top of page

Միայն կոմունիստները կարող են Հայաստանին վերադարձնել պետականությունն ու անկախությունը

Հայաստանի բոլոր իշխող ուժերը Հայաստանը դարձրել են կապիտալիստական երկիր և Արևմտյան իմպերիալիզմի մաս:

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Արդեն բավական ժամանակ է անցել, որպեսզի քաղաքական a posteriori փորձից ելնելով որոշակի հետևություններ արվի։ Խոսքը նրա մասին է, որ ստեղծված քաղաքական պայմաններում, ո՞ր քաղաքական ուժն ու գաղափարախոսությունը կարող են վերադարձնել Հայաստանի պետականությունն ու անկախությունը:


Այստեղ կարևոր է իմանալ, թե ովքե՞ր են մեր ընկերները, ովքեր են մեր թշնամիները: Իսկական բարեկամներին թշնամիներից տարբերելու համար պետք է վերլուծել Հայաստանի իշխող դասի վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ: Միանգամայն հստակ կարելի է ասել, որ Հայաստանի իշխող դասը միջազգային բուրժուազիայի վասալներն են: Նրանց շահերը միանգամայն անհամատեղելի են Հայաստանի պետության շահերի հետ։ Հայաստանի իշխող դասի շահերը ենթակա են արեւմտյան իմպերիալիզմի շահերին: Այս ամենի վառ օրինակն այն է, թե ինչպես Հայաստանի իշխող դասը՝ ի դեմս Փաշինյանի, առանց մարտի հանձնեց Արցախը և շարունակում է քայլ առ քայլ հանձնել Հայաստանի տարածքները Ադրբեջանին:


Նախ՝ Հայաստանի բոլոր իշխող ուժերը Հայաստանը դարձրել են կապիտալիստական երկիր և Արևմտյան իմպերիալիզմի մաս: Երկրորդ՝ Հայաստանի իշխող ուժերը մինչև 2018 թվականը, փորձում էին ընդհանուր լեզու գտնել, Արևմուտքին "համոզել" պահպանել ստատուս քվոն և Արցախը թողնել Ադրբեջանի կազմից դուրս: Սակայն Արևմտյան իմպերիալիզմն իր աշխարհաքաղաքական նպատակները հետապնդելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ՝ պնդում էր, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին։ Այսինքն՝ մի կողմից Արևմտյան իմպերիալիզմը Հայաստանի իշխող ուժերի բարեկամն է, քանի որ այն ֆինանսավորում է հայկական կապիտալիզմը, մյուս կողմից՝ նույն Արևմտյան իմպերիալիզմը հանդես է գալիս որպես թշնամի, քանի որ Հայաստանի իշխող ուժերից պահանջում էր հրաժարվել հայրենիքի մի մասից, Արցախը հանձնել Ադրբեջանին:


Հայաստանի իշխող ուժերին ըստ էության, 2018 թվականին վերջնագիր է ներկայացվել արեւմտյան իմպերիալիզմի կողմից: Կամ Հայաստանի իշխող ուժերը հնազանդորեն կատարում են Արևմուտքի կամքը՝ շարունակելով լինել Արևմուտքի կիսագաղութը հանձնում են Արցախը՝ դրա համար ստանալով ֆինանսական բոնուսներ, կամ էլ իշխող դասակարգը ընտրում է հայրենիքը, Հայկական լեռնաշխարհի այն հատվածը, որտեղ Հայաստանն ու Արցախն է, կտրում են իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ, հրաժարվում կապիտալիզմից և դառնում Կուբայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի նման անկախ երկիր:


