"Կամ դու Արևմուտքի հետ ես, կամ դու՝ Ռուսաստանի Դաշնության հետ ես"
նախագահ Պուտինը դիմում է Արևմտյան իմպերիալիզմի տերերին. "Մի´ անցեք կարմիր գիծը, վերջը, ձեզ համար վատ կլինի:
Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ
Ժամանակին Նապոլեոն Բոնապարտը Չինաստանի մասին ասել է հետեւյալը, -"Չինաստանը քնած է: Թող նա քնի եւ հետագայում: Աստված մի արասցե, եթե Չինաստանը արթնանա": Այն, թե ինչպես է Արևմուտքը հետևողականորեն առաջ տանում իր ագրեսիվ ծրագրերը Ռուսաստանի դեմ, և ինչպես է հանգիստ արձագանքում դրան Ռուսաստանը, կարելի է գալ այն եզրակացությանը, որ Ռուսաստանը, ինչպես ժամանակին Չինաստանը, դեռ քնած վիճակում է։
Ռուսական կողմը՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ավելի ու ավելի հաճախ են հանդես գալիս Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների մասին հարցազրույցների, հոդվածներով և ելույթների տարբեր ձևաչափերով։ Շատ դեպքերում խոսքը այդ ելույթներում փաստի արձանագրման մասին է, օրինակ՝ Արևմուտքը ագրեսիվ քաղաքականություն է վարում, Արևմուտքը խախտում է պայմանավորվածությունները, Արևմուտքը չի ուզում պայմանավորվել, Արևմուտքը խախտում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը, Արևմուտքը միջամտում է այլ երկրների ներքին գործերին և այլն: Այս բոլոր ելույթներում, կարմիր գծով տրվում է նախազգուշացում այն ուժերի և երկրների ոչնչացման մասին, ովքեր կհամարձակվեն ագրեսիա իրականացնել Ռուսաստանի դեմ։
Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը "Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ" վեբինարի շրջանակներում հաստատեց ակնհայտ և հերթական փաստերը, -"Արևմտյան երկրները փորձում են ստեղծել անկայունության գոտի Ռուսաստանի շուրջ, շրջապատել նրան որոշակի սանիտարական պատնեշով": Ըստ Լավրովի, -"Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ պարտադրելով մեր մերձավոր հարևաններին, մեր եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել "Կամ դու Արևմուտքի հետ ես, կամ դու՝ Ռուսաստանի Դաշնության հետ ես": Նրա խոսքով՝ Արեւմուտքի այս գիծը ամենավառ կերպով դրսեւորվեց Ուկրաինայում, գունավոր հեղափոխությունների մեթոդիկաները փորձեցին անել վերջին ամիսներին Բելառուսում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ի երկրները աշխարհաքաղաքական պայքար են ծավալել Մոլդովայի համար՝ չխորշելով բաց քարոզչությունից նախընտրական քարոզարշավի ընթացքում: "Այժմ էլ փորձում են ընդլայնել մեր արեւմտյան գործընկերներն իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ եւ Կենտրոնական Ասիան, եւ Անդրկովկասը", -հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Այս ամենն այդպես է, այս ամենը փաստերի ճիշտ արձանագրում է, սակայն ավելի կարևոր է Ռուսաստանի քաղաքականությունը՝ ի պատասխան Արևմուտքի թշնամական քաղաքականության։ Ըստ Լավրովի, -"Մենք հաշվի չենք առնի բոլոր տեսակի սպառնալիքներն ու ուլտիմատումները, բացի նրանից, որ վճռականորեն դիմագրավելու ենք նրանց, բայց ամրապնդելով մեր ինքնիշխանությունը։ Մենք չենք շարժվի ոչ ինքնամեկուսացման, ոչ առճակատման"։ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ինքնուրույն, ազգային կողմնորոշված և պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարելու։
