Հայաստանի Կոմկուսի նամակը Ռուսաստանի Կոմկուսին
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը նամակով դիմել է ՌԴ Կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովին։ Նամակը ներկայացնում ենք ստորև։
Մեծարգո Գենադի Անդրեյի,
Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, նոյեմբերի 9ին ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որի շնորհիվ հնարավոր եղավ փրկել Արցախի մի մասը և կասեցնել հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, որի ականատեսը մենք եղանք Արցախյան պատերազմի քառասունհինգ օրերին։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, բոլոր գերատեսչական կառույցներին, խաղաղապահներին, որոնց շնորհիվ մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ի դեմս ռուս մեծ ժողովրդի, հայերն ու Հայաստանն ունեն դարերով փորձված վստահելի դաշնակից։
Մեծարգո Գենադի Անդրեյի,
Դուք այն վառ անհատականությունն եք, որ վայելում եք մեծ հեղինակություն և ունեք ծանր կշիռ, ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում և հետխորհրդային երկրներում, այլև ամբողջ առաջադեմ հասարակության շրջանում։ Հետևաբար, խնդրում ենք Ձեզ, օգտագործել Ձեր հեղինակությունն ու բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի սատար կանգնեք հայ ժողովրդին և Հայաստանին այս օրհասական պահին։
Հիմա Ադրբեջանում գտնվում են հայ ռազմագերիներ, որոնց մասին հայկական կողմին չեն տրամադրվում տեղեկություններ, նրանց սպառնում է ֆիզիկական գոյության վտանգ, ավելին, շրջանառվում են լուրեր և տեսանյութեր, որտեղ նսեմացվում ու ոտնահարվում է նրանց պատիվն ու արժանապատվությունը, որը հակասում է Միջազգային Մարդասիրական Իրավունքին և Ժնևյան Կոնվենցիայի (1949թ) դրույթներին։
Ադրբեջանական կողմին են անցել հայկական հոգևոր և մշակութային հարուստ ժառանգության լուռ վկաներ, որոնց ճակատագրին այժմ անհայտ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են վանդալիզմի զոհ դառնում ոչ միայն մշակութային օբյեկտները, այլև հայկական գերեզմանները, ընդ որում, նաև 1941-1945թթ Մեծ Հայրենական Պատերազմի զոհերի հուշարձանները։
Հայ փախստականները չեն կարողանում ապահով ու անվտանգ տեղափոխվել իրենց բնակավայրերը և ապրել այնտեղ։
Հարգելի Գենադի Անդրեյի,
Լիահույս ենք, որ Դուք, օգտագործելով Ձեր բոլոր հնարավորությունները, համբավն ու հեղինակությունը, կփորձեք օգնել Ադրբեջանից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերևարված անձանց վերադարձին, հայկական մշակութային արժեքների պահպանության և փախստականների անվտանգ բնակության հարցերում։
Խորին հարգանքով՝
Երջանիկ Յ․ Ղազարյան
ՀԿԿ Կենտկոմի Առաջին քարտուղարի պաշտոնակատար
コメント