2018 թվականին Հայաստանում Արևմուտքի ակտիվ աջակցությամբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Իշխանությունը Սերժ Սարգսյանից անցավ ծաղրածու Փաշինյանի ձեռքը: Այս պատմական իրադարձությունները պետք է մեկնաբանել այնպես, որ իշխող դասակարգի մեծ մասը ընտրել է Արևմտյան "երշիկը", Արցախի փոխարեն: Այսինքն՝ իշխող դասը ազգային բուրժուազիայի հետ միասին համաձայնել է, որ Հայաստանը հետագայում էլ լինի Արևմուտքի կիսագաղութը, որպեսզի Հայաստանում կապիտալիզմ լինի, որպեսզի Հայաստանը ֆինանսապես կախված լինի Արևմուտքից, և հանուն այդ ամենի նրանք հրաժարվեցին Արցախից։ Այսպիսով, Արցախն Ադրբեջանին, դավադրաբար հանձնելու օրինակը ցույց է տալիս Հայաստանի իշխող ուժերի իրական դեմքը։ Ստրկամտությունը, խոնարհվելը Արևմուտքի ու դոլարի առաջ գերազանցում են հայրենիքի, պետության, հայրենասիրության հասկացությունը։ Հիշեցնենք, որ կիսագաղութը ձեւականորեն անկախ երկիր է՝ թույլ զարգացած տնտեսությամբ, որը վերահսկվում է օտարերկրյա կապիտալի կողմից, որի արտաքին եւ ներքին քաղաքականությունը գտնվում է այլ պետությունների լիակատար ազդեցության տակ։ Հայաստանի իշխող լիբերալ ուժերը վաճառել են հայրենիքի մի մասը, որպեսզի հայրենիքի մյուս հատվածում հարուստ ապրեն:


Այս առումով տեղին է հիշել Ստալինի ելույթը Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարում։ Որի իմաստը, արդիական է մինչ օրս, -"Նախկինում բուրժուազիան համարվում էր ազգի ղեկավար, նա պաշտպանում էր ազգերի իրավունքներն ու անկախությունը՝ դրանք "ամեն ինչից վեր դասելով"։ Հիմա "ազգային սկզբունքից" հետք էլ չի մնացել։ Այժմ բուրժուազիան դոլարով վաճառում է ազգի իրավունքներն ու անկախությունը։ Ազգային անկախության և ազգային ինքնիշխանության դրոշը դուրս է նետվել։ Կասկած չկա, որ այդ դրոշը պետք է բարձրացվի ձեր՝ կոմունիստական և ժողովրդավարական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, և առաջ տանեք, եթե ուզում եք լինել ձեր երկրի հայրենասեր, եթե ուզում եք լինել ազգի ղեկավարող ուժը։ Ուրիշ ոչ ոք չի կարող այն բարձրացնել: Այսպիսին է, իրավիճակը ներկայումս": Այսպիսով, Ստալինի խոսքը 1952 թվականին կայացած համագումարում ճշգրտորեն համապատասխանում է մեր ժամանակների Հայաստանի եւ շատ այլ երկրների քաղաքական վիճակին:


Ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը, երբ ասում է, որ ինքը չի պարտվել Փաշինյանին, ինքը պարտվել է շատ ավելի հզոր ու ուժեղ ուժերին: Սակայն նա չի ասում այդ ուժերի անունները, որոնք կան շատ երկրներում, թեեւ արժեր նշել: Այս բոլոր սիոնիստական, պանթուրքական հակահայկական շրջանակները մտնում են Արևմտյան իմպերիալիստական աշխարհ, ծառայում և առաջ տանում Արևմուտքի շահերը, որոնք համապատասխանում են իրենց շահերին։ Այդ ուժերի անունը, որը չի ուզում հրապարակավ ասել Սերժ Սարգսյանը, ամերիկյան իմպերիալիզմ է: Գերհարուստների Ամերիկան է, ովքեր ցանկանում են դառնալ ավելի հարուստ, Ամերիկան է, ովքեր ցանկանում են կառավարել աշխարհը:


2018-ին Սերժ Սարգսյանը պարտվեց Արևմտյան իմպերիալիզմին։ Պարտվեցին Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, բոլոր այն հին ու ապագա քաղաքական ուժերը, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում էին ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության տեսքով: Թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը հանձնել իշխանությունը, և դրանով իսկ նա հանձնել է նաև Հայաստանն ու Արցախը, ավելի խորքային են։ Սերժ Սարգսյանն ուներ իշխանության պահպանման համար անհրաժեշտ բոլոր ուժերն ու ռեսուրսները (լեգիտիմ իշխանությունը, ոստիկանությունը, բանակը, հատուկ ծառայությունները, եւ այլն): Սերժ Սարգսյանը մեծ փորձ ուներ դիմակայելու պետական հեղաշրջումներին ու Արևմուտքի ճնշումներին։ Արևմուտքը բազմիցս փորձել է պետական հեղաշրջում իրականացնել, և 2008, 2013, 2015 և 2016 թվականներին։ Սերժ Սարգսյանի իշխանությունը, հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես է հեշտությամբ բնակչությունը ենթարկվում պոպուլիզմին, որոշեց ամրապնդել իր դիրքերը՝ 2015թ. երկիրը կիսանախագահականից վերածելով խորհրդարանական հանրապետության։