Շատերին կարող է տարօրինակ եւ անհասկանալի թվալ նման քաղաքականությունը, շատերին կարող է թվալ, որ խոսքը նոր ռազմավարության խորամանկության մասին է: Պաշտոնական պետական քարոզչությունը վստահեցնում է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ Ռուսաստանն այնպիսի սպառազինություն ունի, որ Արևմուտքը չունի, և ինչպես ասում է նախագահ Պուտինը, -"..եթե ինչ-որ մեկը որոշում կայացնի ոչնչացնել Ռուսաստանը, մեզ մոտ անմիջապես պատասխանելու օրինական իրավունք կառաջանա։ ԻՍԿ ԻՆՉՈՒ Է՞ ՄԵԶ ՊԵՏՔ ՆՄԱՆ ԱՇԽԱՐՀ, ԵԹԵ ԱՅՆՏԵՂ ՉԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ"։ Կարճ ու պարզ, նախագահ Պուտինը դիմում է Արևմտյան իմպերիալիզմի տերերին, որոնք ամենուր կազմակերպում են դավադրություններ, պատերազմներ, պետական հեղաշրջումներ ու քաոս, -մի անցեք կարմիր գիծը, վերջը, ձեզ համար վատ կլինի: Սակայն Արևմուտքն անտեսում է այդ նախազգուշացումները, և քայլ առ քայլ Ռուսաստանը շրջապատում է իր ռազմական բազաներով, գաղտնի լաբորատորիաներով, իր խամաճիկային ռեժիմներով և այլն:
Ամեն դեպքում, պետք է ելնել այն դրույթից, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Իսկ ինչպես հայտնի է ռուսական կապիտալիզմը չի կարող մրցակցել արևմտյան կապիտալիզմի դեմ: Մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը դեռ ունի բավական շատ ներքին չլուծված խնդիրներ, օրինակ ամեն տարի ռուս օլիգարխները երկրից միլիարդավոր դոլարներ են հանում դեպի Արևմուտք, դրանով իսկ ներդրումներ են կատարում Արևմուտքի տնտեսությունում և ցույց տալիս հարևան երկրների օլիգարխներին, որ ապագան Արևմուտքի հետ է, այլ ոչ թե Ռուսաստանի: Մեկ այլ օրինակ է, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիան օգտագործում է Boeing-ի եւ Airbus-ի ինքնաթիռները, այսինքն՝ ինչ-ինչ պատճառներով (կոռուպցիա, ազգային շահերի պետական դավաճանություն, կամ համաշխարհային գլոբալ տնտեսության գաղափարներից ելնելով), Մոսկվայում որոշել են փակել իրենց քաղաքացիական ավիացիոն գործարանները, կրճատել իրենց աշխատողներին, որպեսզի ձեռք բերեն արեւմտյան ինքնաթիռներ, որպեսզի Արեւմուտքը շատ փող աշխատի եւ Արեւմուտքի աշխատողները աշխատանք ունենան, որպեսզի Ռուսաստանը դառնա Արևմուտքից կախյալ երկիր:
Հիշեցնեմ, որ քաղաքացիական ավիատեխնիկայի համաշխարհային շուկայի 40%-ը ժամանակին զբաղեցնում էր Խորհրդային Միությունը եւ բազմաթիվ այլ օրինակները ցույց են տալիս որ, ռուսական բուրժուազիան 30 տարվա ընթացքում հասցրել է բավականին խորը կապ հաստատել Արևմտյան կապիտալիզմի հետ, ի վնաս Ռուսաստանի տնտեսական շահերի։ Այս բոլոր գործոնները ազդում են Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության ձեւավորման վրա: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Լավրովի շուրթերից երկակի բնույթ է կրում, մի կողմից Ռուսաստանը կողմ է համագործակցությանը, բայց մյուս կողմից եթե Արևմուտքը համարձակվի անցնի կարմիր գիծը, ապա Ռուսաստանը պատրաստ է նաև կոշտ պատասխան տալ:
Նույն քաղաքականությունը նախագծվում է այլ փոքր երկրների վրա: Օրինակ՝ Վրաստանի հետ հարաբերությունները։ Վրաստանը մի երկիր է, որն ավանդաբար հակառուսական ռուսատյաց քաղաքականություն է վարում։ Վրաստանը այն երկիրն է, որը 2008 թվականին ագրեսիա է իրականացրել Հարավային Օսիայի Հանրապետությունում ՝ սպանելով ռուս խաղաղապահներին եւ հազարավոր խաղաղ բնակիչների, Վրաստանը այն երկիրն է, որը 2008 թվականին նախաձեռնել է ռուս-վրացական պատերազմ: Վրաստանը այն երկիրն է, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ: Վրաստանը այն երկիրն է, որտեղ մարդկանց դաստիարակում են ռուսատյացությամբ: Վրաստանում կա "օկուպացիայի" թանգարան, որտեղ պատմում են, թե ինչպես է Ռուսաստանը օկուպացրել և ստրկացրել Վրաստանը եւ այլն եւ այլն: Չնայած թվացյալ թշնամությանը, պարզվում է, որ Ռուսաստանը Վրաստանին գազ է վաճառում, այն էլ էժան գներով, քան ասենք Հայաստանին: Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում վրացական գինու ներմուծման ցուցանիշով: Այսինքն՝ Վրաստանի իշխող շրջանակների առջև խնդիր դնելու փոխարեն, երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մասին, Ռուսաստանն ու Վրաստանը նախընտրում են երկակի խաղ անցկացնել, հրապարակայնորեն ցուցադրել թե մենք թշնամիներ ենք, թող ժողովրդական կապերը չզարգանան, բայց ժողովրդից գաղտնի մեր օլիգարխները թող առևտուր անեն: Այսպիսով, Ռուսաստանն ու Վրաստանը նպաստում են այն բանին, որ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը դեգրադացվեն, թույլ չտան, որ դրանք լիարժեք զարգանան: Այսպես ասած հիբրիդային ընկերություն, հիբրիդային պատերազմ: Մի ոլորտում մենք ընկերություն եւ առեւտուր ենք անում, իսկ ահա մյուս ոլորտում պայքարում ենք: Նույն վերաբերմունքն ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ նախագահը բարձր ամբիոններից Ռուսաստանը թշնամի է անվանում, իսկ դրանից հետո ԱՄՆ-ն ու Ռուսաստանը օրինակ, համագործակցում են տիեզերքում: Թուրքիան դիմակայում է Ռուսաստանին Սիրիայում, իսկ Ռուսաստանը ատոմակայան է կառուցում Թուրքիայի համար: Ռուսաստանը պետական պարտք է տալիս Կիպրոսին, իսկ Կիպրոսը քվեարկում է հակառուսական պատժամիջոցների օգտին: Փաշինյանը իրականացնում է հակառուսական քաղաքականություն, իսկ Ռուսաստանը ապահովում է Հայաստանի սահմանների պահպանությունը, վաճառում էժան գազ եւ թողնում է հայկական ապրանքներին եւ աշխատանքային միգրանտներին իր շուկան, եւ այլն եւ այլն:
Չնայած Մոսկվայի կողմից համագործակցության և պայմանավորվածությունների կոչին և նախազգուշացումներին՝ Արևմուտքը համառորեն անտեսում է, և շարունակում է առճակատման իր գիծը՝ Ռուսաստանի շուրջ թշնամական միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Արևմուտքի այս ռազմավարությունը նոր չէ, այլ իր պապերի 1918-1930 թվականների ռազմավարության շարունակությունն է, -բաժանիր և տիրիր։ Բանն այն է, որ Արևմուտքի ռազմավարական գիծը մնում է նույնը՝ չնայած նախագահների կամ վարչապետների ազգանունների փոփոխությանը, իսկ ահա Ռուսաստանի ռազմավարական գիծը անընդհատ փոխվում է, երբ երկրի ղեկավարի ազգանունը փոխվում է: Թրամփի ռազմավարական գիծը այնպիսին էր, ինչպիսին հիմա Բայդենի օրոք է։ Ստալինի ռազմավարական գիծը մեկն էր, Խրուշչովի ռազմավարական գիծը բոլորովին այլ էր, Ելցինի ռազմավարական գիծը մեկն էր, Պուտինի ռազմավարական գիծը բոլորովին այլ է: Հենց այդ պատճառով Արևմուտքը ռազմավարական առումով անընդհատ մեկ քայլ առաջ է Ռուսաստանից:
Comentários