հայաստանի հետ դե յուրե միավորելուն կամ անկախ Արցախին, այդ մասին բացահայտ խոսել է առաջին գլոբալիստ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Որպես Արցախի հարցի լուծում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր ենթարկվել Արևմուտքին, հրաժարվել Արցախից։ Իշխանական շրջանակներում տարաձայնությունների և պալատական հեղաշրջման արդյունքում Հայաստանում իշխանության եկան ազգայնականները, նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր կարծում էին, որ կկարողանան պայմանավորվել Արևմուտքի հետ Արցախի հարցում։ Այս ամբողջ քաղաքականությունն ավարտվեց ձախողմամբ, Արևմուտքը որոշեց Արցախը հանձնել Ադրբեջանին, Արևմուտքը մերժեց Սերժ Սարգսյանին և անկախ Արցախի կամ Արցախը Հայաստանի հետ միավորելու գաղափարը: Արևմուտքի ֆինանսական և դիվանագիտական աջակցությամբ Փաշինյանը շարունակեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: Փաշինյանը, արեց ամբողջ կեղտոտ գործը, կազմակերպեց հակահայկական դավադրություն, պայմանավորված պատերազմ, արհեստական պարտություն, հայ ժողովրդից գաղտնի ստորագրեց Արցախը Ադրբեջանին հանձնելու, Արցախից ու Զանգեզուրից հրաժարվելու մասին պայմանագիրը:
Այս ամենից հետո, շարունակել հղում կատարել Ալիևի 2016 թվականի մեջբերմանը, քաղաքական անհիմն է և ոչ տրամաբանական:
Comments