top of page

Տարածքների փոխանակում... Ինչ են ուզում հայ ժողովրդի «բարեկամները»

Հարգելի ընկերներ, համակիրներ, թուրք-ադրբեջանական սանձազերծած ագրեսիայից հետո մշտապես ասպարեզ է նետվում Մեղրին Ադրբեջանին հանձնելու գաղափարը։ Այդ կապակցության շահեկան եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել դեռևս 1991 թվականին և 2001 թվականին իմ հրապարակած հետևյալ երկու հոդվածները, որոնք կտեղադրվեն առանձին-առանձին։ Այդ հոդվածները հրապարակվել են նաև 2008 թվականին տպագրված իմ՝ «ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ» գրքի առաջին հատորում։



Վլադիմիր Պետրոսյան, «ՀԱՅԱՍՏԱՆ» օրաթերթ

02․07․1991


Որքան խորանում է Լեռնային Դարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը, այնքան շատանում է հայ ժողովրդի այն նորընծա «բարեկամների» թիվը, որոնք ավելի ու ավելի համառությամբ են խճճում գործը և մեզ՝ հայերիս տված «խորհուրդների» մեջ առաջին պլան մղում տարածքների փոխանակման, սահմանների վերաձևման գաղափարը:


Բոլորովին վերջերս «Լիտերատուրնայա գազետան» (19, 15.05.91 թ.) «Ադրբեջան-Հայաստան. փակուղի պատերազմ անունով» ընդհանուր խորագրի տակ հրապարակել է թերթի մեկնաբան Օլեգ Մորոզի խոսքը և պատմական գիտությունների դոկտոր Անդրեյ Զուբովի հետ «Հանրաքվեի և սահմանների վերագծման հնարավորությունը կհովացներ շատ տաք գլուխներ» հարցազրույցը:


Ի՞նչ է այս անգամ առաջարկում Ա. Զուբովը: Քննարկելով Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, նա ընթերցողներին հայտնում է, որ դեռևս 1988 թ. փետրվարին ԽՄԿԿ Կենտկոմ են ներկայացրել մի առաջարկություն, ըստ որի հնարավոր է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը լուծել սահմանների վերագծման միջոցով: «Իսկ հնարավո՜ր է ռեալ վերագծել նոր սահմանը», հարցին Զուբովը պատասխանել է. «Կարծում եմ' այո՜: Այստեղ բնակավայրերի մեծամասնությունը միազգի են: Ասենք ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանում 34 հայկական և 3 ադրբեջանական գյուղ կա, իսկ բուն Մարտունիում ապրում են երկու ժողովուրդներից: Հայաստանի սահմանային Վարդենիսի շրջանում կա 27 ադրբեջանական և 5 հայկական գյուղ, 6 գյուղեր ունեն խառն, գլխավորապես հայերով ու ռուսներով բնակեցված բնակչություն: Եվ այդպես է ամենուրեք: Մենք ենթադրում էինք, որ հանրաքվեի գոտում գտնվող քաղաքներում, ավաններում և գյուղխորհուրդներում, որտեղ բնակչության 60 տոկոսը կարտահայտվի այս կամ այն հանրապետությանը պատկանելու օգտին, պարտադիր է հաշվի առնել մեծամասնության կամքը: Իսկ այնտեղ, որտեղ ձայները կիսվում են հավասարաչափ, սահմանի գիծը պետք է որոշել, ելնելով տարածքի ամբողջականության սկզբունքից և տնտեսական նպատակահարմարությունից»:


Տարածքների փոխանակման գաղափարը պաշտպանվել է նաև ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների միջռեգիոնալ խմբի կողմից:


1989 թ. հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած Գերագույն խորհրդի հայտնի նիստում այդ խմբի անունից հանդես եկած պատգամավոր Գրազինը ուղղակի ասաց. «Կա էլի միջոց նման պրոբլեմների լուծման համար: Այն կոչվում է տարածքների փոխանակում»:


Հետաքրքիր է նշել, որ տարածքների փոխանակման օգտին արտահայտվում են նաև Ադրբեջանում: Ահա, օրինակ, Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակից Ախունդզադեի կարծիքով, կոնֆլիկտը կարելի է լուծել Հայաստանի հետ որոշ տարածքների փոխանակմամբ:

Ի՞նչ տարածքների մասին է խոսքը, ի՞նչ են ուզում փոխանակել, թե՜ մեր «բարեկամները», թե' ադրբեջանցիները:


Հենց սկզբից ասենք, որ վերոհիշյալ անձինք Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծման միջոցը համարում են միայն տարածքների փոխանակումը: Նրանք անկարող են հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը հողային պահանջ չէ, որ դա մի ժողովրդի արհեստականորեն բաժանված երկու հատվածների վերամիավորման միանգամայն օրինական ու բնական խնդիր է, որին պետք է վերաբերվել սրտացավորեն, դրսևորելով խորագույն տակտ ու հարգանք:


Ա. Զուբովի վերոհիշյալ հարցազրույցում արտահայտված «բարեկամական» առաջարկության իսկական արմատներն ու նպատակները ձևավորվել են Հայաստանից ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր ընտրված Գ. Ստարովոյտովայի կողմից:


Լատվիայի ժողովրդական ճակատի «Ատմոդա» («Զարթոնք») ինֆորմացիոն բյուլետենի 1989թ. հուլիսի 12-ի համարում հանդես գալով Ղարաբաղի պրոբլեմի էքսպերտ խմբի անունից, նա հրապարակել է տարածքների փոխանակման վերաբերյալ հետևյալ առաջարկը. «ԼՂԻՄ-ի 5 շրջաններից 4-ը, ինչպես նաև Շահումյանի, Խանլարի և մյուս շրջանների մի մասը, Լաչինի քրդական գյուղերի զգալի մասը պետք է միացվեն Հայաստանին, իսկ ԼՂԻՄ-ի Շուշիի շրջանը, Վարդենիսի, Կրասնոսելսկի շրջանների մի մասը (Սևանի ափով) և Մեղրու շրջանը՝ Ադրբեջանին»:


Մեզ հայտնի չէ, թե Գ. Ստարովոյտովան, իբրև ժողովրդական պատգամավոր, իր ընտրողներից ինչպիսի պատվիրաններ է ստացել, նրանց ինչ խոստում է տվել, բայց նրան իբրև Հայաստանից ընտրված ժողովրդական պատգամավորի, ուզում ենք հարցնել, արդյոք ստացե՜լ է Վարդենիսի, Կրասնոսելսկի և Մեղրու շրջանների բազմահազարանոց հայ բնակչության համաձայնությունը նման քմահաճ առաջարկություններով հանդես գալու համար... ո՜վ է, վերջապես, նրան այդ իրավունքը տվել:


Բոլոր այն անձինք, ինչ դիրք էլ ունենան, լինեն միջռեգիոնալ պատգամավորական խմբի անդամ, թե ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի համակարգի ներկայացուցիչ, պետք է մեկընդմիշտ իմանան՝ հայ ժողովուրդը երբեք ոչ մեկի չի լիազորել տարածքների փոխանակման անվան տակ խաղալ նրա ազգային արժանապատվության հետ: Մենք Լեռնային Ղարաբաղն որպես հողային տարածք, որպես աշխարհագրական հասկացություն ոչ ոքից չենք պահանջում մեզ տալ և փոխարենը Հայաստանից մեկ այլ համարժեք հողային տարածք Ադրբեջանին տալ:


Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը գտնվելով Ադրբեջանի ենթակայության տակ, մշտապես կանգնած է եղել ձուլման վտանգի առջև, և հարցը նրա փրկությանն է վերաբերվում և ոչ թե Լեռնային Ղարաբաղի փոխարեն Վարդենիսի, Կրասնոսելսկի և Մեղրիի հայ բնակիչներին Ադրբեջանում կիրառվող հայահալած քաղաքականության որոգայթի մեջ գցելուն: Վերջին հաշվով ծնողների համար ի՜նչ կարևոր է, թե որդիներից ո՜րն է դժբախտության մեջ:


Տարածքների փոխանակման վերաբերյալ այս անընդունելի առաջարկներն որքանո՜վ են համապատասխանում Ադրբեջանի շահերին, ի՜նչ է թաքնված վերջապես դրանց խորքում:


Մենք բոլորովին էլ պատահական չենք համարում Ա. Զուբովի հայտնած կարծիքից անմիջապես հետո ոչ անհայտ Պոլյանիչկոյի առաջարկությունն այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական տարածք է, և քանի որ Հայաստանի Հանրապետությունը վճռել է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, պետք է այն բռնակցվի Ադրբեջանին: Կարծում ենք, սա կարելի է համարել Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը:


Իսկ ինչպիսի՞ն է Ադրբեջանի ժողովրդական ճակատի վերաբերմունքը:


Ադրբեջանի ժողովրդական ճակատն՝ իր պրակտիկ գործունեությամբ և դատելով տեսության ասպարեզում նրա «գիտական» մարզանքներից, ուղղակի իրենից ներկայացնում է մուսավաթական կուսակցության հետնորդ: Վարպետորեն օգտագործելով 1990 թ. հունվարին հրահրած արյունալի միջադեպը, ժողովրդական ճակատին հաջողվեց Ադրբեջանի սահմանները հայերի հարձակումներից պաշտպանելու պատրվակով թալանել ու բռնագրավել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ստեղծել իր զինված հրոսակախմբերը, որոնք այսօր ՕՄՕՆ-ի անվան տակ անասելի բռնություններ են գործադրում Լեռնային Դարաբաղի հայ բնակչության նկատմամբ: Սա Ադրբեջանի ժողովրդական ճակատի, որը չգիտես ինչու ևս համարվում է իբրև դեմոկրատական շարժում, պրակտիկ գործունեությունն է, ինչը ուղղակիորեն հիշեցնում է մուսավաթներին:


Արդ, ինչպիսի՞ն է նորօրյա մուսավաթների «տեսական» մարզանքների ուղղությունը քարտեզագիտության ասպարեզում:


Ադրբեջանի ժողովրդական ճակատը «նորամուծություններ» է կատարում նաև այդ ասպարեզում, նախանձելի անպատկառությամբ Անդրկովկասի քարտեզը վերաձևելով պանթուրքիզմի չափանիշներով: Մի ամբողջ էջ «Ազերբայջան» թերթը «Տեղաշարժվող սահմաններ» վերտառությամբ նվիրել է Անդրկովկասի սահմաններին և տեսեք, թե ինչպիսի լացուկոծ է բարձրացնում միամիտ ընթերցողների համակրանքը շահելու համար. «Մինչև 1920 թ. ապրիլյան հեղափոխությունը, -հայտարարում է «Ազերբայջան» թերթը,- Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքը կազմում էր մոտ 114 հազար քառակուսի կիլոմետր: Զանգեզուրի նահանգը, Գոքչան և Դիլիջանը մտնում էին Ադրբեջանի կազմի մեջ»:


Ընթերցողը նկատեց անշուշտ, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատի «տեսաբանները» խուսափում են ասել, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը իր տարածքները մեծացրեց Անդրկովկաս ներխուժած թուրք զավթիչների օգնությամբ և այն էլ Հայաստանի տարածքի հաշվին: Եվ բանն այնպես «միամտորեն» են ներկայացնում, որ կարծես ոչ Հայաստան է եղել և ոչ էլ հայկական նահանգներ, և ավելին՝ Սևանն ու Դիլիջանն էլ Զանգեզուրի հետ Ադրբեջանի կազմում են եղել:


Ոգևորված կեղծարարներն իրենց մտքի մարզանքները շարունակելով, գրում են. «1921 թ. քարտեզի վրա (նույն տարվա դեկտեմբերին, հայկական պետության ստեղծման համար տրվեց Զանգեզուրը) կատարվեցին մեծ փոփոխություններ; Ի միջի այլոց, անհրաժեշտ է նշել ևս մի հանգամանք, մի շարք պատմաբաններ իրադարձությունները լուսաբանում են այնպես, կարծես թե Զանգեզուրը տրվել է կամավոր կերպով: Բայց դա միանգամայն չի համապատասխանում ճշմարտությանը: Հենց ադրբեջանական պետության կազմավորման համար և նրա կործանումը կասեցնելու նպատակով Ն. Նարիմանովը հարկ համարեց այդպիսի քայլեր ձեռնարկել»:


Սա արդեն իսկական «հայտնագործություն է»: Միայն ափսոս, դրա հեղինակները նեղություն չեն կրել պարզաբանելու, թե այդ ո՞ր պատմաբաններն են պաշտպանում Զանգեզուրը կամավոր Հայաստանին զիջելու տեսակետը: Նրանք նաև փակագծերը չեն բացում, թե այդ ի՞նչ ուժեր էին գործում ադրբեջանական պետությունը կործանելու համար, որոնց կանխելու նպատակով Ն. Նարիմանովը ստիպված զիջում է կատարել:


Բայց աշխարհագրական «հայտնագործությունների» հեղինակները առաջ են գնում. «1922 թվականին, -գրում են նրանք,- ԽՍՀՄ-ի կազմավորման ժամանակ Ադրբեջանի սահմանները երկրորդ անգամ են ենթարկվում վերաձևման: Ուժով խլվեցին Գոքչան ու Դիլիջանը: Մեկը մյուսի հետևից Ադրբեջանն իր տարածքից կորցրեց 17 հազար քկմ: Եվ կարծես դա քիչ էր: 1923 թ. ադրբեջանցիներին մշտական անհանգստության ու հուզմունքի մեջ պահելու նպատակով Միկոյանի, Միրզոյանի և մյուսների պնդմամբ կազմավորվեց Լեռնային Դարաբաղի Ինքնավար Մարզը»:


Ընթերցողին հայտնի են Լեռնային Դարաբաղի Ինքնավար Մարզի կազմման և ընդհանրապես Լեռնային Դարաբաղն ու Նախիջևանն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու հանգամանքները, և դրանց այսօր անդրադառնալու կարիք չկա:


Ադրբեջանի պատմության «մասնագետները» Լեռնային Դարաբաղի պրոբլեմը բավական չէ, որ ընթերցողներին ներկայացնում են գլխիվայր շուռ տված, դրանում նախ և առաջ մեղադրում են... Ստալինին: Եվ ահա, թե ինչպես են նրանք պրոբլեմը ներկայացնում:


Ընդհատելով իր արձակուրդը, Ստալինը գալիս է Թիֆլիս և մասնակցում հուլիսի 2-ին բացված Կավբյուրոյի նիստին: Եվ ըստ ադրբեջանցի «մասնագետների», Ստալինի ճնշմամբ, հուլիսի 4-ին Կավբյուրոն ընդունում է Լեռնային Դարաբաղն Ադրբեջանից անջատելու որոշումը: Սակայն մեկ օր անց, հուլիսի 5-ին, Կավբյուրոյի անդամներն ուղղեցին իրենց սխալը: «Բակինսկի ռաբոչի» թերթը ձայնակցելով «Ազերբայջանին»՝ ավելացնում է. «Այսպիսով, Ստալինը, որը կոպտորեն միջամտել էր հուլիսի 4-ին հարցի քննարկման ընթացքին, փաստորեն ստիպեց Կավբյուրոյի որոշ անդամների քվեարկել Լեռնային Դարաբաղը Հայաստանին հանձնելու օգտին: Ըստ էության, այլ կերպ չէր էլ կարող, քանի որ հենց Ստալինն էր հանդիսանում կենտրոնի ներկայացուցիչը... Եվ նրան հաջողվեց առաջին նիստի ժամանակ քվեարկությունը տանել իր ցանկալի հունով, բայց այդ որոշմանը հասան այնպիսի երերուն մեծամասնությամբ և այնպես թույլ փաստարկմամբ, որ վերջին հաշվով ընդունելով որոշում «հարցը ՌԿ(բ)Կ Կենտկոմի քննարկմանը հանձնելու մասին, ժողովը Ստալինին դրեց բացահայտ դժվար վիճակի մեջ»:


Ընթերցողը, երևի զարմացավ, որ Ստալինը ցանկացել է Լեռնային Դարաբաղը միացնել Հայաստանին և չի կարողացել: Ստալինն էլ, ըստ երևույթին կզարմանար, եթե տեսներ, թե ադրբեջանցի «մասնագետները» ինչպես են իրեն կեղծում և ինչպես են «շնորհակալություն» հայտնում:


Բայց Ստալինին, թող թույլ տրվի ասել, հանիրավի մեղադրելով, ադրբեջանցի «մասնագետները» այնքան էլ միամիտ չեն, որ այն առանց հիմնավորման թողնեն: Եվ Ստալինի հայկական կողմորոշումը հիմնավորելու համար նույն «Բակինսկի ռաբոչին» հաղորդում է. «Պետք է նշել, որ Ստալինին Թիֆլիս էր բերել ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան ղարաբաղյան հարցը: Թիֆլիսում (հենց հունիսի վերջին, երբ եկավ Ստալինը) քննարկվում էր Վրաստանին հայերի ներկայացրած տարածքային հավակնությունները, որոնք պահանջում էին Ախալքալակի և Բորչալուի գավառները: Հենց այդ օրերին էլ Թիֆլիս եկավ Ստալինը»: Եվ ըստ «Բակինսկի ռաբոչիի», Ստալինին հաջողվեց Վրաստանին Հայաստանի կողմից ներկայացված տարածքային հավակնությունները լուծել Ադրբեջանի հաշվին՝ Լեռնային Դարաբաղը Հայաստանին հանձնելու մասին հուլիսի 4-ի որոշումն ընդունելով: Բայց ըստ ադրբեջանցի «պատմաբանների», Լեռնային Դարաբաղի հարցում ստալինյան արկածախնդրությունը երկար չշարունակվեց. «Ստալինը հասկացավ հետագա ճնշման անմտությունը և հաջորդ օրը (հուլիսի 5-ին) Կավբյուրոն ընդունեց միակ և ճիշտ որոշումը»:


Ըստ երևույթին, զգալով իրենց պնդումների անհեթեթությունը (բոլորին է հայտնի Ստալինի բացասական դերը Լեռնային Դարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու խնդրում), ադրբեջանցի «պատմաբանները» շարունակում են շինծու փաստարկներ բերել, ճգնելով ապացուցել, որ Ստալինը միշտ էլ եղել է Լեռնային Դարաբաղը Հայաստանին տալու կողմնակիցը:


«Բակինսկի ռաբոչի» թերթը ուղղակի գրում է. «Ադրբեջանից Լեռնային Դարաբաղի անջատման մասին հուլիսի 4-ի որոշման ընդունման մեջ Ստալինի ուղղակի մասնակցության փաստը հետագայում իր խոսուն ապացույցն է գտնում: Պատերազմից անմիջապես հետո, ինչպես հայտնի է, Հայաստանի ղեկավարությունը դիմեց Ստալինին՝ ԼԴԻՄ-ը Հայաստանին տալու առաջարկով: Եթե Ստալինը, իսկապես, 1921 թ. հուլիսի 5-ին ճնշման միջոցով ստիպեց ընդունել Ադրբեջանի կազմում Լեռնային Դարաբաղը թողնելու մասին որոշումը, ապա ամենազոր բռնապետի հզորության ժամանակ հազիվ թե որևէ մեկը պաշտոնապես փորձեր նրանից պահանջել ուղղել և հետևապես՝ ընդունել սեփական «կոպիտ սխալները»:


Իրականում դրա հակառակն ապացուցվում է միայն նրանով, որ 1921 թ. հուլիսի 4-ին Ստալինն անմիջապես ճնշում ձեռնարկեց Կավբյուրոյի անդամների վրա, նրանց թեքելով (և ոչ անհաջող) Ադրբեջանից Լեռնային Դարաբաղի անջատմանը, և դա կարելի է բացատրել պատերազմից հետո Ստալինին ուղղած հայկական ղեկավարության դիմումով:


Տողերիս հեղինակին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զավեն Գրիգորյանը՝ այն ժամանակվա Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղարը, պատմել է, թե Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ ինչպես են կազմել Ստալինին ուղղված նամակները: Առաջին նամակը նրանք Ստալինին են հղել 1945 թ. նոյեմբերին: Հայտնելով, որ կազմակերպվում է արտասահմանից մեծ քանակությամբ հայերի ներգաղթ, ՀԿԿ Կենտկոմը նշում է, որ նրանց ընդունելու համար հարկավոր է հողային տարածք, որպիսին հանդիսանում է Լեռնային Դարաբաղը, որը միշտ եղել է Հայաստանի անկապտելի մասը, հայ ազատագրական շարժման օջախներից մեկը և ունի հայ բնակչության բացարձակ մեծամասնություն: Այս նամակը մնում է անպատասխան:


Երկրորդ անգամ Հայաստանի կոմկուսը Ստալինին դիմել է 1948 թ.: Հայտնելով, որ ներգաղթի միջոցով Հայաստան է եկել շուրջ 200 հազար մարդ և նախատեսվում է էլի 100 հազարի ներգաղթ, ՀԿԿ Կենտկոմը Ստալինին խնդրում է քննարկել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու խնդիրը: Այս անգամ նամակը արժանանում է Ստալինի ուշադրությանը: Նա հանձնարարում է Գ. Հարությունյանին պայմանավորվել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովի հետ և միասին առաջարկություն ներկայացնել ԽՍՀՄ կառավարություն: Սակայն, ըստ երևույթին, ինչպես վկայում է Զ. Գրիգորյանը, Բաղիրովը Ստալինից նախապես տեղեկացել էր Հայաստանի պահանջի մասին և հայտարարում է, եթե Հայաստանը դժվարանում է 100 հազար մարդ ընդունել, ապա Հայաստանից կտանենք դրանից ավել թվով ադրբեջանցիներ: Իսկապես, 1949-50 թթ. շուրջ 100 հազար ադրբեջանցիներ Հայաստանից մեկնեցին Ադրբեջան, բայց կարճ ժամանակ անց վերադարձան ավելի մեծ քանակությամբ:


Հետևությունը մեկն է, եթե իսկապես Ստալինը կողմնակից էր Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին, ապա վերոհիշյալ պայմաններում նրա համար որևէ դժվարություն չկար այն իրագործելու:


Իրականությունն այս է: Մինչդեռ ադրբեջանցի պատմաբանները կեղծելով իրողությունը, մեզ փորձում են ներկայացնել իբրև երկրի հասարակական կարծիքը թյուրիմացության մեջ գցողների, որ մենք Ստալինին մեղադրում ենք Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու համար՝ նպատակ հետապնդելով «շահել մեր հասարակությունը դեստալինիզացիայի ենթարկելու բազմաթիվ կողմնակիցների ձայնը և համակրանքն այսպես կոչված «դարաբաղյան շարժման» նկատմամբ»:


Բայց վերադառնանք Ադրբեջանի ժողովրդական ճակատի «մասնագետների» աշխարհագրական մարզանքներին: «Ազերբայջան» թերթը հանրագումարի բերելով իր աշխարհագրական-պատմական կեղծիքները, ի լուր աշխարհի հայտնում է, որ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելիս Ադրբեջանի տարածքը 114 հազար քկմ-ից հասցվեց 97 հազար քկմ, որ հետագա տարիներին էլ Ադրբեջանից անջատել ու Հայաստանին են տվել մի շարք այլ տարածքներ և հիմա ոչ ավել, ոչ պակաս պահանջում են դրանք ետ վերադարձնել Ադրբեջանին:


Մենք վաղուց դադարել ենք զարմանալ ադրբեջանցի պատմաբանների, գրողների, պետական ու կուսակցական այլ գործիչների ապօրինի պահանջների վրա: Նրանց վարքագիծը միանգամայն հասկանալի է: Այդ ամենն արվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը մայր Հայաստանի հետ վերամիավորվելու օրինական պահանջը ձախողելու համար:


Բայց մենք չենք կարող մեր վրդովմունքը չհայտնել, որ հատկապես վերջին շրջանում Միությունում հանդես են գալիս մարդիկ, որոնք իրենց ներկայացնելով հայ ժողովրդի «բարեկամներ», ոչ միայն չեն կանգնում Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի արդարացի լուծման դիրքերում, այլև իրենց գործողություններով նպաստում են Ադրբեջանի ժողովրդական ճակատի հեռու գնացող նպատակների իրագործմանը:


Ահա այսպես, թե սահմանների վերաձևման, տարածքների փոխանակման գաղափարի հեղինակ մեր «բարեկամները», թե պաշտոնական Ադրբեջանն ու ժողովրդական ճակատը, խնդրին մոտենալով տարբեր կողմերից, ունեն մեկ նպատակ. նպաստել Թուրքիայի և Ադրբեջանի վաղուց փայփայած ծրագրի իրագործմանը՝ Հայաստանի տարածքների հաշվին ոչ միայն ապահովել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ուղղակի սահմանի ստեղծմանը, այլև դրանով վերացնել նաև Նախիջևանի մեկուսացումը Ադրբեջանից:


Ահա թե ինչի են ձգտում հայ ժողովրդի «բարեկամները», ահա թե ինչու են նրանք այսպես ջանադրաբար պաշտպանում Ադրբեջանի ժողովրդական ճակատին, հայ ժողովրդի շահերը զոհելով Ադրբեջանի կոմունիստական ռեժիմի դեմ ակտիվ պայքարող «դեմոկրատական» ուժերին:


Իսկ մենք այլևս խաբվելու իրավունք չունենք: ժամանակն է, որ մենք ազգովի իմանանք, ով՝ ով է, ովքեր են մեր իսկական ու կեղծ բարեկամները: Այսպիսի պայմաններում, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, երբ առանձին անձինք խոսում են Ադրբեջանի ժողովրդական ճակատի հետ համագործակցելու մասին, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, թե այդ միջոցով հնարավոր է լուծել Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը: Եկեք չմոռանանք, որ հենց Ադրբեջանի ժողովրդական ճակատն է վարպետորեն ու խորամանկորեն գործում, իր շահերին ծառայեցնելով ամեն մի հնարավորություն:


Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի կոմկուսը մշտապես հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության շահերի պաշտպանությամբ: Այսօր, ասպարեզում գործում են նաև մի շարք հայրենասիրական շարժումներ ու միավորումներ, որոնցում համախմբված հազարավոր մարդիկ անկեղծորեն կանգնած են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանության դիրքերում: Եվ այս ուժերի միավորումը, մեր խորագույն համոզմամբ, Արցախի հիմնահարցի լուծման կարևորագույն պայմանն է:


Միայն այս առաջադեմ ուժերի միավորումը մենակ չի թողնի հպարտ ու վեհ ղարաբաղցի հայ բնակչությանը: Եվ սրա հնարավորության պարտադիր անհրաժեշտությունը Միության կազմում Հայաստանի մնալն է:


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page