Սակայն չնայած այս ամենին՝ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ հանձնվեց։ Ինչու՞, պատճառն այն է, ամենայն հավանականությամբ, որ 30 տարվա ընթացքում ձեւավորվել է հասարակական աշխարհայացքը, առաջին հերթին իշխող շրջանակներում եւ բնակչության մեծամասնության մոտ, որ Արեւմուտքի կառավարման ներքո ապրելը լավ է: Որ նրանք ոչ մի կերպ չեն կարող, չեն ցանկանա ընդունել կյանքն առանց Եվրոպայի, առանց Արևմուտքի։ Նրանք այնքան են սովորել և ընդունել արեւմտյան սովորությունները, որ դարձել են Արեւմուտքի ստրուկները: Բավական է տեսնել, թե ինչպես է հայկական բուրժուազիան ամեն ինչում կապված Արևմուտքի հետ՝ բուժում, ուսուցում, հանգիստ, գնումներ, աշխատանք, տներ, ավտոմեքենաներ, բանկային հաշիվներ և այլն, որպեսզի հասկանալ որ հայկական բուրժուազիան, ամենայն հավանականությամբ, հոգին կվաճառի, քան կհրաժարվի Արևմուտքից։ Ինչ խոսք, եթե նույնիսկ ինքը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի եվրոինտեգրման ակտիվ կողմնակիցն էր: Նախագահ Սերժ Սարգսյանի առջև երկընտրանք է դրվել, կամ Արցախն անցնում է Ադրբեջանին, կամ Հայաստանը դուրս են բերում Արևմուտքի հետ ինտեգրացիոն գործընթացներից: Սերժ Սարգսյանն այդ ժամանակ որոշեց հրաժարական տալ։ Արևմուտքի հակահայկական ծրագիրը, փայլուն կատարեց հայ ժողովրդի թշնամի Փաշինյանը իր թիմի հետ:


Այնպես որ կյանքը ճիշտ ցույց տվեց իշխող դասի այդ մարդկանց իրական դեմքը, ովքեր հայկական Արցախը փոխանակեցին այն բանի համար, որ հետագայում ևս Հայաստանը մնա Արևմուտքի կիսագաղութը, որպեսզի չկտրվեն Արեւմտյան վարկերից, որպեսզի հետագայում ևս գնան Եվրոպա և Ամերիկա՝ վայելելու կյանքը: Փաշինյանի իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը մյուս արբանյակ կուսակցությունների հետ ստեղծել է հայրենիքի դավաճանների ճամբարը։ Նրանց առջև խնդիր չկա՝ լինել, թե չլինել կիսագաղութային ստրուկներ, իրենք իրենց արդեն ազգից դուրս են դրել։ Նրանց շահերը արևմտյան իմպերիալիստների շահերից չեն տարանջատվում։


Պատմության եւ փորձի հաստատած անվիճելի փաստ: Քանի դեռ Հայաստանը լինելու է Արևմտյան իմպերիալիզմի վերահսկողության տակ գտնվող կապիտալիստական երկիր, ապա չի լինելու Արցախը Հայաստանի հետ։

Հենց այդ պատճառով էլ ներկայիս ընդդիմադիր կուսակցություններն ի վիճակի չեն ինչ-որ բան փոխել։ Նրանք նույնիսկ դեմ չեն Փաշինյանի ստորագրած ապօրինի նոյեմբերի 9-ին հայտարարությանը, չեն ասում, որ կգան իշխանության և կհրաժարվեն այդ հայտարարությունից։ Նրանք նույն արևմտամետ մարդիկ են։ Նրանց թույլ չի տալիս հրաժարվել արևմուտքից իրենց ազատական, կապիտալիստական հայացքները, կյանքի ու քաղաքականության սկզբունքները։


Վերը նշվածից, կարելի է հստակ ասել, որ պետականության վերածննդի, Հայաստանի և Արցախի միավորումը, Հայաստանի բարգավաճման ճանապարհը կիրականացվի միայն սոցիալիզմի միջոցով: Սոցիալիզմն ու կապիտալիզմը հակադիր հասարակական համակարգեր են, որոնք բացառում են միմյանց։ Միշտ պետք է հիշել, որ չի կարող լինել իսկական քաղաքական անկախություն առանց տնտեսական անկախության։ Եվ դա հնարավոր է միայն սոցիալիզմի դեպքում:


Ի դեպ, պետք է ասել, որ նման իրավիճակում են գտնվում Ուկրաինան ու Վրաստանն: Եվ բոլորովին պատահական չէ, որ Ուկրաինայի ամերիկամետ իշխանություններն առաջին բանը, որ արել են, արգելել են կոմունիստական կուսակցություննը իրենց երկրում։ Նրանք շատ լավ հասկանում են, թե իրականում ով կարող է ընդդիմանալ Արևմուտքին, դրա համար էլ նրանք հարված են հասցնում կոմունիստներին, իսկ լիբերալներին ազատ են թողնում: Ամերիկամետ իշխանությունները լիբերալ կուսակցություններից սպառնալիք չունեն՝ լինի դա Ուկրաինայում, թե Հայաստանում:


Հայաստանում կան 100-ից ավելի քաղաքական կուսակցություններ, այդ կուսակցություններից ո՞վ կարող է մինչև վերջ, անհաշտ պայքարել Հայաստանի ազգային շահերի համար։ Պայքարել գաղութային տիրապետությունից ազատվելու և խամաճիկային պետության վերացման համար։ 2020 թվականի լիբերալ-ազգային շարժումը պատասխանել է այդ հարցերին։ Այն մերկացրեց լիբերալ-ազգայնական գործիչների անհետևողականությունը, փոխզիջումների հակվածությունը, ակտիվ ժողովրդական ելույթների վախը։ Այդ անիմաստ ելույթների ողջ փորձը ցույց տվեց, որ համազգային շահերի համար ամենահետևողական մարտիկը կարող է լինել Կոմունիստական կուսակցությունը։ Հենց Կոմունիստական կուսակցությունն է իր գաղափարախոսությամբ ի վիճակի մինչև վերջ պաշտպանել պետության արմատական շահերը և ժողովրդավարական ազատությունները։ Նման պայքարում անհրաժեշտ է գործի հեղափոխական կուսակցություն, այլ ոչ թե խոսողների լիբերալ կուսակցություն ։


1920 թվականին Հայաստանի ապստամբ գյուղացիներն ու բանվորները, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, ռուս մեծ ժողովրդի եղբայրական օգնությամբ, տապալեցին դաշնակցականների ու նրանց իմպերիալիստական տերերի արյունոտ իշխանությունը եւ հաստատեցին սովետական իշխանություն: Պատմական այդ մեծ ակտով հայ ժողովուրդը ոչ միայն ազատվեց ֆիզիկական բնաջնջումից, այլեւ ձեռք բերեց դարերով երազած պետականություն ու անկախություն:


Դրանով Հայաստանի Կոմունիստական կուսակցության պատմական առաքելությունն ու խնդիրները չավարտվեցին։ Կյանքը նոր խնդիրներ է դրել, եւ 100 տարի անց կրկին արդիական է Հայաստանի ազատագրումն արեւմտյան իմպերիալիզմի լծից:

Վերլուծելով քաղաքական գործընթացները՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ երկիրը ազատագրելու եւ պետականությունը վերականգնելու համար պետք է հաստատել ճիշտ և հուսալի ճանապարհ: Պետական ահաբեկչությունը, Փաշինյանի ռեժիմի կողմից իրավունքների, օրենքների եւ Սահմանադրության խախտման պայմաններում հանցավոր պետության հետ օրինական մեթոդներով քաղաքական պայքար մղելը պարզապես երևում է որպես հիմարություն:


Իր պատմական խնդիրների կատարման ճանապարհին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ներկայումս բախվել է հսկայական դժվարությունների ու խոչընդոտների: Երկար ժամանակ և մինչև այժմ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանդիսանում է արտաքին և ներքին հետադիմական ուժերի բազմաթիվ հարձակումների թիրախ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը շատ փորձությունների միջով է անցել, դա և Խրուշչովյան ռևիզիոնիզմն է, գորբաչովյան վերակառուցումը, Տեր-Պետրոսյանի ջարդերը, որտեղ վարկաբեկեցին ու կեղծեցին պատմությունը, այն դերը, որ ունեին կոմունիստները երկրի զարգացման գործում: Բացի այդ, խիստ փորձությունների ժամանակ պարզվել է, որ կոմունիստական կուսակցությունների շարքերում կային բազմաթիվ անդամներ, որոնք կուսակցական տոմս էին կրում գրպաններում, իսկ գիտակցության և գործերի մեջ իսկական հակակոմունիստներ էին: Բացի այդ, լիբերալների կառավարման 30 տարիների ընթացքում, Հայաստանի բնակչության մեծամասնության գիտակցությունը ԶԼՄ-ների միջոցով, կրթության և պետական քարոզչության համակարգի միջոցով ենթարկվել է դեֆորմացիայի: Շատերը տրվել են եւ ընդունել են այդ սադրանքները, որտեղ թշնամիները դարձան հերոսներ, իսկ հերոսները դարձան թշնամիներ: Բոլորովին պատահական չէ, որ Հայաստանի հասարակությունը քաղաքական պայքարը ընկալում է ոչ թե այդ ուժերի գաղափարական ու քաղաքական տարբերության, այլ հույզերի կամ խնամի-ծանոթ-բարեկամի դրույթներով: Օրինակ, շատ մարդիկ Հայաստանում դժգոհ էին իրենց տնտեսական վիճակից։ Ամեն անգամ այս գործոնը կարեւոր դեր է խաղացել Հայաստանում իշխանափոխության գործում: Սակայն, ցավոք, շատ մարդիկ, լսելով բուրժուազիայի գործակալներին, մտածում են, որ մի լիբերալ նախագահին փոխելով մեկ այլ լիբերալ նախագահի՝ կարելի է կյանքը փոխել դեպի լավը։ Կյանքը հակառակն է ցույց տալիս, լիբերալ Սերժ Սարգսյանին փոխելով լիբերալ Փաշինյանով, տնտեսական վիճակը ժողովրդի մոտ ավելի լավը չի դարձել, աղքատներն աղքատանում են, գործազուրկներն արտագաղթում են: Նույնը տեղի է ունենում Մեղրիի, Ստեփանավանի, Իջեւանի տեղական ընտրություններում, մարդիկ շատ լավ իմանալով, թե ով է Փաշինյանը, ինչ վնաս է հասցրել Հայաստանին Փաշինյանի քաղաքականությունը, այնուամենայնիվ, գնում եւ քվեարկում են Փաշինյանի կուսակցության թեկնածուների օգտին։ Պարզվում է, որ մարդիկ քվեարկում են նրանց օգտին, քանի որ այդ թեկնածուները հեղինակություն ունեն, նաեւ նրանք շատ տեղացիների համար ընկերներ եւ հարազատներ են: Այսպիսով, Հայաստանում մարդկանց մեծ մասը քաղաքականապես անգրագետ մարդիկ են՝ ընտրական ձայնի իրավունքով։ Դա նման է նրան, որ մարդկանց վարորդական իրավունք են տալիս առանց ճանապարհային երթեւեկության կանոնների իմացության: Այս ամենը, բնականաբար, հանգեցնում է ողբերգությունների: Հայ հասարակության դեբիլիզացիաի մակարդակն այնպիսի աստիճանի է հասել, որ նորմա է դարձել, երբ երկրի ղեկավարը խախտում է Սահմանադրությունն ու օրենքները, երբ բացահայտորեն սպասարկում է Հայաստանի թշնամիների շահերը եւ այլն: Չնայած այս բոլոր դժվարություններին՝ կոմունիստներն առավելություն ունեն բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։


Կոմունիստները պետք է ակտիվ մասնակցեն պայքարին եւ բացատրեն բոլորին, թե ինչի համար են պայքարում: "Դեռ ժամանակը չէ" այս տիպի արդարացումները վերջացան։ Հիմա, եկել է այդ ժամանակը, նախահեղափոխական ժամանակը: Պայքարի ծանր պահերն անխուսափելի են։ Այդ պահերին կոմունիստական կուսակցությունը պետք է ունենա պայքարի իր ուժերը, հարվածային ուժերը, և թիկունք, ունենա անհրաժեշտ քաղաքական, գաղափարական և նյութական միջոցներ։ Սոցիալիզմ կարելի է կառուցել միայն մեր ներքին թշնամիների և նրանց արտաքին իմպերիալիստական հովանավորների դեմ վճռական պայքարի միջոցով։ Միայն պայքարի միջոցով, կարելի է վերականգնել պետականությունն ու անկախությունը։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page